ԻՆՉՈՒ «ԱՐԵՎԻԿԻՑ» ԲԱԺԱՆՎԵՑԻՆ «ԱՐԵՎՆԵՐԸ»
Արխիվ 12-16ԻՆՉՈՒ «ԱՐԵՎԻԿԻՑ» ԲԱԺԱՆՎԵՑԻՆ «ԱՐԵՎՆԵՐԸ»

Օրերս կայացավ ,Արեւներե երգի փառատոնը, որը վերանվանվել է լուսահոգի Արմեն Դիվանյանի անվամբ: ,Իրավունքիե հետ զրույցում ,Արեւներե անսամբլի գեղարվեստական ղեկավար ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ կարեւորեց երգի փառատոնը, քանի որ այն հնարավորություն է ընձեռում մանկագիրներին ու կոմպոզիտորներին նոր մանկական երգեր ստեղծելու, ինչի կարիքն ըստ զրուցակցի, այսօր շատ ունենք: Բայց համույթի համար սա միակ` դեռեւս հաղթահարած խնդիրը չէ, քանի որ որոշ ժամանակ առաջ մարդիկ չէին տարբերում ,Արեւներինե ,Արեւիկե համույթից: Իսկ քչերը գիտեն` ,Արեւներե անսամբլը նույն ,Արեւիկըե չէ:
«ՓՆՏՐՈՒՄ ԷԻՆ ՈՒ ՄԵԶ ՉԷԻՆ ԳՏՆՈՒՄ «ԱՐԵՎԻԿՈՒՄ»»
-Տիկին Հովհաննիսյան, հիմա «Արեւնե՞ր», թե՞ «Արեւիկ»:
- Տարբեր են, ժամանակին` մոտ տասը տարի առաջ, Արմեն Դիվանյանի ղեկավարությամբ աշխատել ենք «Արեւիկում»: «Մանկական Եվրատեսիլից» հետո, 2009 թվականին, երբ մեր «Երազանքների բարի փերի» երգը 1 միավորով հայտնվեց 2-րդ տեղում, մտածեցինք, որ մեր սեփական խումբն ունենանք, որպեսզի ավելի ազատ լինենք մեր ծրագրի ընտրության, երեխաների քանակի եւ շատ այլ հարցերում: Այո, Ռադիոտանը վերականգնեցին «Արեւիկ» անսամբլը` որպես պետական կառույց, որը մի քանի տարի էր արդեն լուծարվել էր: Այնտեղ երեխաների թիվը սահմանափակ էր, իսկ մենք ունեինք երեխաների մեծ բանակ, որոնցից հրաժարվել չէինք կարող: Այդ իսկ պատճառով ստիպված եղանք առանձնանալ: Բայց չեմ կարծում, որ դա ինչ-որ էական փոփոխություն է տալիս, քանի որ աշխատանքը մնում է աշխատանք` լինի «Արեւիկ», «Արեւներ», թե` «Առվակ», մեր երեխաներն են, անում ենք մեր աշխատանքը ինչպես արել ենք «Արեւիկում», դրանից առաջ` «Առվակում»... Սկզբում էր բարդ` մեզ չէին զատում իրարից, փնտրում էին ու մեզ չէին գտնում «Արեւիկում»: Փառք Աստծո` մեր աշխատանքով կարողանում ենք քայլել ժամանակի հետ:
«ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԽԱՌՆԵԼ ԱՅԴ ԿԵՂՏՈՏ ԽԱՂԵՐԻ ՄԵՋ»
-Իսկ ափսոս չէ՞ր «Եվրատեսիլում» ունեցած հաջողությունը, որ դրանից հետո նման որոշում կայացրեցիք:
- Ամեն դեպքում, դա մեր նվաճումն է, կապ չունի հիմա առանձին ենք, թե` ոչ: Մեկ տարի մենք այդ երգի վրա աշխատել ենք ամեն մի տառի, հնչյունի, շարժումի ու հագուստի վրա, եւ դա էլի մերն է:
- Այդ դեպքում ինչո՞ւ 6 տարվա ընթացքում ոչ մի մանկական միջազգային մրցույթի չեք մասնակցել:
- Չեմ կարծում դա չափանիշ է, առանց այդ էլ, մեր աշխատանքն անում ենք: Հյուրախաղերով եղել ենք բազմաթիվ երկրներում, հիմա էլ պատրաստվում ենք մեկնել տարբեր երկրներ: Իսկ ինչ վերաբերում է «Մանկական Եվրատեսիլին», ապա ինձ համար մի քիչ փոխվել են այդ մրցույթի չափանիշները, դրա համար առայժմ առանձնապես ցանկություն էլ չկա մասնակցելու այդ մրցույթին: Ընդհանրապես, միջազգային այդ մանկական մրցույթներում, նույնիսկ «Մանկական Նոր ալիքում», սիրտս ցավում է, երբ նայում եմ, որ երեխաները երգում են Հյուսթոն, Բիոնսե... Չեմ կարողանում դա տանել: Ի՞նչ տարբերություն մանկական եւ մեծերի մրցույթների միջեւ, սահմանագիծ չկա: Եթե կոչվում են մանկական, ինչո՞ւ մանկական հիթեր չկան այդ մրցույթներում, չափերո՞վ են միայն տարբերվում մեծերից: Նայում ես փայլուն տվյալներով երեխաներ են մասնակցում, բայց կարծես մեծի տնազ, ծամածռություն անեն: Դրա համար կտրականապես դեմ եմ, որ երեխաները նման մրցույթների մասնակցեն: Ավելի լավ է մեկնենք փառատոների, երեխաները կշփվեն, ծանոթություններ ձեռք կբերեն, այլազգի հասակակիցների, արվեստի հետ կշփվեն, կծանոթացնեն մեր երկրի մշակույթի հետ, բայց ոչ թե մեկնեն այն ամպագոռգոռ մրցույթների, որտեղ երեխաները երեխա չեն: Չի՛ կարելի երեխաներին խառնել այդ կեղտոտ խաղերի մեջ:
«ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ՏԱՐՐԵՐ ՉԵՆՔ ՄԵԾԱՑՆՈՒՄ»
-Ձեր սաներն էլ ապագա հայտնի երգիչ-երգչուհիներն են դառնալու: Ի՞նչ եք անում, որ փրկեք վաղվա էստրադան, շոու-բիզնեսը...
- Չենք նախատեսում, որ շոու-բիզնեսի տարրեր ենք մեծացնում, հակառակը` մեզ ավելի շատ պետք է լավ հանդիսատես, որպեսզի թելադրի վաղվա շոու-բիզնեսին, թե ինչ պետք է երգեն: Հիանալի տվյալներով կիրթ երգիչներ ավարտում են Կոնսերվատորիան ու գնում մեկ այլ ճանապարհով: Ուզում եմ այնպիսի ժամանակ գա, որ այդ հանդիսատեսը թելադրի այլ երգեր: Այ, այդպիսի հանդիսատես ենք մեծացնում: Միշտ երեխաներին ասում եմ` լավ երգողին լավ ունկնդիր է պետք եւ հակառակը` լավ ունկնդրին, լավ երգիչներ: Ինչ-որ անհասկանալի բան է կատարվում, իրենց էլ մեղադրել չի կարելի:
«ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՐԳ ԳՐՈՂՆԵՐ ՉԿԱՆ»
-Իսկ ընդհանրապես ի՞նչ խնդիրների եք բախվում:
- Ընդհանրապես, երեխաների համար երգեր գրողներ չկան: Մեր փառատոնը նպաստում է դրան, արդեն մի քանի տարի է այդ հարցում մեզ աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը: Մրցանակային տեղեր զբաղեցրած բոլոր հեղինակները ստանում են դրամական պարգեւներ, ինչն էլ առիթ է հանդիսանում, որ հեղինակներն անընդհատ ստեղծագործեն: Ի վերջո, այդ երգերը վերածվում են ձայնասկավառակների, տեսահոլովակների եւ նոտաների ժողովածուների, որոնք տարածում են գտնում:
Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk