ՎՃԱՐՈՎԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԻ՞, ԹԵ ՏՈՒԳԱՆՔԱՅԻՆ ԾՈՒՂԱԿ
Արխիվ 12-16ՎՃԱՐՈՎԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԻ՞, ԹԵ ՏՈՒԳԱՆՔԱՅԻՆ ԾՈՒՂԱԿ

Այն փաստը, որ թեեւ Երեւանում արդեն երկու-երեք տարի գործում է այսպես ասած՝ ավտոկայանատեղիների տուրքը, այդ թեման առ այսօր շարունակում է բազում դժգոհությունների տեղիք տալ: Նման բողոքներից մեկն էլ վերջերս տեղի ունեցած պատմությունն է: Քաղաքացին անսպասելիորեն ստանում է կայանատեղիի տուրքը չվճարելու մասին ծանուցող տեղեկանք: Նախնական պատկերացմամբ՝ դա թյուրիմացություն էր, քանի որ տուգանվողը միանգամայն վստահ էր (կա նաեւ համապատասխան ապացույցը), որ տվյալ օրն ու ժամին ճիշտ է՝ կայանել է համապատասխան հատվածում, բայց նաեւ SMS-ի միջոցով վճարել է պահանջվող 100 դրամը:
ՎՃԱՐԻՐ 100 ԴՐԱՄ ՈՒ... ԵՎՍ 5 200 ԴՐԱՄ
Պարզելու համար, թե որն է տուգանքի պատճառը, մենք կապվեցինք Երեւանի քաղաքապետարանի աշխատակցի հետ: Մասնավոր զրույցի ընթացքում պարզվեց, որ ոչ մի թյուրիմացություն էլ չկա՝ քաղաքացին չի վճարել: Բայց ինչպե՞ս, երբ կա վճարումն ապացուցող հիմքը: Եվ ահա այստեղ է, որ բախվեցինք աբսուրդին. բացատրեցին, թե վարորդը 15 րոպե անվճար կայանելու իրավունք ունի, որը լրանալու պահին, եթե արդեն մուծված չէ 100 դրամը, կիրառվում է տուգանք: Իսկ կոնկրետ դեպքում, համենայնդեպս՝ ըստ 5 000 դրամանոց տուգանքի ծանուցման, վարորդը կայանել է ժամը 11:43-ից մինչեւ 12:03-ը, այսինքն՝ թույլատրված 15-ից 6 րոպե ավելի, դե ուրեմն տուգանքը «օրենքով է»՝ բացատրեցին քաղաքապետարանից: Քաղաքացին էլ իր հերթին հիշեց. «Այո, 15 րոպեից հետո եմ վճարել...»:
Մի խոսքով՝ ամեն ինչ «օրենքով է», միայն թե դա էլ իրավիճակի խայտառակ բնույթը չի փոխում: Նախ՝ քաղաքացին ուշ վճարելը բացատրեց. «Մտածում էի, որ քիչ կկանգնեմ, բայց մի փոքր երկարեց: Նկատելով, որ թույլատրվածից ավելի եմ կանգնելու՝ փորձեցի SMS ուղարկել, բայց պարզվեց, որ հեռախոսում գումարը վերջանում է: Մինչեւ լիցքավորելու տեղ գտա, լիցքավորեցի եւ SMS ուղարկեցի, երեւի այդ 5-6 րոպեն անցավ...»:
Քաղաքացին խուսափե՞լ է պահանջվող տուրքը վճարելուց. միանշանակ՝ ոչ: Ինչ-որ գործոններ նրան խանգարե՞լ են պահանջվող պահին վճարել. այո: Որեւէ մեկը կարո՞ղ է քաղաքացու այս գործողություններում ինչ-որ չարամիտ դիտավորություն տեսնել. միայն աննորմալը: Բայց մեկ է՝ «օրենքով» քաղաքացին ենթարկվում է տուգանքի իր վճարած տուրքից 52 անգամ ավելի գումարի չափով. 200 դրամ էլ տուգանքի բանկային փոխանցման համար: Ճիշտ է՝ կա նաեւ բողոքարկելու տարբերակը: Բայց՝ քաղաքապետարանը կոնկրետ դեպքում քաղաքացուն բողոքելու հնարավորություն է տվել պիկ աշխատանքային օրը ու ժամը 11:00-ին: Ընդ որում՝ ամեն ինչ թողնել ու այդ 5 000-ի համար բողոքելն էլ անիմաստ է, քանի որ ամեն ինչ «օրենքով է»:
ԲԱՅՑ Ո՞Ր ՕՐԵՆՔՈՎ
Սակայն փորձենք հասկանալ, թե այդ ինչո՞ւ վարորդը պետք է 15 անվճար րոպեներն սկսվելու պահին արդեն իսկ «տուրքը» վճարած լինի: Քանի որ այս գործառույթի անունը «տեղական տուրք» է կնքվել, համապատասխան օրենքն էլ, որպես վճարման կարգ, ընդամենը սահմանում է. «Տեղական տուրք եւ (կամ) վճար գանձող մարմինների պաշտոնատար անձինք տեղական տուրքի կամ վճարի հաշվարկն իրականացնում եւ տեղական տուրքը կամ վճարը գանձում են նախքան այդ լիազորությունների կամ գործողությունների իրականացումը...»:
Սա վկայո՞ւմ է, որ կայանատեղիի համար տուրք վճարողը պարտավոր է հենց նույն պահին վճարել. մեղմ ասած՝ կասկածելի է: Համենայնդեպս՝ «Պետական տուրքերի» համար այս հանգամանքը շատ ավելի հստակ է. «Պետական տուրքը գանձվում է մինչեւ համապատասխան ծառայության մատուցումը կամ գործողության իրականացումը...»:
Երկրորդը. «Տեղական տուրքի» հաշվարկելու եւ գանձելու պատասխանատվությունը դրվում է այն «գանձող համապատասխան մարմնի կամ պաշտոնատար անձանց վրա» եւ ոչ թե վճարող քաղաքացու: Այսինքն՝ գանձող կոչվածը պետք է առնվազն այնպիսի պայմաններ ստեղծի, որ քաղաքացին կարողանա համապատասխան պահին վճարել:
Մինչդեռ՝ «Երեւան քաղաքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 25-ի N563-Ն» որոշման հավելվածով սահմանվում են նման պայմաններ. «Վճարում են անկանխիկ ձեւով Երեւանի քաղաքապետարանի հաշվեհամարին` հետեւյալ եղանակներով.
1) բանկային եւ (կամ) վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով,
2) էլեկտրոնային եղանակով,
3) SMS վճարմամբ»:
Վերջում միայն դրանց ավելացան վճարային տերմինալները, որոնցից տվյալ հատվածում համենայնդեպս՝ տեսանելի չէր:
Այսինքն՝ այս բոլոր տարբերակներով էլ միանգամայն ռեալ է, որ վճարելու ցանկության դեպքում անգամ քաղաքացին կարող է մի փոքր ուշանալ: Շեշտենք՝ ոչ թե իր մեղքով, այլ այդ պայմանների: Այսինքն՝ քաղաքապետարանն այդ ինչպե՞ս է երաշխավորում, որ տվյալ «կարմիր գծերի» հատվածում կա բանկ եւ այնտեղ հերթ չէ: Կամ որ քաղաքացին պարտավոր է հեռախոս պահել, որ SMS ուղարկի: Էլ չենք խոսում, որ ավտոկայանատեղիների դեպքում SMS վճարումներն առհասարակ լուրջ խնդիր ունեն օրենքի հետ, քանի որ այդ դեպքում քաղաքացին նույն օրենքով սահմանվածի պես «տեղական տուրքը վճարելու մասին տեղեկանք» ստանալու եւ ոչ մի հնարավորություն չունի: Իսկ այդ տեղեկանքը շատ կարեւոր է նրանով, որ տալիս է տուրքի վերահաշվարկի եւ ավելի մուծածը ետ ստանալու իրավունք: Այսինքն՝ եթե մեկ ժամվա համար է սահմանված 100 դրամ, դա չի նշանակում, որ 10 րոպեի համար եւս նույն գինն է: Այսինքն՝ պետք եղած դեպքում քաղաքացին կարող է այդ հավելյալ վճարը ետ ստանալ, իսկ համատարած SMS-ացումը դա թույլ չի տալիս:
Ամեն դեպքում՝ վճարումը տեղ հասնելու պատասխանատուն գանձողն ու պաշտոնատար անձն է, այսինքն՝ հենց նրանք պետք է ամեն կերպ այնպես անեն, որ ոչ չարամիտ, վճարելու պատրաստ քաղաքացին ժամանակին վճարելու հնարավորություն ունենա: Իսկ չինովնիկական պատասխանատվության դեպքում քաղաքացուն տուգանելը հաստատ բազում ավելի լուրջ օրենքներ կարող է խախտել:
Մի խոսքով այն, որ հենց օրենքն է պահանջում քաղաքացուց` այդ տուրքը վճարել կայանելուն պես, մեղմ ասած, կասկածելի է: Այդ կասկածը փարատելու համար էլ փորձեցինք հանելուկի պատասխանն ստանալ քաղաքապետարանից. մեր լրագրողը սույն կառույցի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից գրավոր (իրենց իսկ պահանջով) խնդրեց հարցազրույց կազմակերպել համապատասխան աշխատակիցներից մեկի հետ: Բայց օրենքով սահմանված ժամկետն անցավ, սակայն այդպես էլ նույն՝ գրավոր կարգի պատասխան չստացանք: Միայն բանավոր, թե իրավասու պաշտոնյաները զբաղված են, եւ հարցերը կարող ենք միայն գրավոր ուղարկել: Իհարկե՝ այս պատասխանն էլ, ավելի ճիշտ՝ պատասխանի բացակայությունն արդեն իսկ շատ բան է հուշում: Բայց դա թողնենք հետագային, քանի որ ամեն դեպքում քաղաքապետարանի պարզաբանումները կստանանք՝ ինչպես որ օրենքն է սահմանում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk