«ՄԱՅԴԱՆՆԵՐԻ» ՇԱՐԱՆՆ ԷԼ ԱՄՆ-ԻՆ ՉԻ ՕԳՆԻ
Արխիվ 12-16«ՄԱՅԴԱՆՆԵՐԻ» ՇԱՐԱՆՆ ԷԼ ԱՄՆ-ԻՆ ՉԻ ՕԳՆԻ

Այն, որ Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների միջոցով նախագահ Էրդողանին պատին դեմ տալու միջոցով անգամ Վաշինգտոնին չէր հաջողվելու կասեցնել Սեւ ծովով, Թուրքիայով եւ Հունաստանով դեպի Եվրոպա գնացող ռուսական «Թուրքական հոսք» գազատարի ծրագիրը, սպասելի էր: Այդ ընտրություններից շատ չանցած` առիթ էինք ունեցել ենթադրել, որ Էրդողանը կփորձի հնարավորինս արագացնել` այդ ծրագրի պայմանագրային բազային ավարտուն տեսք տալու ու շինարարական փուլ մտնելու գործընթացը: Եվ ահա նախօրեին հայտնի դարձավ, որ այդ ուղղությամբ արդեն իսկ կան կոնկրետ քայլեր:
«ԳԱԶԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ» ՀԱՍՆՈՒՄ ԵՆ ԳԱԳԱԹՆԱԿԵՏԻՆ
Այսպես՝ Թուրքիան «Գազպրոմին» պաշտոնապես թույլատրեց սկսել «Թուրքական հոսքի» շինարարության նախապատրաստական վերջին փուլի՝ երկրաբանական եւ տեխնիկական ուսումնասիրությունների աշխատանքները` մասնավորապես իր տարածքային ջրերում: Ավելին. «Գազպրոմն» ու ծրագրի թուրքական կողմը՝ Botas ընկերությունը, վերջնականապես հստակեցրել են նաեւ գազատարի ծովային եւ ցամաքային երթուղին: Շինարարական նախապատրաստական աշխատանքներն էլ վաղուց են ավարտված, եւ եթե նախատեսվածի պես առաջիկա մեկ-երկու շաբաթներին ստորագրվի նաեւ միջպետական փաստաթուղթը, ապա այս չարչրկված, ոտից գլուխ քաղաքականացված ծրագրի շինարարության մեկնարկը կհամարվի տրված:
Հայտնի է, որ «Թուրքական հոսքով» Եվրոպա կհասնի տարեկան 55 մլրդ խմ գազ ¥չհաշված Թուրքիայի համար նախատեսված 8 մլրդ խմ-ը¤: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ճիշտ նույն քանակի՝ 55 մլրդ խմ գազ Ռուսաստանը Եվրոպա կառաքի օրերս կնքված մեկ այլ պայմանագրով, որը նախատեսում է Գերմանիա հասնող գործող «Հյուսիսային հոսք» գազատարի եւս մեկ ճյուղ կառուցել: Ու միաժամանակ հյուսիսից եւ հարավից Եվրոպա հասնող այդ հավելյալ 110 մլրդ խմ գազն ¥հաշվի առնելով նաեւ այն մասնագիտական եզրակացությունները, ըստ որոնց՝ առաջիկա 5-10 տարիներին Եվրոպան կունենա հավելյալ 100-150 մլրդ խմ գազի անհրաժեշտություն¤ այն առանցքային գործոնն է, որը դեռ նույնիսկ ծրագրային փուլում լուրջ վտանգի տակ է դնում ոչ միայն եվրոպական, այլ նաեւ Թուրքիա-Մերձավոր Արեւելք-Հարավային Կովկաս գլոբալ ուղղությամբ ԱՄՆ-ի ողջ քաղաքականությունը: Այսինքն, որ Վաշինգտոնը մինչեւ վերջ կռիվ կտա մասնավորապես «Թուրքական հոսքի» դեմ, կարելի է չկասկածել. հասկանալի է՝ խնդիրը ոչ թե գազատարերն են, այլ ազդեցության այն գոտիները, որոնք ստեղծվում են նման ծավալուն էներգագծերին զուգահեռ:
Ընդ որում, այդ կռվում ինչպես հարավկովկասյան, այնպես էլ՝ հայաստանյան խաղատախտակը մնում է առաջնային ու դրանով էլ՝ վտանգավոր դիրքերում: Հաշվի առնելով մասնավորապես, որ, թեեւ միայն քարոզչական հարթակում, սակայն այդ պայքարում Վաշինգտոնը առաջին պլանում, որպես «Թուրքական հոսքին» հակակշիռ, թափահարում է Ադրբեջանից գազը Եվրոպա հասցնելու հին գաղափարը:
Այսպիսով, եթե «Թուրքական հոսքը» մոտեցել է շինարարության փուլին, ապա դա հուշում է, որ այդ ծրագրի դեմ պայքարն էլ իր հերթին է մոտենում լարվածության գագաթնակետին: Իսկ թե մասնավորապես մեր տարածաշրջանում դա ինչ տեսք, ուղղվածություն կունենա, ապա թերեւս՝ տեղին կլինի հիշել դեռ փետրվարի վերջերին ամերիկյան տնտեսագետ, քաղաքական մեկնաբան, «Պատվո լեգեոն» շքանշանի ասպետ, նախագահ Ռեյգանի՝ «ռեյգանական տնտեսական հրաշքի» գլխավոր ճարտարապետներից մեկի համարում ունեցող Փոլ Քրեյգ Ռոբերտսի արած կանխատեսումը:
«ՁԵԶ ՄՈՏ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԵՂԱՇՐՋՈՒՄ»
Այսպես՝ չորս ամիս առաջ Փոլ Քրեյգ Ռոբերտսը նման հայտարարություն հնչեցրեց. «Վիկտորիա Նուլանդի այցի նպատակն է` Հայաստանում հեղաշրջում կազմակերպել: Ամերիկայի կողմից ֆինանսավորվող Հայաստանի ՀԿ-ների նպատակն է` ունենալ խմբեր, որոնք կարող են դուրս գալ փողոց` բողոքի ակցիաների, եւ քաղաքական գործիչների, որոնք կծառայեն Վաշինգտոնի համար, քանի որ լավ են վարձատրվում, եւ նրանք աշխատելու են այնպես, ինչպես Ուկրաինայում են աշխատել: Այսպիսով` ձեզ մոտ սպասվում է հեղաշրջում, որը նույնական է Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերին: Եվ շատ խաբված մարդիկ միանում են հայ հասարակական կազմակերպություններին, որոնք համագործակցում են Վիկտորիա Նուլանդի հետ: Նպատակն է՝ խզել Ռուսաստանի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները: Թե երբ նրանք կհասցնեն հարվածը, կախված է նրանից, թե ինչպես են նրանք տեսնում հնարավորությունները... Եթե Վաշինգտոնը կարողանա Հայաստանում հեղաշրջում կատարել` ինչպես Ուկրաինայում, հաջորդ քայլը պետք է լինի հայկական ընտանիքի քայքայումը, միասեռականության լեգիտիմացումը, երեխաներին քաղաքական վերահսկողության տակից հանելը, ծնողների եւ երեխաների հարաբերությունների վերաձեւակերպումը...»:
Մոտ մեկ ամիս առաջ էլ պարոն Ռոբերտսն էլ ավելի կոնկրետացրեց իր այդ կանխատեսումը՝ այն ուղղակիորեն կապելով «Թուրքական հոսքի» հետ, որ դրա դեմն առնելու համար «հեղափոխության» պետք է սպասի ոչ միայն Հայաստանը, այն նաեւ՝ Ադրբեջանը, Կենտրոնական Ասիայի երկրները, Եվրոպայում՝ «Թուրքական հոսքի» համար հանգուցային կետ հանդիսացող Մակեդոնիան, ու պետք եղած դեպքում՝ անգամ Հունաստանը, Սերբիան, Թուրքիան:
Այն, որ անցած ամսվա ընթացքում այդ բոլոր ուղղություններում էլ այս կամ այն չափով «հեղափոխական» զարգացումներ նկատվել են, անշուշտ վկայում է ամերիկացի հեղինակավոր գործչի կանխատեսումների օգտին: Հայաստանն էր միայն զերծ մնացել ¥եթե հաշվի չառնենք Գյումրիի հայտնի դեպքերն ու ԲՀԿ-ին մայդանային դաշտ մղելու փորձերը¤, սակայն հոսանքի պատմությունը կարծես թե մեր երկիր եւս «հեղափոխական շունչ» է բերելու: Չէ, նկատի չունենք թանկացման դեմ բողոքների հայտնի պատմությունը. այստեղ դեռ պարզելու շատ բան կա: Ավելի հետաքրքիր է, թե ինչպես ծագեց տարին մեկ հոսանքը թանկացնելով` մարդկանց պարբերաբար նյարդային ցնցումների տակ պահելու պատմությունը, ինչ «տարօրինակ» դեր ունի դրանում ռուսական համարվող, բայց՝ «սուպերլիբերալ», տխրահռչակ «Բիլդենբերգյան ակումբ» նիստերի երկարամյա մասնակից Չուբայսի «ՌԱՕ ԵԷՍ»-ը, ասենք՝ նաեւ իրենց «տարօրինակ» խաղերով Չուբայսից մի փոքր ետ մնացող մեր տեղական որոշ չինովնիկներ: Չի՞ նմանվում, որ մի ձեռքով հոսանքի թանկացման նախապայմաններ են սարքվում, մյուս ձեռքով՝ դրա դեմ պայքար... Տիպիկ «մայդանական» ձեռագիր:
Մի խոսքով այն, որ Վաշինգտոնը դեռ «դասական» «հեղափոխական» սխեմաներով է փորձում առաջ տանել «Թուրքական հոսքի» եւ դրան «փոխարինող» ադրբեջանական գազատարների ողջ երկայնքի երկրներում վերահսկողություն հաստատելու եւ այդ կերպ՝ օրերս նաեւ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերի հռչակած` Ռուսաստանի դեմ երկարամյա հակամարտությունն առաջ տանելու հարցը տեսանելի է: Ավելին. զգացվում է նաեւ, որ միայն այս հնացած մեխանիզմներով չէ, որ ԱՄՆ-ն առաջնորդվում է: Քաղաքական նորամուծություններից կարելի է համարել, ասենք, թուրքական ընտրությունների միջոցով ներքաղաքական քաոսային իրավիճակի ստեղծումը: Կամ՝ Կենտրոնական Ասիայում` Տաջիկստան-Ղրղզստան ուղղությամբ Վաշինգտոնի հետ «հեչ կապ չունեցող» թալիբների առաջխաղացման վերջին օրերի փորձերը: Հայաստանի եւ Ադրբեջանի ուղղությամբ էլ նման ոչ ավանդական քայլ կարելի է համարել փախստականներին տուգանքներ տալու մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայտնի վճիռը:
Բայց խնդիրն այն է, որ այս նոր մեխանիզմների կիրառումը ժամանակ է պահանջում, այն էլ՝ խոստանալով միայն անորոշ հեռանկարներ: Մինչդեռ եթե այս պահին հիմնական թիրախը «Թուրքական հոսքն» է, ապա այդ ժամանակը Վաշինգտոնը պարզապես չունի. մեկ-երկու ամիս, եւ արդեն սկսված շինարարությունը կանխելը շատ ավելի դժվար է լինելու: Առավել եւս, երբ շատ ավելի լուրջ խնդիր է դառնում այն փաստը, որ մյուս ուղղությամբ՝ «Հյուսիսային հոսքով» հավելյալ 55 միլիարդ խմ գազի Եվրոպա հասցնելու հարցով «քյալլա տալ» արդեն Գերմանիայի հետ: Ընդ որում՝ հաշվի առնելով, որ ինչքան էլ կանցլեր Մերկելը վերջին G-7 գագաթաժողովի օրերին «պարում էր» Օբամայի առաջ, մեկ է՝ առաջիկա տարիներին սպասվող էներգետիկ պահանջարկի աճը եւ այն փաստը, որ 2019-ից Ռուսաստանն իրոք կիրականացնի իր սպառնալիքն ու կդադարեցնի Ուկրաինայով գազի արտահանումը, գերմանական բիզնեսը հաստատ կստիպի տիկին Մերկելին այլ պարեր պարել: Այն պարզ պատճառով, որ եթե այս պահին արդեն մասնավորապես Գերմանիան չսկսի նոր խողովակաշար կառուցել, 2019թ. հաստատ հայտնվելու է էներգետիկ, այսինքն՝ նաեւ տնտեսական կոլապսի առաջ: Արդյունքում՝ ինչպես «Թուրքական հոսքի», այնպես էլ՝ «Հյուսիսային հոսքի» դեմ կռիվ տալու հարցում Վաշինգտոնը մտնում է ցայտնոտային գոտի, ինչը հաստատ «հեղափոխությունների» հարցում լավագույն օգնությունը չէ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk