ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ «ՎԱՆԱ ԿԱՏՈՒ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ ԽԱՂԱՑԻՆ ԷՔՍՏՐԵՄԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Արխիվ 12-16ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ «ՎԱՆԱ ԿԱՏՈՒ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ ԽԱՂԱՑԻՆ ԷՔՍՏՐԵՄԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Հաճախ է խոսվում, որ մարզային հանդիսատեսն անտեսված ու հեռու է մայրաքաղաքի մշակութային անցուդարձից, հատկապես սահմանապահ քաղաքներում ու գյուղերում: Հենց այդ կարծրատիպը կոտրելու համար օրերս դերասան, դրամատուրգ եւ բեմադրիչ ԼԻԱՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆՆ իր «Վանա կատու»` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված, ներկայացման անձնակազմով ուղեւորվել էր Նոյեմբերյան: Գաղտնիք չէ մարզային թատրոնների ու մշակույթի տների անմխիթար վիճակը, բայց չնայած տեխնիկական անհարմարությանը, պրոֆեսիոնալ դերասանական կազմը, կարելի է ասել, ներկայացումը խաղաց էքստրեմալ պայմաններում, սակայն սիրով ու նվիրումով, քանի որ հյուրախաղերը կրում էին նաեւ բարեգործական բնույթ:
Ի դեպ, հյուրախաղերը նվիրված են դերասան Կարեն Ջանիբեկյանի վառ հիշատակին,
քանիոր ներկայացման առաջնախաղը եղել է Ջանիբեկյանի խաղով, որից հետո սիրելի դերասանն այլեւս չկարողացավ խաղալ «Վանա կատվի» դերը` չարաբաստիկ հիվանդության պատճառով: Այնուհանդերձ, Նոյեմբերյանի հանդիսականը, որոնք զինվորներն ու Նոյեմբերյանի մտավորականներն էին, սուլոցներով, ծափահարություններով, այսպես ասած, կարենջանիբեկյանական անկարգությամբ հարգեց դերասանի հիշատակը:
Լ. Անթառանյանը, ով մարմնավորում է Մայր Հայաստանի կերպարը, «Իրավունքի» հետ զրույցում տեղեկացրեց, որ իրեն ոգեւորել է զինվորականների հետաքրքրությամբ ու կլորացած աչքերով ներկայացումը դիտելը. «Կուլիսներից հետեւում էի դահլիճի արձագանքին. քար լռություն էր, զինվորականների խոշորացած աչքերի արտահայտությունն ու ներկայացմանը կլանված հետեւելն ինձ համոզեց, որ ասելիքս տեղ հասավ հանդիսատեսի` հատկապես զինվորի հոգու խորքը տակնուվրա արեց»,- փաստեց բեմադրիչն ու հավելեց. ««Ռազմիկ» թատերական հիմնադրամը, որը կրում է հայրիկիս անունը, առաքելություն ունի մինչեւ տարվա վերջ, բոլոր սահմանամերձ գոտիներում, որտեղ կան զորամասեր, ներկայացումով հանդես գալ: Առաջիկայում կլինենք Իջեւանում, Բերդում: Իսկ սեպտեմբերից արդեն նորովի կմոտենանք գործին»:
«Վանա Կատվի» կերպարը մարմնավորած դերասան ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ ասաց,
որ մարզային հյուրախաղեր բոլոր ժամանակներում էլ եղել են, պարզապես` ժամանակ առ ժամանակ է լինում. «Զինվորները լավ ոգեւորվեցին, ներկայացումն իր նպատակին հասավ: Կերպարիս ասելիքը, կարծում եմ, տեղ հասավ, այն հրապարակախոսություն է` կրակում է: Արդեն 100 տարի է այս թեմայի մեջ ենք, առավել եւս, որ այս տարի 100-րդ տարելիցն էր: Նույնիսկ դահլիճում եղած Նոյեմբերյանի մտավորականները մեծ գոհունակությամբ ու շնորհակալությամբ հեռացան»:
Դահլիճում ներկա նոյեմբերյանցի դերասան, ռեժիսոր ՍԱՍՈՒՆ ՄՈՒՐԱԴՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ նման բան հազվադեպ է լինում իրենց տարածաշրջանում, շնորհակալ է դերասանական կազմին` ազնվության համար. «Դա պրոֆեսիոնալիզմ է` մարդիկ խաղացին մի դահլիճում, որտեղ առանձնապես պայմաններ չկային: Ներկայացման գաղափարը նորություն էր, թեման` արդիական: Ինձ մի բան զարմացրեց. սովորաբար պիեսները մի առանցքի շուրջ են կառուցվում ու խաղում: Այստեղ մի քանի ցավոտ թեմա էր: Եվ, պատկերացրեք, ոչ թե ծանրացավ հանդիսատեսի վրա, այլ նորից մեզ մտածելու տեղիք տվեց: Շնորհակալ ենք այս տրամադրության համար, որը բեմից փոխանցվեց մեզ, առավել եւս, երբ դահլիճում զինվորներ կային»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk