«ԱՅՍՕՐ ՄԵԿԸ ՄԻ ՏԵՂ ՆԿԱՐԱՀԱՆՎՈՒՄ Է, ՀԵՏՈ ԱՅՆՊԵՍ Է ԲԱՐԵՎՈՒՄ` ԱՄԱՉՈՒՄ ԵՍ, ՈՐ ԻՐ ՉԱՓ ՀԱՅՏՆԻ ՉԵՍ»
Արխիվ 12-16«ԱՅՍՕՐ ՄԵԿԸ ՄԻ ՏԵՂ ՆԿԱՐԱՀԱՆՎՈՒՄ Է, ՀԵՏՈ ԱՅՆՊԵՍ Է ԲԱՐԵՎՈՒՄ` ԱՄԱՉՈՒՄ ԵՍ, ՈՐ ԻՐ ՉԱՓ ՀԱՅՏՆԻ ՉԵՍ»

Վերջերս «Արտ Ֆեստ» երիտասարդական փառատոնի կողմից Համազգային թատրոնի դերասան ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՆ արժանացավ մրցանակի` «Ատամնաբույժն արեւելյան» ներկայացման բեմադրության համար: Թեպետ, մրցանակը ստանալիս, Արմանը շեշտեց, որ ինքը բեմադրիչ չէ, մրցանակն էլ իր կուրսի ուսանողներինն է: «Իրավունքի» հետ զրույցում Արմանը շեշտեց, որ գործի բերումով ստիպված է բեմադրել ներկայացումը, բայց խոսելով մրցանակների մասին` կարեւորեց, որ ամենամեծ մրցանակն իր համար թատրոնն է:
ԲԱԽՏ ՈՒՆԵՑԱՆՔ ԼԻՆԵԼՈՒ ԱՅԴ ՄԵԾ ՄԱՐԴՈՒ` ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ
- Կարո՞ղ ենք ասել, որ տարին մրցանակներով հարուստ էր, գուցե
կառանձնացնեք «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ արժանացած Սոս Սարգսյանի անվան մրցանակը:
- Ամենաթանկ մրցանակն ինձ համար երեւի թե այն է, որ ունեմ թատրոն, Սոս Սարգսյանի անվան ,Համազգային թատրոնիե դերասան եմ եւ զբաղվում եմ իմ սիրած գործով:
- Դուք այն երջանիկներից եք, որ աշխատել եք Սոս Սարգսյան վարպետի հետ:
- Այո, 15 տարի ,ապրելե եմ իր հետ եւ ոչ միայն ես, մեր թատրոնում գրեթե բոլոր իմ ընկերները: Մենք բախտ ունեցանք նրա հետ ոչ միայն աշխատելու: Թատրոնում աշխատել չի լինում. թատրոնում կա՛մ լինում են, կա՛մ չեն լինում: Մենք եղանք թատրոնում, ապրում ենք թատրոնում... Դա աշխատանք չհամարենք, որովհետեւ աշխատանքը սովորաբար սկսվում է առավոտյան ժամը 9-ին, ավարտվում` 6-ին, բայց մեր աշխատաժամերը շատ աննորմալ են... Այո, մենք բախտ ունեցանք լինել այդ մեծ մարդու` Սոս Սարգսյանի կողքին, բախտ ունեցանք շնչելու նույն օդը:
- Ամեն դեպքում, վարպետի հիմնած թատրոնի հարցը դեռ անորոշ է:
- Ցավոք, դեռ ունենք այդ խնդիրը: Ճիշտ է, հանգանակություն ենք հավաքում, բայց դեռեւս չեն հավաքվում այն միջոցները, որ ունենանք մեր սեփական տանիքը: Հայ ազգը շինանար, ստեղծող ժողովուրդ է, կարծում եմ` քիչ-քիչ, բայց կայուն կունենանք եւ կստեղծենք մեր թատրոնը: Ճիշտ է, սեփական տանիք չունենք, բայց աշխատում ենք ամեն օր, ամեն ներկայացմամբ ու ամեն Աստծո օր ապացուցել, որ թատրոնը չի մեռնում` զարգանում է:
ՄԻՋԱԿ ԴԵՐԱՍԱՆՆ ԷԼ Է ՊԵՏՔ ԹԱՏՐՈՆԻՆ, ԲԱՅՑ ԱՆԳՈՐԾ ԴԵՐԱՍԱՆԸ` ՈՉ
-Որպես երիտասարդ դերասան` այսօր ի՞նչ խնդիրներ ու բացեր կան ոլորտում, որոնք անհանգստացնում են Ձեզ:
- Տաղանդավոր երեխաներ են այսօր ավարտում ինստիտուտը, թող սխալ չհասկանան ինձ, բայց կուզենայի թատրոնները մաքրել ոչ պիտանի մարդկանցից: Թատրոններում, ցավոք, կան այդ տեսակ մարդիկ: Ափսոս չե՞ն այս երեխաները, որ տեղ չունեն աշխատելու: Թատրոններում տեղ չկա, որտեղ գնում են` ասում են` տեղ չկա: Մեր թատրոնում էլ տեղ չկա: Բայց պիտի կարողանանք էլի մեր մեջ ուժ գտնել ու հասկանանք, որ պիտի ճիշտ սերնդափոխություն լինի: Եթե ես տարիներով գործ չեմ անում թատրոնում, ինչի՞ համար եմ մնում թատրոնում, թոշակառո՞ւ եմ: Պիտի մեջս ուժ ունենամ, վայր դնեմ զենքերս, ասեմ` եղբայր, դու լավն ես, դուրս եմ գալիս, վերցրեք նրան իմ փոխարեն:
- Բայց մեծություններին փոխարինողներ ունե՞նք:
- Ես կողմ չեմ, որ տաղանդավոր դերասանը թողնի թատրոնը, խոսքս միջակ դերասանների մասին է, որոնք տարիներով ոչինչ չեն անում: Ցավոք, բոլոր թատրոններում էլ կան միջակ դերասաններ: Միջակ դերասանն էլ է պետք թատրոնին, բայց անգործ դերասանը` ոչ:
ԹԱՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ ԴԵՐԱՍԱՆԸ ԳՈՅԱՏԵՎՈՒՄ Է
- Վերջին շրջանում այդքան էլ սերիալներ չեն նկարահանվում, ու, կարելի է
ասել, հիմա էլ դերասաններն անգործության են մատնվել:
- Առաջին տարիներին, երբ սկսեցին սերիալ նկարահանել, ուրախացա: Նախ` դերասաններն անգործ չէին մնա, ժամանակին հեռուստաթատրոն կար, կրկնօրինակումները շատ էին, քան` հիմա, ու կարողանում էին դերասաններն աշխատել: Այս վակուումի մեջ հայտնվեց սերիալ երեւույթը, եւ դերասանների համար, կարծես թե, եւս մի աշխատանքի աղբյուր էր, որովհետեւ միայն թատրոնի աշխատավարձով դերասանը ոչ թե ապրում է, այլ` գոյատեւում: Սերիալներն ինձ ուրախացրին նաեւ այն առումով, որ այսքան սերիալներից կարծում էի` որակ կծնվի: Ցավոք, դա չեղավ, շատ հազվադեպ սերիալներ կարող եմ ասել, որ որակյալ էին, բայց քանակը խթան չհանդիսացավ` լավ որակ տալու: Դերասանը պիտի խաղա սերիալում, դա դերասանի գործն է, եթե ոչ դերասանը, ապա` ո՞վ:
Այլ բան է, թե մենք ինչպես ենք դա մատուցում, նկարողը պրոֆեսիոնալ է, թե` ոչ, խաղացողը դերասան է, թե` ոչ: Հաճախ փողոցից վերցնում են ինչ-որ տիպաժի, բերում պորֆեսիոնալ դերասանի կողքին ու ասում` դե խաղա... Եվ այդ ՉԴԵՐԱՍԱՆԸ, պրոֆեսիոնալ, վաստակաշատ դերասանին համարի իր կոլեգան: Օրինակ` «Տղամարդիկ», «Մենք ենք մեր սարերը» ֆիլմերում Արմեն Այվազյան անունով դերակատար կար, «Մենք ենք մեր սարերի» հայտնի Զավենը: Նա դերասան չէր, բայց այդքան ֆիլմերում նկարահանվեց եւ շատ լավ նկարվեց ու շատ դերասաններից ավելի լավ: Նա ընդամենը տիպաժ էր, չեմ հիշում շինարար էր, թե ինժեներ, բայց երբեք չասաց` ես դերասան եմ: Նա երբեք Խորեն Աբրահամյանին, Մհեր Մկրտչյանին չէր ասի, որ ես քո կոլեգան եմ, իրեն նման բան թույլ չէր տա, որովհետեւ կարգին մարդ էր: Այսօր չես հասկանում` մեկը մի տեղ նկարահանվում է, հետո քեզ այնպես է բարեւում` ամաչում ես, որ դու իր չափ հայտնի չես:
- Որքան էլ լուրջ ու մնայուն դերեր կերտեք, ամեն դեպքում, մարդկանց մեջ տպավորվել է ՀՀ նախագահի հումորային կերպարը: Առաջիկայում նման կերպարներում հանդես կգա՞ք:
- Ոչ, ճիշտն ասած այդ ժանրը չեմ սիրում իմ
կատարմամբ: Սիրում եմ, երբ նայում եմ, թե ինչպես են նմանակում, ես անհարմար եմ զգում, ճիշտն ասած, դա իմը չէ, բայց ստացվում է ինձ մոտ: Առաջիկայում չկա նման նախագիծ, ես էլ չեմ ուզում:
- Իսկ դրանից հետո հանդիպե՞լ եք նախագահին, այդ մասին չեք խոսե՞լ:
- Հանդիպել ենք, բայց այդ թեմայով որեւէ խոսակցություն չի եղել, անգամ ինձ չի թվացել, որ նա ճանաչել է ինձ: Բայց չեմ կարծում, որ առանձնապես որեւէ վրիրավորական բան կար այդ կերպարում, նա էլ այնքան հումորով է գտնվել, որ ընկալել է երեւույթն այնպիսին, ինչպիսին որ կա:
Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk