«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ»
Արխիվ 12-16«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ»

Արդեն մի քանի օր է, ինչ Բաղրամյան փողոցի սկզբնամասում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարների 24 ժամյա ակցիան, եւ ինչպես իմաստուն ժողովուրդը կասեր. ,Եզը, որ ընկնում է, դանակավորները շատանում ենե: Ստեղծված իրավիճակից փորձում են օգտվել արեւմտյան ուժերն ու Հայաստանում մայդանի նախապատրաստություններ են տեսնում, սակայն դեռեւս միայն մի քանի սադրիչների փորձելով տեղավորել ցուցարարների շարքերում:
Ներքաղաքական եւ աշխարհաքաղաքական առումով այս ամենը, թե ինչպիսի զարգացումներ կունենա, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻՑ:
«ՄԱՐԴԻԿ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՉԵՆ ԶԲԱՂՎԵԼ ԻՐԵՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ»
–Պարոն Շիրխանյան, ցուցարարներն արդեն մի քանի օր է չեն հեռանում Բաղրամյան փողոցից: Ինչպե՞ս կգնահատեք ներկա իրավիճակը:
– Նախ պետք է նշեմ, որ որոշումն իրավացի չէր: Հայաստանում էլեկտրաէներգիայի իրական, շահութաբեր գինը չի կարող լինել ավելի քան 30 դրամ: Մարդիկ պրոֆեսիոնալ չեն զբաղվել իրենց պարտականություններով, իսկ արդյունքում ժողովրդին հանել են փողոց:
– Ըստ Ձեզ` հնարավո՞ր է, որ այս չմարող պայքարն ինչ-որ աշխարհաքաղաքական հետեւանքներ ունենա ու դառնա մայդան:
– Չգիտեմ, թե ինչպիսի խնդիր է դրել իր առաջ երիտասարդությունը, կամ ինչպիսի խնդիր է դրվել նրանց առաջ, եթե իհարկե դրվել է դրսից, բայց Հայաստանի համար մայդանը բոլորովին ցանկալի չէ:
«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԱՄԵՆՆ ՈՒՆԻ ՀԵՏ ՉՄՆԱԼՈՒ ՈՒ ԻՐԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ»
–Նույնիսկ միջազգային մամուլն է անսքող ցանկություններ հնչեցնում, որ Հայաստանում մայդանային տրամադրություններ կան: Որքանո՞վ է հավանական, որ ցուցարարները կտրվեն այդ սադրանքներին:
– Կան երկրներ, կան ուժեր, որոնք կուզենային, որ Հայաստանում մայդան լիներ, բայց առաջին հերթին հայերը պիտի դա չուզենան: Ի վերջո, մայդանը Հայաստանի ազգային շահերին միանգամայն հակասող, միանգամայն վնասող երեւույթ է: Մենք պետք է ամեն կերպ խուսափենք դրանից:
– Երբ Բաղրամյան փողոցում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ եղած լարվածությունը սրվեց, միայն հաջորդ օրն այնտեղ հայտնվեցին ընդդիմության ներկայացուցիչները: Բաղրամյան փողոցում այս օրերին նրանց ներկայությունը սպասում է զարգացումներից դիվիդենտներ քաղելո՞ւ, թե դրանով այլ խնդիր են փորձում լուծել:
– Ընդդիմությունն ընդամենն ունի հետ չմնալու ու իրեն ցույց տալու ցանկություն: Նրանք կարող էին այդ նույն խնդիրները ժամանակին բարձրացնել եւ ոչ թե սպասել, որ երիտասարդությունը դուրս գար փողոց:
«ՊԵՏՔ Է ԼՈՒՐՋ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿՎԵՆ` ԺՈՂՈՎՐԴԻ ՎԻՃԱԿԸ ԹԵԹԵՎԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
–Բայց, այնուամենայնիվ, նրանց կհաջողվի՞ այս անգամ ցույցի ղեկն իրենց ձեռքը վերցնել, երբ ցուցարարների կողմից դժկամությամբ ընդունվեց անգամ նրանց մասնակցությունը:
– Չեմ կարծում, որ «ընդդիմություն» ասվածը պետք է բաժանել մի քանի մասերի` երիտասարդ ցուցարարներ եւ այլն: Եթե ընդդիմությունն ունի քաղաքական ծրագիր, Հայաստանի համար դրանք ինչ-որ տեղ միշտ հատվում են:
– Իսկ ինչպիսի՞ ավարտ եք տեսնում:
– Կարծում եմ, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը հայ ժողովրդի շահերին հակասող է: Այն պետք է չեղյալ հայտարարվի, բայց դա էլ շատ քիչ է: Պետք է հաշվի առնել, որ Հայաստանն ավելի լուրջ խնդիրներ ունի, որոնք պետք է բարձրացվեն ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության կողմից: Հիմա արդեն պարզ դարձավ, որ հասարակությունը չի հանդուրժի, հետեւաբար պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն` ժողովրդի վիճակը թեթեւացնելու եւ երկրի տնտեսական զարգացումն ապահովելու համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk