«ՌԱԲԻՍ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՆՎԱԳՈՂՆԵՐԸ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ ԵՆ ՄԵԼԻԶՄՆԵՐՆ ՈՒ ԱՂԱՎԱՂՈՒՄ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ»
Արխիվ 12-16«ՌԱԲԻՍ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՆՎԱԳՈՂՆԵՐԸ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ ԵՆ ՄԵԼԻԶՄՆԵՐՆ ՈՒ ԱՂԱՎԱՂՈՒՄ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ»
Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ֆլեյտահար ՎԱԶԳԵՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ նշեց իր ծննդյան 75 եւ աշխատանքային գործունեության 55-ամյակները: «Իրավունքի» հետ զրույցում հետադարձ հայացք գցելով անցած տարիներին` նա ասաց. «Հասկանում եմ, որ տարիները շատ արագ են սլացել: Սակայն բոլորն էլ բեղմնավոր են եղել ինձ համար:
Երաժշտական ուսումնարանում սովորելու տարիներին, զուգահեռ` հաճախում էի սպորտ դպրոց` մարմնամարզության: Հետագայում ընտրեցի երաժշտությունն ու չեմ ափսոսում, քանի որ այս ասպարեզում մեծ հաջողություններ ունեցա. հանրապետության դափնեկիր եմ, շատ դափնեկիրներ եմ տվել, հոգեբանամանկավարժական գիտությունների համահայկական ակադեմիայի իսկական անդամ` ակադեմիկոս, դոցենտ եւ հիմա էլ արդեն` ՀՀ մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի մեդալակիր»: 
«ԼԱՅՆ ՄԱՍՍԱՆԵՐԻՆ ԴՈՒՐ Է ԳԱԼԻՍ ՌԱԲԻՍԸ»
Խոսելով անցած ուղու մասին` Վ. Մինասյանն ասաց, որ երկար տարիներ աշխատել է հանրահայտ դիրիժոր Օհան Դուրյանի ղեկավարությամբ` սիմֆոնիկ նվագախմբում: «Այս նվագախմբի հետ էլ կապեցի իմ ստեղծագործական կյանքի մեծ մասը: Հարազատ սիմֆոնիկ նվագախմբի կազմում ունեցել եմ շուրջ 3000 ելույթներ` նվագելով տարբեր երկրների խոշոր բեմահարթակներում` մեծագույն դիրիժորների, կոմպոզիտորների եւ մենակատարների հետ»,- պատմեց զրուցակիցը:
Անդրադառնալով հոբելյանական համերգին` նշեց. «Երբ նվագեցի «Երեքնուկը», ուսանողներիցս շատերը զարմացած էին, քանի որ ստեղծագործությունը կատարելիս մելիզմներով մատուցեցի, իսկ մինչ այդ` իրենց սովորեցնում էի` մելիզմներից հեռու մնալ: Այո, երբ մելիզմները տեղին ես օգտագործում եւ քիչ քանակությամբ, շատ գեղեցիկ է հնչում մեղեդին: Ռաբիս երաժշտություն նվագողները չարաշահում են մելիզմներն ու աղավաղում երաժշտությունը»,- ասաց ֆլեյտահարը, ապա նշեց, որ, ցավոք սրտի, լայն մասսաներին դուր է գալիս այդ երաժշտությունը:
«ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԵՐԳՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԷԻՆ ԼԵՓ-ԼԵՑՈՒՆ ԴԱՀԼԻՃՆԵՐՈՒՄ»
Համեմատականներ տանելով անցյալի հետ, վարպետը նկատեց, որ նախկինում ավելի շատ պահանջարկ ուներ դասական երաժշտությունը: «Սիմֆոնիկ նվագախմբի բոլոր համերգներն անցնում էին լեփ-լեցուն դահլիճներում: Այսօր շատ պահանջված է ռաբիս երաժշտությունը. ով ասես` դառնում է ռաբիս նվագող, այսինքն` ժողովրդական գործիքները մելիզմներով չարաշահող»:
Վ. Մինասյանն այս ամենի կողքին դրական տենդենցներ էլ է տեսնում: Ըստ նրա` այն պայմանավորված է արտասահմանի հետ սերտ կապերով. «Աշխարհի լավագույն երաժիշտները գալիս են Հայաստան: Բնականաբար, երաժշտական կյանքը պետք է ակտիվանար: Ովքեր քիչ էին հասկանում դասական երաժշտությունից, համերգներին գնալով` լավ կրթվեցին: Եվ արդեն սիմֆոնիկ համերգներին երբ գնում եմ, հանդիսատեսը փոխվել է, նոր դեմքեր եմ տեսնում: Նշանակում է, որ ժողովրդին պետք է դաստիարակել, կրթել»:
«ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՀԱՆՋ Է ԱՊՐՈՒՄ»
Վ. Մինասյանը դասավանդում է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, մատաղ սերնդից չի դժգոհում. «Բավական մեծ սեր կա մատաղ սերնդի մոտ` երաժշտության նկատմամբ, բայց դասական երաժշտությունը նահանջ է ապրում. դասական բաժիններում դիմորդների սակավություն կա: Ավելի շատ նախապատվություն են տալիս էստրադային, ժողովրդական երգին, պարին, անտեսում դասական վոկալը, դաշնամուրային բաժինը: Ժամանակ է գալու, որ ստիպված ենք լինելու երաժիշտներ հրավիրել արտասահմանից: Նման փորձեր արդեն ունենք»,- եզրափակեց Վ. Մինասյանը:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk