ԵՊՀ-Ն ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉՈՒՆԻ
Արխիվ 12-16ԵՊՀ-Ն ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉՈՒՆԻ
Հունիսի 25-ից հուլիսի 2-ը հանրապետությունում կմեկնարկի դիմորդների հայտագրման երկրորդ փուլը: Այդ մասին «Ազդակ» լրագրողական ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Երեւանի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ ԺԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:
Ըստ նրա` հունիսի 1-ին ավարտվել է դիմում-հայտերի ընդունման առաջին փուլը, որի արդյունքում ԵՊՀ դիմել է 3448 դիմորդ: «Ինչպես գիտեք, հանրապետությունում արձանագրված է դիմորդների թվի նվազում, սակայն, պետք է ուրախությամբ նշեմ, որ ԵՊՀ դիմած դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ, տոկոսային առումով, այնքան էլ չի տարբերվում. չնչին տարբերություն կա»,- ասաց Ժ. Մանուկյանը:
Վերոնշյալ փաստը բանախոսը հետեւյալ կերպ է հիմնավորում: «ԵՊՀ-ն կարողանում է ժամանակի պահանջներին համահունչ գիտելիք մատուցել»:
Խոսելով նախորդ տարվա ցուցանիշների մասին, պարոն Մանուկյանն ասաց, որ 2014-ին առաջին փուլով հայտագրված դիմորդների թիվը 3601 է եղել:
Բանախոսը չցանկացավ թվարկել, այսպես ասած, չպահանջված մասնագիտությունների ցանկը: «Չունենք այդպիսի ֆակուլտետ, որն ընդհանրապես պահանջարկ չունենա: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ, ավանդաբար, ավելի շատ է եղել դիմորդների հոսքը դեպի իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, հանրային կառավարում մասնագիտությունները»:
Պարոն Մանուկյանը նկատեց, որ այս տարի որոշակի աճ է նկատվել բնագիտական թեւում: «Այս տարի հումանիտար թեւից բացի, դիմորդների աճ է նկատվում բնագիտական թեւում. ֆիզիկա, դեղագիտություն մասնագիտությունները եւս պահանջված են»:
Ժ. Մանուկյանն ընդգծեց, որ հայտագրման երկրորդ փուլին իրավունք ունեն մասնակցել ՀՀ երկքաղաքացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտները: «Երկրորդ փուլին կարող են հայտագրվել նաեւ այն դիմորդները, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն մասնակցել առաջին փուլում կայացած միասնական քննություններին»,- տեղեկացրեց Ժ. Մանուկյանը:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk