«ՖՐԵՍԿՈՆ» ԱՆԱԿՆԿԱԼ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16«ՖՐԵՍԿՈՆ» ԱՆԱԿՆԿԱԼ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Վաղը Կարապի լճի տարածքում կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 2-րդ փառատոնը: Երեկոյան Երեւանը վայելել ցանկացող երեւանցիները Կարապի լճում մասնակիցը կդառնան Սանկտ Պետերբուրգից ժամանակ ավազանկարչուհի Դարյա Կոտյուխի ավազե անիմացիայի դիտմանը, «Որդան կարմիր» ռոք խմբի համերգին, ինչպես նաեւ իրենց հետ տուն կտանեն «Ֆրեսկոյի» պատրաստած անակնկալը: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին նշեցին փառատոնի նախագահ ՇԱՀԵՆ ՆԱԶԱՐԵՆԿՈՆ, ծրագրերի ղեկավար ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, փառատոնի հատուկ հյուր ԴՄԻՏՐԻ ԲՐԻԿՄԱՆԸ եւ հոգեւոր խորհրդատու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ:
«Ընդամենը մեկ օր է՝ այստեղ եմ, բայց արդեն հմայված եմ Հայաստանով ու հայերով:
Այստեղ ներկայացնելու եւ խոսելու եմ ֆոտոթարգմանության մասին, որին հանգել եմ շատ երկար աշխատանք կատարելուց հետո: Դա այն է, երբ տեքստերը թարգմանում ենք լուսանկարների լեզվով: Ինձ մոտ դա հատկապես լավ է ստացվում հայկական դուդուկի երաժշտության ներքո, ինչի համար երախտապարտ եմ Ջիվան Գասպարյանին»,- ասուլիսի ընթացքում ուրախությամբ նշեց Դմիտրի Բրիկմանը: Անդրադառնալով փառատոնի նշանակությանն ու բովանդակությանը` Աննա Կարապետյանն ընդգծեց. «Փառատոնն ամեն մեկի համար իր նշանակությունն ունի. մեկի համար ֆիլմերի դիտումն է, մյուսի համար կամավորական աշխատանքը, երրորդի համար հաճելի մթնոլորտում քննարկումը եւ այլն: Վստահեցնում եմ, որ Կարապի լճից ամեն մեկը կհեռանա իր բաժին ձեռքբերմամբ»: Ի դեպ, նշենք, որ փառատոնն անցկացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ եւ խոսելով փառատոնի մասին Բագրատ Սրբազանը շեշտեց. «Շատ ողջունելի է, որ գոյություն ունի մի փառատոն, որը որոշել է անդրադառնալ հենց այս ոլորտին: Կարեւոր չէ, թե ֆիլմերում հատկապես ինչի մասին է խոսվում, արվեստն ինքնին հոգեւոր է, դա է կարեւորը»:
Հավելենք, որ «Ֆրեսկոյի» այս տարվա նորություններից մեկը «Հավատ առանց սահմանների» ֆոտոցուցահանդեսն է, որում ներկայացված են լինելու հայտնի իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի աշխատանքները, ինչպես նաեւ Հայ Առաքելական եկեղեցին ներկայացնող այլ լուսանկարներ: Փառատոնային 3 օրերին ցուցադրությունները կանցկացվեն Երեւանում՝ Կարապի լճի տարածքում, եւս 3 օր կտեւի վրանային կինոճամբարը, որն այս տարի հյուրընկալվում է Հառիճավանքում, իսկ հուլիսի 5-ին Էջմիածնում կկայանա փառատոնի փակման արարողությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk