ԵԽԽՎ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏՎԻՐԱԿԸ ԿՐԿԻՆ ԲԱՐԲԱՋԵԼ Է ԼՂ-Ի ՈՒ ՀԱՐԱԿԻՑ 7 ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ԵԽԽՎ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏՎԻՐԱԿԸ ԿՐԿԻՆ ԲԱՐԲԱՋԵԼ Է ԼՂ-Ի ՈՒ ՀԱՐԱԿԻՑ 7 ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավունքին» հաջողվեց պարզել, որ երեկ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ազատ քննարկման ձեւաչափում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ եվրոպացի խորհրդարանականներին է փոխանցել հետեւյալ ուղերձները` ԼՂՀ պատգամավորների կողմից ԵԽԽՎ-ի հետ համագործակցության եւ ՀՀ խորհրդարանի` «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանությունների» միջազգային հարթակ ստեղծելու նախաձեռնությունների մասին:
Իսկ մինչ այդ, իր ելույթում տիկին Նաղդալյանը հակադարձել է ադրբեջանցի պատվիրակներից մեկին, ով անդրադարձել էր Չիրագովի գործին առնչվող դատարանի որոշմանը` վերջինիս խոսքերը որակելով ամբողջությամբ մտացածին եւ կեղծ: Մասնավորապես, ադրբեջանցի պատվիրակը հիշատակել էր «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործը` համարելով այն Ղարաբաղի եւ հարակից յոթ շրջանների օկուպացիայի իրավական այլեւս հաստատված հիմք: ԱԺ փոխնախագահը փաստել է, որ ադրբեջանցիների կողմից հարցերի միակողմանի ներկայացման տարածված պրակտիկա կա` առաջարկելով նրանց խոսել ՄԻԵԴ այն որոշումներից, որոնք Ադրբեջանի դեմ են` ինչպես փախստականների, այնպես էլ քաղաքական հետապնդումների մասով:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարն արձագանքնելով ադրբեջանական բարբաջանքներին` իր ելույթում շեշտել է. «Որեւէ խոսք չկա Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի մասին: Դա պարզապես չի համապատասխանում իրականությանը: Հետաքրքիրն այն է, որ ադրբեջանցի գործընկերը մոռանում է նշել նույն թեմայի վերաբերյալ Ադրբեջանի դեմ վճիռը: Բացի այդ, կան մի շարք վճիռներ Ադրբեջանի դեմ, որոնցում դատարանը Ադրբեջանին շարունակ կոչ է արել ազատ արձակել լրագրողներին, քաղաքական ակտիվիստներին, Բաքվի ԵԽ դպրոցի տնօրենին: Սակայն, ըստ երեւույթին, այդ դատողությունները չեն հետաքրքրել իմ ադրբեջանցի գործընկերոջը, ով փորձում է կեղծ տեղեկություններ տարածել դատարանի վճիռների մասին»:
Ապա Հ. Նաղդալյանը ներկայացրել է երկու ուղերձ. «Վերջերս Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի իմ գործընկերների խնդրանքով` ձեզ եմ ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հայտարարությունը: Հայտարարությունը ապագայի մասին է, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պատրաստակամության` կառուցելու իրենց երկիրը համագործակցելով այս մարմնի հետ` նրա սկզբունքների եւ արժեքների հիման վրա, որոնք նրանք կիսում են: Անարդար է անտեսել այս ժողովրդին` իրենց Հանրապետության կարգավիճակի պատճառով: Նրանք Եվրոպայի մասն են, երիտասարդ ժողովրդավարություն են, որոնք երբեք չեն դառնա այն երկրի մասը, որտեղ իշխում է ժառանգական ավտորիտար ռեժիմը: Չնայած անցկացված ընտրություններին, որոնք, ըստ միջազգային բազմաթիվ դիտորդների` լիարժեք ժողովրդավարական չափանիշներին համապատասխան են եղել, Լեռնային Ղարաբաղը մեր կարիքն ունի`իր ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու եւ ամրապնդելու համար»: Այնուհետեւ, տիկին Նաղդալյանը դիմել է Վեհաժողովի ողջ ղեկավարությանը, ինչպես նաեւ քաղաքական խմբերի նախագահներին ու 47 երկրների ներկայացուցիչներին` խնդրանքով. «Ուշադիր կարդացեք ԼՂՀ Ազգային ժողովի հայտարարությունը եւ կզգաք այդ հանրապետության ժողովրդի ձգտումները: Մեր Վեհաժողովը կարող է անմիջական շփումներ նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի հետ` անկախ նրա կարգավիճակից` խթանելու մարդու իրավունքները, ժողովրդավարական սկզբունքները եւ օրենքի գերակայությունը: Եվրոպայի խորհուրդը ունի նման փորձ Եվրոպայի եւ աշխարհի այլ հատվածներում: Եկեք որոշ ժամանակով մոռանանք երկակի ստանդարտները, եւ թող մեզ առաջնորդեն մարդասիրական ու ժողովրդավարական արժեքները: Եվրոպայում յուրաքանչյուր ոք պետք է պաշտպանված լինի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եւ այլ համապատասխան փաստաթղթերով»:
Անդրադառնալով երկրորդ ուղերձին` ԱԺ փոխնախագահը նշել է. «Իմ երկրորդ ուղերձն առնչվում է ՀՀ Ազգային ժողովի նախաձեռնությանը: Դուք տեղյակ եք, որ այս տարի նշվեց Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը: Մենք շնորհակալ ենք այն երկրներին եւ միջազգային կազմակերպություններին, որոնք իրենց աջակցությունը ցուցաբերեցին եւ զորակցությունը հայտնեցին այդ օրերին: Հիրավի, կարեւոր է մեզ համար զգալ, որ, ի վերջո, մենք միայնակ չենք, եւ որ միջազգային հանրությունը եւ մեր ընկերները կանգնած են մեր կողքին: Հարյուր տարի անց աշխարհը ապահովագրված չէ ցեղասպանություններից: Եթե 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ճանաչվեր եւ դատապարտվեր, մենք կարող էինք խուսափել մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնություններից: Լինելով ցեղասպանություն վերապրած ազգ` մենք պատասխանատվություն ենք զգում նախաձեռնելու միջազգային արշավ ցեղասպանությունների դեմ: Ժողովրդի կողմից ընտրված լինելով , մենք` խորհրդարանականներս, պետք է առաջ մղենք այդ ջանքերը: Մենք հավատում ենք, որ միջազգային խորհրդարանական ամբիոնը համագործակցության արդյունավետ գործիք է` մարդկության դեմ բոլոր տեսակի հանցագործությունների համատեղ պայքարում: Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանությունների» պլատֆորմ: Մենք կոչ ենք անում բոլորիդ միանալ այս նախաձեռնությանը: Համապատասխան նամակներ կուղարկվեն ԵԽ անդամ պետություններին, ինչպես նաեւ, ամբողջ աշխարհի խորհրդարաններին: Հավատացած եմ, որ կմիանաք այս հարթակին` միասին այս աշխարհը դարձնելու ապահով ու ավելի լավ վայր»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk