ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵԺ ԱՐԵՎԱԴԱՐՁ. ՄԱՅԴԱՆԱՅԻՆ ԳԻՇԱՆԳՂՆԵՐ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Արխիվ 12-16ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵԺ ԱՐԵՎԱԴԱՐՁ. ՄԱՅԴԱՆԱՅԻՆ ԳԻՇԱՆԳՂՆԵՐ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ


ԵՐԵՎԱՆ 2015 ԿԻԵՎ 2014
«Էլեկտրական» բողոքի ակցիաների շուրջ լրատվական դաշտում անընդհատ պտտվում է «մայդան» բառը: Ուկրաինացիները հրճվանքով գրում են «հայկական էլեկտրամայդանի» մասին, որոշ ռուսներ տագնապում են այդ նույն «էլեկտրամայդանի» կապակցությամբ` Կիկոսի մահ ողբալու ունակությամբ գերազանցելով հայերիս, արեւմտյան մամուլն է լեփ-լեցուն «հայկական մայդանի» մասին հոդվածներով: Այն աստիճանի լեցուն, որ Սերժ Թանգյանը հատուկ հորդորով դիմել է ԶԼՄ-ներին «չքաղաքականացնել հայաստանյան սոցիալական բողոքները»: Դե, բնականաբար, ադրբեջանական քարոզիչներն էլ իրենց լուման ներդնում են:
ՈՎՔԵՐ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ՆՅՈՒԹԱԿԱՆԱՑՆԵԼ ՄԱՅԴԱՆԻ ՍՏՎԵՐԸ
Մայդան բառից արդեն զզվել են բոլորը, իսկ այդ բառը լսելուն պես, հենց իրենք` ցուցարարները, պատրաստ են ասողին կտոր-կտոր անել` որպես վիրավորանք հասցնող: Սակայն, ինչպես հայտնի է, միտքը ու առավել եւս խոսքը նյութականանալու հատկություն ունեն: Առավել եւս այն ժամանակ, երբ նյութականացման ցանկացողների պակաս չկա: Պարզ է, որ նույն ամերիկացիների համար այդ նյութականացումը շատ ցանկալի կլիներ:
Մայդանային մուրազներ են փայփայում եւ մեր արեւմտամետները` ՀԱԿ-ով սկսած «Ժառանգությունով» ու «Հիմնադիր խորհրդարանով» վերջացրած, նույն երազանքներն ունեն եւ տարատեսակ գրանտածիծները:
Օրինակ` ինչո՞ւ «կողքից» տեղ են զբաղեցրել ընդդիմադիր պատգամավորները: Ճիշտ է, այս պահին երիտասարդ ցուցարարները լսել անգամ չեն ուզում նրանց մասնակցության մասին եւ ընկալելի են համարում միայն որպես «կենդանի պատ»` իրենց եւ ոստիկանների միջեւ, կամ ծայրահեղ դեպքում, որպես շարքային ցուցարար, բայց եթե ինչ-որ շիլա եփվի, ապա միգուցե արեւմտամետների բախտը բանա: Նույնը եւ տարատեսակ սաքունցներն ու հաստիքային շպիոնօնիկները: Այնքան վառված ֆիգուրներ են, որ այս պահին, երբ ամեն ինչ խաղաղ է, չեն կարող երազել անգամ որեւէ դերակատարության մասին եւ դիտորդի պես գալիս կանգնում են ծրագրողների կողքը: Նրանց համար էլ միակ շանսը` որեւէ խառը իրավիճակն է:
Հայտնվեց եւ Պորոշենկոյի հայկական անալոգը` օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը մի ամբողջ գիշեր զրուցեց երիտասարդների հետ` շարժման կազմակերպման թեմայով: Բնականաբար, խաղաղ վիճակում օլիգարխներն էլ այդ երիտասարդներին պետք չեն:
Նաեւ դրսից է անընդհատ բզբզվում: Օրինակ, նմանատիպ պահանջով Սփյուռքի տարբեր համայնքներում տեղի ունեցան ցույցեր` Հայաստանի հյուպատոսարանների դեմը: Դե արի ու մի ասա` եթե այդքան սրտացավ ու մտահոգ եք, մշտական բնակություն հաստատեք Հայաստանում եւ այդ ժամանակ ինչքան ուզում եք ցույց արեք: Բայց ամենազավեշտալին` վրացիներն ու ուկրաինացիները ցույցեր արեցին` Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Հատկապես զավեշտ է ուկրաինացիների «համերաշխությունը», քանզի իրենց մոտ սակագինը ոչ թե 17 տոկոս է բարձրացած, այլ մի քանի անգամ, ու չես կարող չհիշել քաչալի դարմանի մասին հայտնի խոսքը: Պարզ է, որ իրականում սրտացավ են ոչ թե մեր ժողովրդի սոցիալական վիճակի վերաբերյալ, այլ համերաշխություն են հայտնում մի գործընթացի, որը հույս ունեն մայդանի վերածված վիճակում տեսնել:
Այսինքն` Բաղրամյան պողոտայի շուրջ պտտվող եւ սեփական բաժնի ակնկալիք ունեցող լեշակեր գիշանգղներ են երամներով պտտվում: Ու նաեւ սադրանքների դրսեւորումներ կան: Այսպես, ցուցարարների ներկայացուցիչ Վաղինակ Շուշանյանը հայտնել է, որ ՀԱԿ-ի անունից տարածվել են ինչ-որ թռուցիկներ, որոնք ՀԱԿ-ի պնդումով` ՀԱԿ-ի հետ կապ չունեն: Հիմա ո՞վ է դրանք տարածել, ի՞նչ նպատակով, միգուցե հենց ՀԱԿ-ն էլ տարածել է` այնուհետ ուրացել... Կարեւորը դա չէ, կարեւորն այն է, որ առկա է երեւույթը` ցուցարարների մեջ սադրիչներ կան: Այսինքն` տարատեսակ տհաճ անակնկալները ամենեւին էլ բացառված չեն:
ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՐՁԵՐԸ
Արդեն առիթ ունեցել ենք հիշատակելու ամերիկյան դեսպանի ու մի շարք այլ դեսպանների` մեր գործերի մեջ քիթը խոթելու երեւույթը: Ըստ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի` «Տարբեր դեսպանատներ, դեսպաններ եւս սկսել են վերջին ժամանակներս տարօրինակորեն ակտիվանալ: Մի առիթով ասել եմ ու այժմ էլ բարձրաձայնում եմ` օտարերկրյա դեսպանները պետք է բացառապես զբաղվեն իրենց դիվանագիտական գործունեությամբ ու չխառնվեն մեր երկրի ներքին գործերին»:
Ի տարբերություն արեւմտյան դեսպանների` ռուսները պաշտոնական մակարդակով շատ զուսպ են արձագանքում: Ըստ դեսպան Իվան Վոլինկինի` խնդիրը պետք է կարգավորվի բացառապես իրավական հարթության վրա. «Այս հարցը պետք է քննարկվի բանակցությունների սեղանի շուրջ, որը ոչ մեկ անգամ առաջարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանում լինի կայունություն, քանի որ երկիրը կարող է զարգանալ բացառապես կայուն պայմաններում»: Զուսպ են նաեւ ՌԴ փոխարտգործնախարար Կարասինի եւ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովի արձագանքները:
Սակայն դժվար է բարվոք որակել ռուսական լրատվական դաշտի արձագանքը: Որոշ հեռուստաալիքներ տալիս են գրգռիչ նյութեր, որ ստիպում են ակամա հիշել 1988-1991թթ. խորհրդային կենտրոնական ալիքների վիրավորական հաղորդումները: Ու այդ ասպարեզում ամենից շատ աչքի էր ընկել հայկական ազգանունով ոմն, ինչպես կասեր ժողովուրդը, շուռ տված` Վիտալի Հարությունյան անուն-ազգանունով: Դա էլ, թերեւս, արտահայտում է այն, որ նույն Մոսկվայում տարբեր խմբավորումներ տարբեր շահ են հետապնդում` ոմանք սեփական երկրում են մայդան տենչում, էլ ուր մնաց, որ առիթը բաց թողնեն եւ չփորձեն Հայաստանում հակառուսական տրամադրություններ բորբոքել, ոմանք փորձարկում են, թե ինչպես կվերաբերվի հայ հանրությունը ռազմավարական գործընկերությունից վասալական փոխհարաբերությունների անցնելու գաղափարին, ոմանք էլ բութ են կամ ալարկոտ եւ գերադասում են շտամպներով խոսել` նյութի շուրջ ինքնուրույն խորհելու փոխարեն: Բայց Գրիգորի Կարասինի ելույթից հետո գրգռիչ նյութերի կտրուկ պակասեցում է զգացվում, եւ կարելի է ենթադրել, որ ՌԴ իշխանության մակարդակով լրատվական հսկաներին «հոգնա» է դրվել եւ հանձնարարվել խոսքի հետ զգույշ եւ շրջահայաց վարվել, երբ խոսվում է Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակցի մասին:
Բայց շատ կեղծավոր հնչեցին ԵԽԽՎ-ի եւ ՄԱԿ-ի հորդորները ցուցարարներին եւ ոստիկաններին` իրար նկատմամբ բռնություն չգործադրելու, ու մինչ տիրաժավորվում է այդ կեղծ մտահոգությունը, որի տակ ավելի շուտ ջուրը պղտորելու ցանկություն կա, «Ֆոտոլուրը» տարածեց լուսանկարներ, թե ինչպես Բաղրամյան պողոտայում ոստիկաններն ու երիտասարդ ցուցարարները ֆուտբոլ են խաղում:
ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՎԵՐԸ
Եվ այսպես, այժմ թեեւ երեւանյան բողոքների ու մայդանների միջեւ առկա է ընդամենը արտաքին նմանություն` մարդաշատության եւ «Նուլանդի պեչենիների» բաժանելու տեսքով, չափազանց շատ են նրանք, ովքեր տենչում են բովանդակային ընդհանրության: Ուստի պահանջվում է զգոնություն, պատասխանատվություն եւ կազմակերպվածություն` ինչպես համապատասխան պետական կառույցների, մասնավորապես ոստիկանության, այնպես էլ հենց բողոքի մասնակիցների կողմից:
Մինչդեռ ականատես ենք կոլեկտիվ անպատասխանատվության անթույլատրելի շքեղությանը: Այսպես, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանից, հենց իրադարձության ինտերնետ եթերում լսեցինք ոստիկանության կողմից անցկացվող «անտեսանելի աշխատանքի» եւ սադրիչներ հայտնաբերելու մասին: Բայց նույն փոխոստիկանապետի խոսքից պարզ է դառնում, որ սադրիչներին ոչ թե բերման են ենթարկում, այլ հեռացնում կամ... հանձնում ցուցարարներին: Լավ, հանձնում եք ցուցարարներին, որ ի՞նչ անեք: Պատասխանատվությունը ձեր վրայից գցում եք, երիտասարդներին էլ մղում եք ինքնադատաստանների պրակտիկայի՞: Արդյո՞ք այդպիսի անպատասխանատվությունը հանդուրժելի է որեւէ ուժային կառույցի պարագայում:
Կոլեկտիվ անպատասխանատվությունը տիրում է եւ ցուցարարների միջավայրում: Թեեւ կայացրել եւ իրականացնում են լուրջ եւ հետեւանքներով հղի որոշում` փակել են Բաղրամյան պողոտան (ճիշտ ու սխալի հարցն այստեղ չենք քննարկում), բայց մինչեւ հիմա իրենց միջից չեն առանձնացրել առաջնորդ կամ պաշտոնական կազմկոմիտե, որն ընդունում է որոշումներ եւ այդ որոշումների համար պատասխանատվություն ստանձնում: Հենց այդ կոլեկտիվ անպատասխանատվության արգասիքն է, որ չընդունվեց ՀՀ նախագահի առաջարկը` գալ հանդիպման 4-5 հոգանոց պատվիրակությամբ, հենց այդ անպատասխանատվության հետեւանքն է եւ այն, որ ընտրվեց իշխանության հետ վերջնագրերով խոսելու տարբերակը, ինչը նույն իշխանությանը զրկում է ցուցարարներին պահանջին ընդառաջ գնալու հնարավորությունից եւ դրանով աճում է բախումների հավանականությունը: Հենց այդ անպատասխանատվության հետեւանքով է նաեւ, որ շուրջօրյա բողոքի վայրը այժմ ոչ թե Ազատության հրապարակն է, ինչին հակված էր ցուցարարների մեծամասնությունն ի սկզբանե, այլ` Բաղրամյան պողոտան:
Կարճ ասած` կոլեկտիվ անպատասխանատվության «հարմարավետությունը» հանգեցնում է նրան, որ իրականում հեշտանում են տարատեսակ մանիպուլյացիաները, իսկ որ մանիպուլյացիայի գործին տիրապետողների պակաս չկա, դա ակնհայտ է: Ու եթե շարունակվի երկուստեք կոլեկտիվ անպատասխանատվությունը, ինչպես ոստիկանների, այնպես էլ ցուցարարների կողմից, ապա դա միայն ու միայն նպաստում է մայդան երազողների բաղձանքի նյութականացմանը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk