«ԱՅՍ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԴԿԱՆՑ, ՊԱՐԶԱՊԵՍ, ՕԲՅԵԿՏԻՎՈՐԵՆ ԱՆՀՆԱՐ Է ԿԱՌԱՎԱՐԵԼ»
Արխիվ 12-16«ԱՅՍ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԴԿԱՆՑ, ՊԱՐԶԱՊԵՍ, ՕԲՅԵԿՏԻՎՈՐԵՆ ԱՆՀՆԱՐ Է ԿԱՌԱՎԱՐԵԼ»

Երեկ ուշ երեկոն կրկին աղմկոտ էր Բաղրամյան փողոցի սկզբնամասում: Եվ եթե մեկ օր առաջ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարները երգում ու ասմունքում էին, ապա այժմ սուլում ու առարկաներ էին նետում ոստիկանության վրա: Հատկանշական էր այն, որ ցուցարարների շարքերում կամաց-կամաց չգիտես էլ թե որտեղից հայտնվում էին եվրապիտակներով մայդանչիներ, որոնք ոչ պակաս ակտիվ էին` հատկապես ոստիկաններին սադրելու գործում: Ի դեպ, թեպետ մի ողջ օր ընդդիմությունը սկսեց հուզառատ ելույթներ ունենալ, սակայն մինչեւ ուշ երեկո այդպես էլ ցուցարարների շարքերում նրանցից ոչ ոք չհայտնվեց: Նրանցից միայն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էր առաջին շարքերում, վերջին շարքերում էլ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էր թամաշա անում: Բայց արի ու տես, որ ցույցի վառ կերպարներից ընդդիմության նորաթուխ ներկայացուցիչներից էին` ՀՀ նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը եւ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը: Ստեղծված իրավիճակի մասին էլ հենց «Իրավունքը» զրուցեց ԱՆԴՐԵԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ:
«ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՈՎԻՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ԵՐԵԿՎԱ ՎԱՐՔԱԳԾԻՑ»
–Պարոն Ղուկասյան, միջազգային մամուլը չարախնդում է, թե Հայաստանում մայդան է: Արդյո՞ք կարելի է ասել, որ այս պահին մայդանային իրավիճակ ունենք:
– Այս պահին` ոչ: Հիմա այստեղ կա 10 հազարից ավելի մարդ, եւ շատ կարեւոր է գտնել համապատասխան լուծումներ: Մի շարք գործողություններ են պետք անել, որպեսզի վերահսկողության տակ վերցվի այս դրությունը: Անհրաժեշտ է խուսափել բախումից` ոստիկանության եւ ցուցարարների միջեւ: Ցուցարարների տրամադրությունը լիովին տարբերվում է երեկվա վարքագծից: Դա նաեւ պայմանավորված է նրանով, որ հանրությունը երեկվա ոստիկանության գործողությունները դիտարկեց որպես ոչ համաչափ:
– Չե՞ք կարծում, որ, համենայնդեպս, առերես ցույցի կազմակերպիչ չունենալն է, որ նման անվերահսկելի իրավիճակ է ստեղծվել:
– Իսկապես, այդ է խնդիրը, եւ պետք է հենց հիմա լուծել այն: Այս պահի դրությամբ անհրաժեշտ է այս ամենը փորձել վերցնել ղեկավարման տակ: Մենք տեսնում ենք, որ ինչ-որ գործողություններ արվում են այդ ուղղությամբ:
ԻՍԿ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ԿՐԿԻՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ ԷԻՆ
– Իսկ ի՞նչ կասեք, որ ցուցարարների շարքերում այս օրերին հայտնվել են արտասահմանցիներ: Նրանք ի՞նչ շահ են հետապնդում այս ցույցից:
– Չեմ նկատել, լրագրողների առկայությունը խանգարում է հասկանալ, թե ովքեր են լրագրողներ, ովքեր` պարզապես քաղաքացիներ: Հիմա կա խնդիր` ստեղծել ոստիկանության եւ քաղաքացիների միջեւ բաց տարածություն եւ մաքրել այն, որպեսզի միայն լրագրողները գտնվեն առաջնագծում:
«ԱՅՆ, ԻՆՉԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԷՐ ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ ԱՐԴԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ»
–ՀՀ նախագահը պատրաստակամություն էր հայտնել ցուցարարների հինգհոգանոց պատվիրակությանն ընդունել եւ լսել նրանց պահանջները: Ըստ Ձեզ, արդյոք հենց դա չէր խնդրի լուծման ճանապարհը, որպեսզի այսօր արդեն մարդիկ չշեղվեին ցույցի բովանդակության բուն նպատակից:
– Այդ առաջարկն այլեւս իմաստ չունի քննարկել: Խնդիրն այսօրվա եւ այսօրվա իրավիճակի մասին է: Այն, ինչը հնարավոր էր երեկ, այսօր արդեն հնարավոր չէ:
– Այս անգամ ինչպիսի՞ առավոտ է սպասվում Բաղրամյան փողոցում:
– Գտնում եմ, որ հիմա այն պահն է, երբ քաղաքական իշխանությունները պիտի ընդունեն պատասխանատու որոշում: Այլ ճանապարհ չեմ տեսնում, բացի այն, որ պետք է բավարարել ցուցարարների պահանջները: Կարծում եմ` դրա մասին հայտարարությունը պետք է պատասխանատու պետական գործիչները կատարեն հենց այստեղից: Գան ժողովրդի մոտ բաց դեմքով եւ ասեն, որ իրենց պահանջները ընդունում են: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք վերահսկողության տակ վերցնել այս իրավիճակը, որովհետեւ այս քանակությամբ մարդկանց, պարզապես, օբյեկտիվորեն անհնար է կառավարել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk