ՍԱ ԷԼ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ԽԵՐԸ
Արխիվ 12-16ՍԱ ԷԼ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ԽԵՐԸ

Այն, որ էլեկտրաէներգիայի թանկացման թեման իր շարունակությունն էր ունենալու հրապարակային բողոքների տեսքով, սպասելի էր: Թե ուր կտանի այդ դժգոհությունը, դա էլ ժամանակը ցույց կտա:
ՍԽԱԼ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՍՊԱՍԵԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Սպասելի էր նաեւ, որ դժգոհությունների թեման միանգամից տեղափոխելու էին քաղաքական հարթություն, չնայած այդպես էլ դեռ տրված չէ հոսանքի թանկացման պատմության վերջնական տնտեսական գնահատականը: Ընդ որում, նման գնահատականը կարեւոր է մի շարք առումներով: Առաջին. ժամանակին էլեկտրաէներգիա բաշխող համակարգը ընդամենը 12 մլն դոլար պետությանը վճարելու եւ տարբեր գողությունների արդյունքում կուտակված 28 միլիոն դոլար պարտքը մարելու պայմանով պետական վերահսկողությունից հանվեց որակյալ եւ էժան էներգիա, արդիական համակարգ ունենալու խոստումներով, եւ այդ խոստումները տված չինովնիկներն այսօր էլ կան, շատերը՝ նույն ոլորտում: Իհարկե՝ այդ գործարքի հետ կապված պարզելու դեռ շատ բան կա: Սակայն այս մասին չէ խոսքը. խնդիրն այն է, թե ի՞նչ տվեց ռազմավարական այս կարեւորագույն համակարգի նկատմամբ պետական վերահսկողության կորուստը:
Ի դեպ, այն օրերին քարոզվում էր, թե պետությունը ոչինչ էլ չի զիջում. եղած-չեղածը մասնավորեցնենք, իսկ պետությունն իր վերահսկողությունը կիրականացնի համապատասխան օրենքների եւ կառույցների միջոցով: Մինչդեռ այսօրվա իրավիճակը մեկ բան է ապացուցում. անկախ նրանից, թե ով ինչ է գողացել, վերահսկողություն, որպես համակարգը կարգավորող գործընթաց, որպես այդպիսին, չի եղել եւ չկա: Ու դա էլ ներկայիս վիճակն առաջ բերած ամենակոպիտ սխալն էր, ինչի մասին դեռ այն ժամանակներում ենք բազմիցս խոսել:
Բերենք ասվածի պարզ հիմնավորում. քանիցս ինչպես ՀԾԿՀ-ն, այնպես էլ՝ էներգետիկայի նախարարությունը տրտնջացել են, թե նախատեսված ներդրումներ չեն արվում, համակարգի ընկերություններում կան գերնորմատիվային իրավիճակներ ¥գերկորուստներ եւ այլն¤, որոնց դեմն առնելու հնարավորություն պարզապես չունեն: Եվ իրոք. երբ հիմա ՀԷՑ-ը սահմանվածից երկու-երեք տոկոս ավելի կորուստներ, անիմաստ վարկեր եւ շռայլ ծախսեր է ցույց տալիս, ՀԾԿՀ-ն ընդամենը արձագանքում է, թե դրանք սակագին չենք մտցնի: Բայց փաստն այն է, որ այդ գողություն-գերկորուստներն ու ՀԷՑ-ի շքեղ ավտոմեքենաները սակագնում հաշվարկվի, թե ոչ՝ բան չի փոխվում: Այդ ամենի արդյունքում համակարգը, ի վերջո, հայտնվում է այն վատ վիճակում, որ չուզենալու դեպքում անգամ՝ էլեկտրաէներգիայից առհասարակ զրկվելու հեռանկարն աչքի առաջ ունեցող պետությունը ստիպված է մտածել ընկերության խնդիրների լուծումը գտնելու ուղղությամբ: Կրկնում ենք, անգամ այն դեպքում, եթե ՀԾԿՀ-ում ամենաազնիվ մարդիկ նստած լինեին, ուրեմն ինչ կլինի, երբ այնտեղ ամենեւին էլ ամենաազնիվ մարդիկ չեն:
Այսպիսով՝ ունենք թիվ մեկ խնդիրը. համակարգի նկատմամբ ռեալ, գործուն պետական վերահսկողությունը պետք է վերականգնել: Հասկանալի է, արդեն ոչ պետական սեփականության վերականգնման միջոցով. դրա իրավական տարբերակները պարզապես չկան: Մնում է ավելի թույլ՝ օրենսդրական վերահսկողության տարբերակը: Եվ այս տեսանկյունից գալիս են ոչ պակաս կարեւոր մյուս հարցին՝ ո՞ւմ է պետք անկախ հանձնաժողով հորջորջվող ՀԾԿՀ-ն:
Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ՀԾԿՀ-Ն
Այն, որ ոչ միայն էներգետիկ, այլեւ մյուս սակագների, համակարգերի ուղղությամբ եւս ՀԾԿՀ-ն ստեղծված օրից էլ ձախողված կառույց է, թերեւս քչերը կկասկածեն: Ու առաջին հերթին այն հաճախ աբսուրդի հասնող դաշտով, որը ձեւավորել է սույն կառույցը: Բերենք նման օրինակ: Հիդրոէներգետիկան, ինչպես հայտնի է, տրամաբանորեն պետք է լիներ ամենաէժան արտադրող համակարգերից մեկը: Եվ այդ առումով՝ Հայաստանը տարիներ շարունակ հայտարարում է փոքր հիդրոէներգետիկ համակարգի զարգացման մասին՝ նույնիսկ հաճախ հանուն փոքր հէկ-երի` զոհաբերելով բնապահպանական հարցերը: Եվ արդյունքում՝ ՀԾԿՀ-ի տվյալներով` անցած տարի փոքր հէկ-երն ընդհանուր առմամբ արտադրել են 669,8 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Բայց՝ 1 կՎտ-ը միջին հաշվով վաճառվել է 22,2 դրամով: Այն դեպքում, երբ, օրինակ, Երեւանի ջէկ-ի 740,7 կՎտ/ժ էներգիան վաճառվել է 17,9 դրամով: Ընդ որում, հաշվի առնելով օրական բալանսներն ու նմանատիպ բոլոր գործոնները, Երեւանի ջէկ-ն ի զորու էր արտադրել նաեւ փոքր հէկ-երի այդ 669,8 մլն կՎտ/ժ-ը ու նկատելիորեն ավելի էժան գնով, հաշվի առնելով, որ նման պատվերի դեպքում ջէկ-ին հավելյալ վճարվող, այսպես ասած, հզորության դրույքաչափն էականորեն կնվազեր:
Մեկ այլ համեմատություն եւս. նույն տարում Սեւանի կասկադն արտադրել է մոտ 1, իսկ Որոտանի հիդրոկասկադը՝ մոտ 8 դրամանոց հոսանք: Այսինքն՝ հիդրոէներգետիկայից ակնկալվում են մոտավորապես հենց նման սակագներ, ու եթե պետք է ունենանք 22 դրամանոց արտադրանք, հարց է ծագում, թե այդ փոքր հէկ-երն առհասարակ ո՞ւմ են պետք: Առավել եւս, որ փոքր հէկ-երի ուղղությամբ ժամանակի ընթացքում ներդրվել են այնպիսի լուրջ միջոցներ, որոնք միգուցեեւ կբավարարեին երկու-երեք առանցքային խոշոր հիդրոկասկադների ստեղծման համար:
Ու ոչ պակաս կարեւոր մեկ այլ հարց. ինչո՞ւ է դրանց արտադրանքն այդքան թանկ, երբ սովորական հոսող ջրից հոսանք են ստանում. ոչ գազ, ոչ ատոմային վառելիք: Այդ թանկության պատճառը շատ պարզ է. կոպիտ ասած՝ վերցրել ու գրեթե բոլոր ներդրումները հաշվարկել են, թե՝ գործարար է, ներդրումը պետք է չէ՞ ետ ստանա: Բայց ինչո՞ւ այդ տրամաբանությամբ նաեւ, ասենք, խանութ հիմնող գործարարին իր ներդրումները ետ ստանալու հնարավորություն չի տրվում: Կարո՞ղ է նա գների հաշվին ասենք՝ վերանորոգման ծախսերը ետ ստանալ, իհարկե՝ ոչ. գները հենց մի քիչ բարձրացնի, մարդիկ առեւտուր չեն անի: Այդ դեպքում ինչո՞ւ է ՀԾԿՀ-ն փոքր հէկ-երին հնարավորություն տալիս սպառողի գրպանի հաշվին իր ծախսերը ետ ստանալ, այսինքն՝ սպառողի գրպանի հաշվին հէկ կառուցել ու փող աշխատել: Ներդրո՞ւմ են արել. հետո ինչ, թող մի 15-20 տոկոսանոց եկամուտ ստանան ու դրա հաշվին ներդրումները ետ բերեն, եւ ոչ թե արհեստական սակագների հաշվին...
Եվ ՀԾԿՀ-ի նման աբսուրդային «մեթոդաբանությունից» հետո, թե ինչքանով են հոսանքն էժանացնելուն միտված փոքր հէկ-երը բարձրացնում հոսանքի ընդհանուր սակագինը, դժվար չէ հաշվել: Փոխարենը՝ շատ դժվար է գնահատել, թե քանի-քանի նման այլ աբսուրդ մեթոդներ ունի ՀԾԿՀ-ն եւ թե դրանից յուրաքանչյուրը որքանով է ազդում ոչ միայն հոսանքի վերջնական սակագնի ուռճացման, այլեւ՝ այնպես է խճճել ողջ սակագնային հաշվարկները, որ արդեն խոր եւ երկարատեւ մասնագիտական հաշվարկները կարող են տալ էներգիայի օպտիմալ սակագինը: Իսկ թե այդ խճճվածությունը կոռուպցիոն ինչ ճանապարհներ կարող է բացել, դժվար չէ կռահել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk