Ռ. ՆԱԶԱՐՅԱՆՆ ՈՒ Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԾԱՆՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ « ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԲՈՒՆՏԸ»
Արխիվ 12-16Ռ. ՆԱԶԱՐՅԱՆՆ ՈՒ Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԾԱՆՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ « ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԲՈՒՆՏԸ»


Հայաստանյան էներգետիկ համակարգին մոտ կանգնած մեր միանգամայն արժանահավատ աղբյուրները բավականին հետաքրքիր բաներ են պատմում այն վիճակի մասին, որում ընթացող դժգոհությունների այս ալիքի պատճառով հայտնվել են էներգետիկ համակարգի սակագների այս վիճակի երկու առանցքային դերակատարներ` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ու էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը: Ռ. Նազարյանի հետ կապված` մեր աղբյուրը պատմում է, թե նրա մոտ այն համոզմունքն է, որ անկախ ներկայիս բողոքների ելքից, իրեն ծանր հեռանկար է ուրվագծվում:
Այսինքն` եթե բողոքների արդյունքում սակագնի վերանայման խնդիր առաջանա, դա կտանի նաեւ համակարգում տարիներ շարունակ տեղի ունեցածի մանրադիտակային ուսումնասիրության, ու արդյունքում շատ կուժ ու կուլաներ իր գլխին կջարդվեն: Եթե նույնիսկ բողոքները առանց որեւէ տեսանելի ելքի մարեն, ապա, ըստ մեր աղբյուրի` այդ դեպքում էլ Ռ. Նազարյանը կդառնա նման ծանր իրավիճակ առաջ բերած պաշտոնյա, իսկ այդ կարգավիճակն իր հերթին որեւէ լավ բան չի խոստանում` առնվազն հետագա պաշտոնանկության առումով: Էլ չասած, որ այս հանգամանքը եւս համակարգի խորքային ուսումնասիրությունից պրծնելու երաշխիք չի տալիս:
Եվ վերջապես, ըստ նույն լուրերի, համակարգի հնարավոր ուսումնասիրությունների տարբերակը հանգիստ չի տալիս նաեւ նախկին նախարար Ա. Մովսիսյանին: Ճիշտ է, այս վերջին աղմկոտ թանկացումը տեղի ունեցավ Ե. Զախարյանի օրոք, սակայն ակնհայտ է, որ դա առաջ բերած բոլոր տեսանելի ու ստվերային հիմքերը ձեւավորվել են հենց Ա. Մովսիսյանի օրոք: Ավելին, «չար լեզուները» արդեն իսկ հասցրել են շշնջալ, որ էներգետիկ այդ խնդիրներն էին, որոնք ի վերջո հանգեցրին Ա. Մովսիսյանի պաշտոնանկությանը, բայց, եթե ավելի խորը խնդիրներ ջրի երես դուրս գան, ապա արդեն միայն այդ պաշտոնանկությամբ գլուխը պրծացնելու տարբերակը կարող է եւ չաշխատել:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk