Զարմացած
Արխիվ 12-16

Ի՞նչ եք կարծում, որ շինանյութն է ամենասազականը` պատ կառուցելու համար: Աղյո՞ւսը, քա՞րը, երկաթբետո՞նը, նորարական կոմպոզիցիոն նյութե՞րը... Ոչ, չարաչար սխալվում եք, եւ «էլեկտրական» ցույցերի ու հանրահավաքների ընթացքում բացահայտվեց մի նոր, առավել հուսալի շինանյութ: Դա ընդդիմադիր ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԵՆ: Նրանք եկան` կենդանի պատ կազմելու ժողովրդի եւ ոստիկանության միջեւ: Դե ինչ, գոնե այդպես պիտանի եղան բնությանը եւ մարդկությանը: Սակայն մենք շատ զարմացանք, երբ ընդդիմադիրներին միացան ՀՀԿ խմբակցության անդամ Սանվել Ֆարմանյանը եւ նախարար Արմեն Աշոտյանը: Դե ինչ, բոլոր դեպքերում ցանկացած քայլ, որը նպաստում է լարվածության թուլացմանը եւ նվազեցնում բախումների հավանականությունը, պետք է համարել միայն ու միայն ողջունելի:
Բնականաբար, բոլոր նորմալ հայերը վրդովվել են, երբ ամերիկյան եւ այլ դեսպանները համարձակվեցին քթները խոթել մեր ներքին գործերի մեջ եւ ոստիկանության գործողությունները գնահատել ոչ համաչափ: Դա, մեղմ ասած, իրենց գործը չէ, դա բացառապես մեր հանրության գործն է` մեր ոստիկանությանը կդնենք գլխներիս կազիզացնենք, թե ցեխի հետ կխառնենք: Այնպես որ, ավելի լավ է պարոնայք դեսպաններն իրենց կարծիքները որեւէ հարմար տեղ մտցնեն եւ ընդհանրապես գնան հայտնի ռուսական հասցեով: Սակայն մեզ զարմացրեց հարցի շուրջ մեր արտգործնախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ կարծիքը. «Մենք այդ արձագանքները դիտարկում ենք որպես Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված` մեր գործընկերների շահագրգռվածության վկայություն»: Զարմանալով հանդերձ, մնում է արձանագրել, որ սա այն դեպքն է, երբ ավելի լավ է լռելը:
Անշուշտ, մեզ զարմացրեց եւ «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» կուսակցությունը, որը բառացիորեն կրկնեց ամերիկյան դեսպանի գնահատականը` ընդամենը փոքր-ինչ դա ավելի կոպիտ դարձնելով: Լավ, պարոնայք եւ տիկնայք, դուք վերջիվերջո քաղաքական գործի՞չ եք` լինեք թեկուզ երիցս ընդդիմադիր եւ արեւմտամետ, թե` շատ ներողություն` թութակներ: Զարմանալի է, այդ ինչո՞ւ եք այդքան սիրում կրկնել ամերիկյան պաշտոնատարների խոսքերը: Ավելի հարմար հեղինակություն չե՞ք գտել: Ախր, գոնե կրկնեք Սոս Սարգսյանի, Պարույր Սեւակի, Գարեգին Նժդեհի եւ մեր այլ մեծերի խոսքերը: Թե չէ, ինչ-որ դեսպան... Պարզապես ամոթ է:
Ի դեպ, զարմանալի ճշգրտությամբ որոշակի դիտարկումներ են ներկայացրել եւ մեր հայտնի բլոգերները` իրենց ֆեյսբուքյան էջերում: Այսպես, հոգեբան ԱԼԻՆԱ ԴԵՐՁՅԱՆԻ սուր աչքը միանգամից սադրիչ էր արձանագրել. «Սադրիչների մասով մի բան ասեմ: Այսօր, երբ երթն արգելակվեց Բաղրամյանի վրա, ժամը 20:40-ի կողմերն էր, տեսա, ոնց է մի կապյուշոնավոր տղամարդ, բժշկական դիմակը քաշել դեմքին, մեծ, սեւ արեւային ակնոցով ֆռֆռում: Ժամը հատուկ նշեցի, արեւ Չկար: Հիմա հարց, էդ ո՞վ կարող էր լինել, միամիտ քաղաքացի՞ ...»: Չենք կարող չհամաձայնել եւ ազատամարտիկ, Շուշին ազատագրած եւ իր 3 որդիներին Արցախ ծառայության ուղարկած ԱՐԹՈՒՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ դիտարկմանը. «Երեւանում ընթացող բողոքի ակցիայի լուսաբանումը դիտելով ռուսաստանյան լրատվամիջոցներում, եւս մեկ անգամ համոզվեցի, որ դրանք մնացել են 1988-1991թվականների «Վրեմյա»-ի ու «Պրավդա»-ի հարթությունում …»:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk