ՕՏԱՐԱԶԳԻ ԱԿՏԻՎԻՍՏ. «ԱՅՍՏԵՂ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՅՆՊԻՍԻՆ Է, ԻՆՉՊԵՍ «SISTEM OF A DOWN» ՌՈՔ ԽՄԲԻ ՀԱՄԵՐԳԻՑ ԱՌԱՋ ԷՐ»
Արխիվ 12-16ՕՏԱՐԱԶԳԻ ԱԿՏԻՎԻՍՏ. «ԱՅՍՏԵՂ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՅՆՊԻՍԻՆ Է, ԻՆՉՊԵՍ «SISTEM OF A DOWN»
ՌՈՔ ԽՄԲԻ ՀԱՄԵՐԳԻՑ ԱՌԱՋ ԷՐ»

Բաղրամյան փողոցում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարների շարքերում, որքան էլ կազմակերպիչները փորձում են զտել սադրիչներին, սակայն արդեն երկու-երեք օր է հայտնվել է մի շիկահեր օտարազգի, ով ամեն կերպ փորձում է կոնֆլիկտի մեջ մտնել ոստիկանության հետ: Ի վերջո, թե ով է իրականում այս աղջիկն ու ինչ նպատակ է հետապնդում, «Իրավունքը» փորձեց պարզել հենց նրանից: Ի դեպ, նա պնդեց, որ ազգությամբ ռուս է, այն էլ Մոսկվայից եկած, բայց ուներ ուկրաինական ազգանուն` ԼԵՆԱ ԱՎՍԵԱՆԵՆԿՈ:
–Ինչպես նկատեցինք, բավական ակտիվ մասնակցում եք այս օրերին տեղի ունեցող ցույցերին, ինչո՞ւ է Ձեզ այդքան հետաքրքրել հայկական սոցիալական այս պահանջը:
– Նախ նշեմ, որ ապրում եմ այս երկրում բավական երկար ժամանակ, եւ ցավում եմ, որ դեռեւս չեմ յուրացրել հայերենը: Հետեւաբար, շփվում եմ բոլորի հետ ռուսերեն, բայց լավ հասկանում եմ հայերեն: Ամուսինս հայ է` ՀՀ քաղաքացի, մենք ունենք երկու երեխա եւ ամեն ամիս վճարում ենք ծախսած էլեկտրաէներգիայի գումարը, ինչպես այստեղ գտնվող յուրաքանչյուր ոք:
– Ձեր ակտիվությունն այս ցույցի ժամանակ, բավական բացասաբար է ընդունվում, եւ այն ունի իր պատճառները: Գաղտնիք չէ, որ որոշ ուժերի կողմից ուղղորդված օտարազգիներ կարող են հայտնվել այստեղ ու ողջ աշխարհով մեկ աղաղակել, թե իբր Հայաստանում մայդան է:
– Անկեղծ ասած, այս օրերին չեմ տեսել եւ ոչ մեկի, ով այստեղ մայդան է պրոպագանդում: Բայց այդ մասին կարդացել եմ ռուսական լրատվամիջոցներում: Ինձ համար մայդան էր այն, ինչը տեղի է ունեցել Ուկրաինայում, եւ այն որեւէ կապ չունի այստեղ տիրող իրավիճակի հետ: Դրանք լրիվ տարբեր պատմություններ են եւ տարբեր երկրներ:
– Ձեր կարծիքով` ինչո՞ւ են որոշ ռուսական հեռուստաալիքներ այս ցույցերը լուսաբանում` ասոցացնելով այն մայդանային տրամադրության հետ:
– Ռուսական այդ լրատվամիջոցները նենգորեն ստում են եւ խեղաթյուրում իրականությունը: Ռուսական լրագրությունը, որն աշխատում է հեռուստատեսություններում, պարզապես, հետ է վարժվել աշխատել այլ կերպ: Իրենք ընդհանրապես չեն ստուգում փաստերը եւ եթեր են հեռարձակում այն, ինչն իրենց է ձեռնտու: Այսինքն` այն համաձայնեցվում է ներքին կամ արտաքին քաղաքականության հետ: Բայց պետք չէ ամեն ինչ խառնել իրար: Հիշենք, որ ուկրաինական մայդանում խոսքը իշխանափոխության մասին էր, իսկ այստեղ պարզապես, աղքատ երկրում մարդիկ չեն ուզում թանկ վճարել էլկեկտրաէներգիայի համար, հատկապես որ Հայաստանն ունի էլեկտրաէներգիա արտադրող ատոմակայան:
– Իսկ ի՞նչ կասեք արդեն մի քանի օր շարունակվող հանրահավաքում տիրող տրամադրությունների մասին:
– Հանրահավաքի տրամադրությունը նույնիսկ հաճելի է: Այստեղ իրավիճակը այնպիսին է, ինչպես «Sistem of a down» ռոք խմբի համերգից առաջ էր: Պարզապես, ցուցարարները կանգնած սուլում ու սպասում են ոչ թե ռոք խմբի, այլ իշխանությունների ադեկվատ արձագանքին, որը կլսի իր ժողովրդի ձայնն ու չի գնա էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.– Ի դեպ, երբ մենք փորձեցինք հարցերն ուղղել մայրենի լեզվով, պարզվեց, որ Լենան բոլորովին էլ հայերեն չի հասկանում, իսկ ցուցարարներից շատերը զարմանք էին արտահայտում, թե ինչու այս մի քանի օրվա ընթացքում այդպես էլ չտեսան նրա ՀՀ քաղաքացի ամուսնուն:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

