ՆԱԶԱՐՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ Վ. ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԼՈԼՈՆԵՐ ԵՆ
Արխիվ 12-16ՆԱԶԱՐՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ Վ. ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՀԱՄԱՐ
ԼՈԼՈՆԵՐ ԵՆ
Տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի կարծիքով և՛ գազամատակարարման, և՛ էլեկտրաէներգայի մատակարարման թափանցիկ գործունեություն ըստ էության գոյություն չունի: Այդ պատճառով հասարակությունը չի կարողանում իմանալ, թե տվյալ համակարգերն արդյունավե՞տ են աշխատում, թե՝ ոչ, արդիական են, թե՝ արդիական չեն և եթե այդպիսին չեն, ապա ի՞նչ է արվում դրանք արդիականացնելու համար: Տնտեսագետի կարծիքով անհայտ են նաև, թե ինչքա՞ն են այն վարկային ռեսուրսները, որոնք ուղղվել են այդ համակարգերի բարելավման, կատարելագործման և արդիականացման համար:
«Որևէ մեկը տեղյակ չէ, թե այդ գումարները ծախսվել են ըստ նպատակի՞, թե՝ ոչ և այսօր առաջացել է այն, ինչին մենք ականատես ենք լինում»,- ասում է Վ. Բոստանջյանը:
Փաստորեն ստացվում է մի քանի անհայտով հավասարում, որն ըստ էության լուծել հնարավոր չէ: Այդ դեպքում ինչու՞ է Նազարյանն ասում, որ իրենք երկու կողմերի համար էլ «հասկացված» չեն, բայց դա իրենց «խաչն է և պարտավոր են տանել»: Իրականում ինչո՞ւ Նազարյանին չեն հասկանում և ինչու՞ է նրանց «խաչն» այդքան ծանր թվում իրենց: Այլ կերպ ասած՝ Նազարյանի խոսքն իրականում ինչի՞ մասին է «Իրավունք»-ի հարցին ի պատասխան Վ. Բոստանջյանը նշեց, որ նեղ վիճակում հայտնվածները, առավել ևս երբ կատարում են սուբյեկտիվ գործառույթներ և ցուցաբերում են սուբյեկտիվ մոտեցումներ, բնականաբար ցանկացած պարագայում փնտրում են արդարացման միջոցներ:
Տնտեսագետի կարծիքով, եթե հանկարծ իշխանությունները դժվարություններ են ունենում հասարակությունը կարող է կիսել այդ դժվարությունները, բայց այդ դժվարությունները երբեք չպետք է սուբյեկտիվ լինեն: Իսկ թե Նազարյանը հոսանքի թանկացման հիմքերը նշելով ինչու՞ է անցյալ տարվա սակավաջուր լինելն ու ատոմակայնի վերանորոգումը պատճառ բերում, քանի որ անցյալ տարվա հոսանքի թանկացման պատճառը կրկին դա է եղել և այս անգամ էլ կրկին նույն փաստարկներն է ներկայացվում և դրանք ընդունելի՞ են իր համար հարցին, Վ. Բոստանջյանը պատասխանեց.
«Հովհաննես Թումանյանի «Մի ամլի գառ»-ի պատմությունը գիտե՞ք, որ երբ գայլն ուզում է գառին ուտել, դա կարևոր չի, թե գառը մինուճար է, թե մի տարեկան չկա: «Ասավ, հասավ գառանը, առավ թռավ անտառը»: Այսինք, սակավաջուր էլ կլինի, այլ խնդիրներ էլ կլինեն, բայց պետք չէ երբեք լոլոներ կարդալ»,- ասում է տնտեսագետը:
Հասարակական ճնշումները կօգնե՞ն, որ խնդիրն ի շահ քաղաքացիների լուծվի և հոսանքի սակագինը չբարձրանա հարցին, տնտեսագետը պատասխանեց, որ որքան էլ բաժակը մեծ լինի և որքան էլ ջուրը դանդաղ գա, միևնույնն է այդ բաժակը լցվելու է:
«Այս պահին մենք գտնվում ենք այդ իրավիճակում: Իսկ որ լցվում է ի՞նչ է լինում, թափվում է չէ՞: Այ հիմա այդ պրոցեսն է տեղի ունենում: Եթե որևէ մեկը դա չի հասկանում, թող գնա «Հազար ու մի գիշերը» կարդա»,- ասում է Վ. Բոստանջյանը:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk