Թեւան Պողոսյան. «ԱՅՍՏԵՂ ՄԱՅԴԱՆԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹ ՉԿԱ, ԱՅԼ ԽԱՂԱՂ ՊԱՅՔԱՐ Է»
Արխիվ 12-16Թեւան Պողոսյան. «ԱՅՍՏԵՂ ՄԱՅԴԱՆԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹ ՉԿԱ, ԱՅԼ ԽԱՂԱՂ ՊԱՅՔԱՐ Է»
Շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման կասեցման պահանջով ցուցարարների 24 ժամյա պայքարը Բաղրամյան փողոցի սկզբնամասում: Ոստիկանության կազմած պատի առջեւ ընդդիմադիր պատգամավորների կողքին սկսել են հայտնվել առավել շատ մշակութային գործիչներ, շոուբիզնեսյան դեմքեր, ովքեր եկել են հնարավոր առաջին հարվածն իրենց վրա վերցնելու ու թույլ չտալու ոստիկանության եւ ցուցարարների միջեւ որեւէ բախում: Արդեն մի քանի որ շարունակվող ցույցերի, ինչպես նաեւ այս պահին տիրող իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց երկու գիշեր Բաղրամյան փողոցում անցկացնող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:
- Ոստիկանության առաջ պատ կազմած պատգամավորների թիվը գնալով նոսրանում է` սա պայմանավորված է նրանով, որ անվտանգության կոնկրետ երաշխիքնե՞ր կան, թե՞, պարզապես, ընդդիմադիր խորհրդարանականները հոգնել են:
- Իրականում չէի ասի, թե նոսրացել է պատգամավորների շարքերը, որովհետեւ այստեղ էին Աղվան Վարդանյանը, Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը: Այնպես որ, կրկնում եմ` ինձ չի թվում, որ նոսրացել են պատգամավորների շարքերը: Ուղղակի, փորձում ենք ապահովել մեր ներկայությունը հերթափոխով: Հույս ունենք, որ այսօր էլ կլինի խաղաղ, ինչպես անցած գիշերն էր: Աստված տա, որ միշտ էլ այդպես խաղաղ ընթանա:
- Այսինքն` դեռեւս կարելի է խոսել միայն հույսի՞ մասին եւ ոչ երաշխիքի՞:
- Երաշխիքներ միշտ էլ դժվար է ունենալ, բայց քանի որ ունենք խաղաղ ցույց, խաղաղ գործողություններ ցուցարարների կողմից, որեւէ խնդիր չկա: Հուսով եմ` ոստիկանությունը որեւէ այլ խնդիրներ չի առաջացնի:
- Պարոն Պողոսյան, հարցի լուծման որեւէ դրական տեսլական ունե՞ք:
- Ոչ թե տեսլական, այլ հույս ունեմ, որ, իսկապես, մեր երիտասարդների պահանջները կընդունվեն, կկասեցվի կամ առ ոչինչ կհայտարարվի հանձնաժողովի առաջին որոշումը եւ միգուցե կսկսի գործընթաց մինչեւ օգոստոսի մեկը նորից քննարկելու, նորից փորձելու հաշվարկներ անելու: Աստված տա, ունենանք այն, ինչը պահանջում ենք եւ գնի բարձրացում տեղի չունենա:
- Ի դեպ, ցույցի կազմակերպիչերը փորձեցին զտել ցուցարարներին, այսպես կոչված, «մայդանչիներից», որոնք հայտնվում են արտասահմանյան լրատվամիջոցների տեսախցիկների առաջ: Ի՞նչ կասեք այս մասին:
- «Մայդանչիներ» չեն եղել, այլ ընդամենը մարդիկ, ովքեր գինովցած էին եւ մի քիչ ոչ ադեկվատ էին իրենց պահում: Այստեղ մայդանային երեւույթ չկա, այլ խաղաղ պայքար է` պահանջների կատարման համար: Եվ, կարծես թե, ստացվեց ու, ինչպես տեսնում եք, հիմա շատ ավելի հանգիստ է ոստիկանների եւ ցուցարարների միջեւ եղած տարածքում:
- Իսկ ինչպե՞ս կգնահատեք ոստիկանության վարքագիծը:
- Առաջին օրվա ուժի անհամաչափ կիրառումը այս երկու օրը չկա, ինչը ցույց է տալիս, որ ավելի ադեկվատ մոտեցում են ցուցաբերում:
- Ի վերջո, իշխանությունները, կարծես, երկու քայլ կատարել են` նախ պատրաստակամություն հայտնելով 5 հոգանոց պատվիրակություն ընդունել նախագահականում, ապա իշխանական թեւի ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելով ցույցին: Ըստ Ձեզ, երրորդ քայլը կրկի՞ն բացասական արձագանք կգտնի:
- Ինձ թվում է, որ պետք է շարունակեն այդ քայլերը: Չմոռանանք, որ ցուցարարները երեք օր Ազատության հրապարակում սպասում էին իրենց պահանջների որեւէ կատարման եւ որեւէ արձագանք տեղի չունեցավ: Պահանջը ընդունելով` կբացվի դուռը նոր հարցեր եւ նոր խնդիրներ լուծելու համար: Պետք է կարողանանք իսկապես պահպանել էլեկտրաէներգիայի հին սակագինը` միեւնույն ժամանակ, պահպանելով առնվազն նորմալ էներգետիկ համակարգ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk