ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵԺ ԱՐԵՎԱԴԱՐՁ. ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
Արխիվ 12-16ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵԺ ԱՐԵՎԱԴԱՐՁ. ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Եվ այսպես, մեր ենթադրությունը, որ ոստիկանությունը անխուսափելիորեն ուժ է կիրառելու` անկախ նրանից, թե ինչքանով է պահպանվում ակցիաների խաղաղ բնույթը, իրականություն դարձավ նույնիսկ ավելի շուտ, քան ենթադրում էինք: Բայց, բնականաբար, դրանից հետո չէր կարող չլինել շարունակություն, եւ երեկ արդեն Ազատության հրապարակում հավաքվածները կրկնապատկվեցին, եթե ոչ ավելին:
ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԸ. ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ, ՍԱԴՐԻՉՆԵՐԸ, ԱՐՏԵՐԿՐՅԱ ՏԻԿՆԻԿԱՎԱՐՆԵՐԸ
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներում նկատվում է մի օրինաչափություն` վերջում ցուցարարների զանգվածը հայտնվում է այնտեղ եւ անում է այն, ինչը ամենեւին չէր ծրագրել: Ի դեպ, նույն սցենարը ամիսներ առաջ հաջողությամբ փորձարկվել էր Գյումրիում, երբ Ավետիսյանների ճիվաղային սպանությունից վրդովված քաղաքացիների նորմալ ու միանգամայն բնական բողոքի գործողությունները այնուհետ վերածվել էին ռուսական հյուպատոսարանի եւ ոստիկանների քարկոծման, ինչպես նաեւ ռուսական զորամաս ներխուժելու փորձի: Եվ այսպես, բնութագրենք սցենարի բոլոր մասնակիցներին:
Կոնկրետ այս ակցիային մասնակցում է հիմնականում ամենադրական որակներով օժտված, կամային հատկություններ ունեցող երիտասարդությունը: Այդ երիտասարդության մեկտեղվելը միանգամից ցրեց տարածված այն միֆը, իբր ամենաեռանդուն եւ կարող (պասիոնար) մարդիկ արտագաղթել են, իսկ երկրում մնացել են հիմնականում անորակները: Ընդհակառակը` արտագաղթել են անհամբեր եսասերները, իսկ լավագույն որակով օժտվածներին երկրից ճիպոտով էլ չես քշի: Եվ ցանկացած երկրի համար այդպիսի երիտասարդությունը հարստություն է, ու այդ առումով մեր բախտը բերել է: Առաջ տարած պահանջն էլ միանգամայն արդար է եւ ընդունելի, ու սկզբնական փուլում` որպես լիդերներ, հենց այդ երիտասարդության միջավայրից էին ի հայտ գալիս:
Ի դեպ, երկրորդ օրը «համախմբման ակցիա» անունով մասնակիցների քանակի կտրուկ ավելացումը եղավ ոչ թե պատահական մարդկանց, այլ հենց նույն կոնտինգենտի ներկայացուցիչներով, ինչն արագորեն կազմակերպվեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով: Ու նաեւ նույն «Ֆեյսբուքում» հնչեց մտահոգություն` անկազմակերպ բնույթի, եւ այն ավելի կանոնավոր հուն մտցնելու վերաբերյալ:
Հիմա անցնենք սադրիչներին: Մի մասը հին ճանաչված պրոֆեսիոնալ ակտիվիստ կոչեցյալներն են, բայց դրանցից տասնապատիկ, եթե ոչ հիսնապատիկ ավել` այլ երիտասարդներ, ովքեր սադրիչի պրոֆեսիոնալ հմտությունները ձեռք են բերել, այսպես կոչված, լիդերության ամառային դպրոցներում:
Այդ դպրոցները կազմակերպվում են ամերիկյան գրանտային փողերով, գեղատեսիլ հանգստավայրերում, ուր մի քանի շաբաթ շարունակ 13-18 տարեկան պատանիների հետ աշխատում են ամերիկացի հրահանգիչները եւ սովորեցնում այն ամենը, ինչն անհրաժեշտ է «քաղաքացիական ակտիվության» անվան տակ հակապետական գործողություններ կազմակերպելու եւ իրագործելու համար: Ու սովորաբար տեղական որոշ գրանտածիծ կազմակերպություններ այդ ամառային դպրոցներ տանելու համար հայտարարում են մրցույթներ` հիմնականում ամենաչքավոր ընտանիքների պատանիների շրջանում: Այսինքն` մի քանի շաբաթով դառն աղքատությունից հետո «դրախտում» հայտնված պատանին արդեն ամբողջովին է կապվում իրենց հետ:
Հենց այդ «ամառային դպրոցների» շրջանավարտներն են մղում ցուցարարներին այնպիսի գործողությունների, որոնք գլխանց ցույցի նպատակի հետ ոչ մի առնչություն չունեն: Ե՛վ հունիսի 22-ին, ե՛ւ հունիսի 23-ին Բաղրամյան պողոտա տանելն առաջին փորձից չէր ստացվել: Երիտասարդ ցուցարարների ինքնաբուխ կազմակերպիչները նույն ցուցարարներին քանիցս ետ են դարձրել, սակայն ինքնաբուխ լիդերները ազնիվ են եւ անփորձ, իսկ ամառային դպրոցներում պատրաստված պրոֆեսիոնալ սադրիչները` հույժ արհեստավարժ եւ բարոյական բոլոր արգելակներից զուրկ: Հենց դրանց ձեռքով ե՛ւ երկուշաբթի զանգվածին տարան Բաղրամյան պողոտայում թողեցին նստացույցի, ե՛ւ այժմ զանգվածը գտնվում է Բաղրամյան պողոտայում: Ու կարելի է չկասկածել` անպայման փորձելու են ստեղծել իրավիճակ, որպեսզի ոստիկանության հետ նոր բախում լինի: Ճիշտ է, այն հանգամանքը, որ երիտասարդ ցուցարարների մեծ մասը գիտակից են, դժվարացնում է սադրիչների անելիքը, սակայն, ի վերջո, անփորձ ասպետության եւ պրոֆեսիոնալ տականքության մրցամարտը, ցավոք, հաճախ ավարտվում է տականքների հաջողությամբ:
Եվ վերջապես, արտերկրյա հիմնականում ամերիկյան տիկնիկավարները: Պրոֆեսիոնալ սադրիչներին հենց նրանցից է գալիս հրահանգը, թե ինչ անել, եւ ինչպիսին պետք է լինի հաջորդ քայլը: Դա կարող է լինել դեսպանատան պատասխանատու աշխատակից, կարող է լինել եւ հանրության աչքին առանձնապես չերեւացող ինչ-որ ՀԿ ղեկավար: Օրինակ, հստակ ձեռագիրը երեւում էր` Բաղրամյան պողոտայում անհեթեթ պատճառաբանությամբ ՀՀ նախագահի հետ 4-5 հոգիանոց պատվիրակության հանդիպման մերժումը, այնուհետ գիշերով նստացույցի մնալու որոշումը:
Անշուշտ, ժամանակի ընթացքում այդ շղթայի օղակներին հնարավորինս անվանապես կներկայացնենք, սակայն ամբողջ շղթան դիմակազերծելը ի զորու է թերեւս միայն ԱԱԾ-ն:
ՊՂՏՈՐ ՋՐՈՒՄ ՁՈՒԿ ԲՌՆՈՂՆԵՐԸ
Ուշագրավ է, որ գիշերով նստացույցը ցրելուց հետո ե՛ւ ԱՄՆ դեսպանը, ե՛ւ ԵՄ ներկայացուցիչը, ե՛ւ տարատեսակ այլ արեւմտյան խառախուռա անհապաղ քթները խոթեցին մեր երկրի գործերի մեջ, որ տեսեք, տեսեք, ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել: Որ ի տարբերություն աջուձախ կրակող ամերիկյան ոստիկանության` տեղական ոստիկանությունը ցուցարարների առողջությանը նվազագույն վնաս պատճառելով` վիթխարի զանգված է ցրել, դա ամերիկացիների համար հեչ, սեփական ամերիկյան արյունոտ բաղնիքները ուժի իրավաչափ կիրառում են համարում, իսկ մեր ոստիկանության ամեն շարժումը` ոչ իրավաչափ:
Հաջորդ կարեւոր բաղադրիչը` լրագրողների հետ կապված միջադեպն է: Եթե ոստիկանների գործողությունների մեջ քաղաքացիների նկատմամբ «խախտումների» ցուցակը սահմանափակվում է մեր սիրասուն օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի կազմած համեստ ցուցակով, ապա լրագրողների հետ տեղի ունեցածն աչք է ծակում: Զուտ ոստիկանական օպերացիայի տեսանկյունից լրագրողներին ծեծելը եւ բերման ենթարկելը, նրանց սարքերը խլելը կամ ջարդելը, մազաչափ իսկ չի խանգարել համացանցում առատ տեսանյութերի հայտնությանը, եւ այդ տեսանյութերով շատ դյուրին է ամեն մի մանրուք վերականգնել: Փոխարենը` սեփական մասնագիտական պարտականություն կատարող լրագրողների նկատմամբ բռնությունը մեծ աղմուկի բուն է եւ արտաքին միջամտությունների հարմար պատրվակ:
Ուստի, ճիշտ էր Վլադիմիր Գասպարյանի քայլը` ծառայողական քննություն նշանակելը, լրագրողներից ներողություն խնդրելը եւ սարքերը վերադարձնելը, իսկ ոչնչացված սարքերի դիմաց փոխհատուցում տրամադրելը: Այդտեղ ամենակարեւոր բաղադրիչը ծառայողական քննությունն է, որը պետք է պատասխանի այն հարցին, թե ով էր հրաման տվել լրագրողների հետ այդպես վարվել: Եվ այդ հրամանը ոստիկանական (տվյալ դեպքում ավելի սազական է մենթական տերմինը) բթամտության հետեւանք է, թե հրաման տվողը կատարել է ոստիկանական համակարգի հետ կապ չունեցող անձանց եւ շրջանակների հրահանգը, դրանով իսկ առավելագույն հաջողություն ապահովելով սադրանքին:
Եվ հաջորդ կարեւոր պահը լրատվական դաշտի վարքագիծն է: Այդտեղ արդեն տեսնում ենք ինչ ասես: Հույժ ոգեւորվել են Ուկրաինայի եւ Ռուսաստանի մայդանիստները, որ անընդհատ ոգեւորությամբ խոսում են հայկական «սակագնային մայդանի» մասին: Դրան գումարվում են եւ նույն Ռուսաստանի հակամայդանական շրջանակների մի մասը, ովքեր ամենամռայլ գույներով նկարագրում են «հայկական մայդանի» վտանգները: Մի մասը դա անում է չգիտակցված` ուղեղի բոլոր ծալքերն անջատելով մեծապետական գոռոզամտության ազդեցության տակ, իսկ մի մասն էլ իրականում հակամայդանական ճամբար ներդրված մայդանչիների գործակալներն են: Այ, հենց այդ ուղղության վրա էլ թաքնվում է Հայաստանում բավականին արագ հակառուսական տրամադրություններ բորբոքելու հիմնական վտանգը: Այստեղի քարոզչական դաշտը իր ամենաքյառթու հակառուսական քարոզով տարիներ շարունակ զրոյական արդյունք են արձանագրում, սակայն մի քանի մեծապետական ապուշներ օրերի եւ շաբաթների ընթացքում կարող են իրենց ձեռքով ստեղծել այդպիսի տրամադրություններ: Եվ ընդհանրապես չէր խանգարի, որպեսզի մեր ռազմավարական դաշնակիցը այստեղի ռուսական ընկերությունների սանձերը քաշեր եւ թույլ չտար նրանց լկտի մարտահրավեր նետել մեր հանրությանը:
Հիմա ինչպես դիմակայել դրան: Առաջին հերթին` պետական համապատասխան կառույցները պետք է իրենց աշխատանքը կատարեն եւ հայտնաբերեն սադրիչների ամբողջ ցանցը: Ե՛վ սադրիչները, ե՛ւ հատկապես սադրիչաբուծարան հանդիսացող ՀԿ-ները պետք է լիկվիդացվեն ցանկացած հարմար պատրվակով, եւ սա իրոք այն դեպքն է, երբ նպատակն արդարացնում է միջոցները:
Բայց քանի որ մեր իրավասու կառույցները բավականին դանդաղաշարժ են ու հաճախ իրենց որակները համապատասխանում են իրենց պաշտոնական կայքերի տեխնիկական որակին, ուստի հենց ազնիվ մղումով պայքարի դուրս եկած երիտասարդությունը պետք է շտապի ստեղծել հստակ կառուցվածք` իր իսկ միջավայրից առաջ քաշելով առաջնորդների, ում ճանաչում է եւ վստահում: Հակառակ պարագայում անազնիվ մրցակցությունում հաղթող են դուրս գալու արտաքին հանձնարարություն կատարող սադրիչները, եւ իրոք դանդաղորեն նորմալ եւ արդարացի բողոքը քայլ առ քայլ, հանգրվան առ հանգրվան կարող է վերածվել Մայդանի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk