«ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ`ԻԼԻՊ-Ի ԶԻՆՅԱԼՆԵՐԸ ՀԱՍՆԵՆ ՆԱԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՐԱԿԻՑ ՇՐՋԱՆՆԵՐ»
Արխիվ 12-16«ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ`ԻԼԻՊ-Ի ԶԻՆՅԱԼՆԵՐԸ ՀԱՍՆԵՆ ՆԱԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՐԱԿԻՑ ՇՐՋԱՆՆԵՐ»
«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական կառույցի զինյալները վերջին շրջանում ոչ թե հաջողություն, այլ կարծես թե կորուստներ են ունենում: «Իրավունքի» հետ զրույցում արաբագետ Արմեն Պետրոսյանն անդրադառնալով Մերձավոր Արեւելքում` մասնավորապես Սիրիայում տիրող իրավիճակին, ասաց, որ ռազմական գործողություններն ընդգրկում են ավելի մեծ տարածք: ԻԼԻՊ-ի կորուստներ ունենալը պայմանավորված է ԻԼԻՊ-ի դեմ որդեգրված նոր մոտեցումներով: «Իսլամական պետության դեմ պայքարում են ոչ միայն քրդերը, այլեւ ԻԼԻՊ-ի դեմ ստեղծված միջազգային ռազմական կոալիցիան: Քրդերը դիտարկվում են նաեւ ԱՄՆ-ի եւ միջազգային կոալիցիայի կողմից որպես Թուրքիայի դերակատարությունը նվազեցնող գործոն»,- վերլուծում է արաբագետը:
Ինչ վերաբերում է թուրք-սիրիական սահմանի սիրիական մասում գտնվող Քոբանի քաղաքի վրա հարձակվելուն, վերլուծաբանի խոսքով`իսլամական պետության զինյալները կրել են հակակառավարական ուժերի հադերձներ եւ ներխուժել քրդերի կողմից վերահսկվող Քոբանի, ահաբեկչական գործողություններ կատարել: « Թեեւ այս ամենի թիկունքում կանգնած էր Թուրքիան, բայց դա լայնամասշտաբ հարձակում չէր, բայց այս գործողությամբ Թուրքիան ցույց տվեց` իր համար ԻԼԻՊ-ը գործոն է քրդերին զսպելու համար:
Սիրիան ԻԼԻՊ-ի գործողություններին հակադարձելու հարցում, մեր զրուցակցի խոսքով չեզոք դեր ունի, քանի որ բախումներն Արեւմուտքի աջակցությունը վայելող քրդերի, Սիրիայի հակառավարական ուժերի եւ ԻԼԻՊ-ի միջեւ են:
Այս պահին ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայի կենտրոնական շրջանում են, հարավում ունեն մի փոքր հաջողություն, բայց Սիրայի հյուսիսում պայքարը տանուլ են տալիս, որից շահում են միայն քրդերը:
Արմեն Պետրոսյանը, անդրադառնալով այն հայտարարությանը, թե իսլամական պետության զինյալները կարող են հասնել մեր տարածաշրջան եւ անգամ Հյուսիսային Կովկաս, արաբագետի խոսքով` իրատեսական է այս հայտարարությունը: Իսկ ինչ հետեւանքներ կլինի, կախված է զարգացումներից: «Եթե ԻԼԻՊ-ը ցանկանում է հաստատվել Հյուսիսային Կովկասում, դա բպում է Արեւմուտքի շահերից, ով ցանկանում է ՌԴ-ի դեմ դիմադրության օջախներ ունենալ: Չի բացառվում, որ ԻԼԻՊ-ը փորձ անի հաստատվել նաեւ Չինաստանին հարող շրջաններում»,- եզրափակեց վերլուծաբանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk