«ԶՎԵԶԴԱ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԱՍՏՂԸ ՄՆԱՑ ԱՆՄԱՅԴԱՆ
Արխիվ 12-16«ԶՎԵԶԴԱ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԱՍՏՂԸ ՄՆԱՑ ԱՆՄԱՅԴԱՆ
Բաղրամյան փողոցում շարունակվող ցույցերը մեծ հետաքրքրություն են առաջացրել միջազգային մամուլում եւ վերջիններս «բորշչի մեջ մազ փնտրելու» սկզբունքով մայդան են փնտրում երեւանյան փողոցներում: Այդպիսի մի ուշագրավ դեպք էլ տեղի ունեցավ նաեւ «Զվեզդա» ռուսական հեռուստաալիքի լրագրողի հետ: Մինչ ցուցարարները երգում ու բերդ էին պարում, իսկ ոստիկանության կազմած պատի առջեւ գնալով ավելանում բարձրաստիճան հոգեւորականները, մտավորականները, շոուբիզնեսյան դեմքերն ու քաղաքական գործիչները, ռուս լրագրողը բացահայտ խեղաթյուրում էր իրականությունը: Կազմակերպիչների հենց քթի տակ գնում ու գալիս էր եւ տեսախցիկի առաջ հայտարարում, որ այստեղ միմյանց են ջարդում, սադրում ու Երեւանը հիմա-հիմա կվերածվի մայդանի: Սա, իհարկե, երկար չհանդուրժեցին ցուցարարները ու ստիպված եղան հենց իր իսկ տեսախցիկի առաջ բացատրել, որ տեղի ունեցող ցույցն ընդամենը սոցիալական պահանջ է ու խաղաղ ակցիա: Իսկ հետեւում ոչ թե ահաբեկիչներ են, այլ երգող ու պարող երիտասարդներ: Ոչինչ չարտահայտող դեմքով ռուս լրագրողը, կարծես թե, ինչ-որ բան հասկացավ ու մնալով անմայդան` տեսախցիկն անջատեց եւ օպերատորի հետ հեռացավ Բաղրամյան փողոցից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk