«ՈՐՈՇՆԵՐԸ ՄԱՐԴ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՆՄԱՐԴ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Արխիվ 12-16«ՈՐՈՇՆԵՐԸ ՄԱՐԴ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՆՄԱՐԴ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Երեկ խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվեց ՀՀ եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի ապրիլի 14-ին ստորագրված «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը: Սակայն, մինչ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, թե չկա մի հայ, ով դեմ կլինի «Հյուսիս-Հարավ» ծրագրի իրականացմանը, եւ մի շարք իշխանական եւ ընդդիմադիր թեւի պատգամավորներ համաձայնեցին այս մտքի հետ, այնուամենայնիվ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հանդես եկավ ամեն ինչ սեւացնելու տեսանկյունից: Այս, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի թանկացման աղմկահարույց թեմային ու քաղաքական դաշտում ընդդիմության այսօրվա դերակատարությանը, «Իրավունքն» անդրադարձավ` զրուցելով ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:
«ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՍԱԾԸ ՇԱՆ ՏԵՂ ՉԵՆ ԴՆՈՒՄ»
–Պարոն Մելիքյան, վերոնշյալ համաձայնագիրը, թերեւս այն բացառիկ դեպքերից էր, որի քննարկման ժամանակ թվում էր, թե ընդդիմախոսներ չեն լինի: Սակայն սա էլ քննադատվեց օպոզիցիայի կողմից...
– Հենց նմանատիպ դեպքերի եւ երեւույթների մասին խոսելիս է, որ միշտ ասում ենք, որ ընդդիմության համար լավ եւ վատ աշխատանք գոյություն չունի: Ե՛վ լավն է քննադատում, ե՛ւ վատը: Միգուցե, նաեւ ընդդիմության գործը հենց քննադատելն է, բայց տրամաբանությանը մոտ եւ կառուցողական քննադատությունը, կարծում եմ, շատ ավելի ճիշտ է եւ ժողովրդի կողմից ընդունելի: Ընդդիմադիր մեր գործընկերներից ելույթ ունենալով` ասացին, որ ընդդիմության ասածը շան տեղ չեն դնում: Կրկնում եմ` սա մեջբերում եմ հենց իրենց խոսքը: Բայց եթե ինչ-որ մեկը դիմացինի խոսքը չի ընդունում, դա չընդունողի մեղավորությունը չէ, այլ նրա մեղավորությունն է, ում խոսքը չեն ընդունում: Հետեւաբար, պետք է մտքերն այնպես ձեւակերպել, որ լինի ընդունելի, տրամաբանության շրջանակներում, ոչ թե հակա կամ ընդդեմ ինչ-որ մի աշխատանքի, փաստի, այլ հանուն մի լավ գործի: Եվ ցանկացած դեպքում ցանկացած խոսք այդ պարագայում կլինի ընդունելի:
– Նախորդ շաբաթ «Ակցիզային հարկի դրույքների բարձրացման» ու «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ.-ի ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերը, թեպետ կրկին դարձան ընդդիմության քննադատության առարկա, բայց նրանք անգամ 20 րոպե ընդմիջում պահանջելով` էլի չկարողացան միավորվել, բոյկոտել, որպեսզի չանցնի այս օրենքը: Արդյո՞ք կարող ենք ասել, որ այլեւս ընդդիմությունը չի կարող միավորվել որեւէ հարցի շուրջ:
– Կարծում եմ` ոչ: Եվ դրանում իշխանությունների մեղքի բաժինը չեմ տեսնում: Ինչ վերաբերում է օրենքի նախագծին, պետք է ընդգծեմ, որ այն քաղաքականությունը, որը որդեգրել է կառավարությունը, ճիշտ է եւ ժամանակին համահունչ: Նախ` մինչեւ «Աքցիզային հարկի մասին» օրենքը ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ներառելը, քննարկվել են տնտեսական բավականին շատ նախագծեր, որոնց հետեւանքը կարող է լինել ներդրումների ակտիվության ապահովումը: Այս պահին մեր երկրին, մեր ժողովրդին անհրաժեշտ են այն ներդրումները, որոնք կուղղվեն սոցիալապես անապահով խավին:
«ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ԱՅՍ ՔԱՅԼԻՆ ԳՆԱԼԸ ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ»
–Ի դեպ, ուշագրավ իրավիճակ էր Ազատության հրապարակում` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված մի քանի օր շարունակվող նստացույցին, պարզվեց, որ ամենեւին էլ ընդդիմադիր լիդերներ պետք չեն: Ավելին` ընդդիմությունն այս անգամ չկարողացավ ցուցարարներին թելադրողի դերը ստանձնել: Ի՞նչ կասեք այս մասին:
– Սա հենց հաստատում է իմ այն միտքը, որը քիչ առաջ ասացի: Եթե ընդդիմությանը ժողովուրդը չի ընդունում, դրանում մեղավորը իշխանությունը չէ: Դրանում մեղավորը ընդդիմությունն է: Ուրեմն` չեն հավատում իրենց եւ չեն ընդունում ու շատ էլ լավ են անում, որ չեն ընդունում:
– Հանրության կողմից բացահայտ ընդվզում կա էլեկտրաէներգիայի գնի թանկացման վերաբերյալ: Ըստ Ձեզ, ինչի՞ կհանգեցնեն հանրահավաքներն ու երթերը:
– Բոլորովին այն կարծիքին չեմ, որ ոչ միայն էլեկտրաէներգիայի, այլ ընդհանրապես ցանկացած ապրանքատեսակների սակագների բարձրացումը կարող է ողջունելի լինել ողջ հասարակության կողմից: Ընդունում եմ, որ որեւէ մեկին դա դուր չի գալիս` որպես ՀՀ քաղաքացի: Ընդունում եմ նաեւ, որ դժվար է, բայց եկեք ընդունենք` հարկադրված այս քայլին գնալը ընդամենը համակարգի փրկության նպատակ է հետապնդում: Մենք չենք ուզում ունենալ հովհարային անջատումներ, չենք ուզում, որ համակարգն ամողջությամբ փլուզվի, որովհետեւ տարիների, նույնիսկ տասնյակ տարիների աշխատանքի հետեւանք է այն, ինչի հասել ենք: Եվ ժամանակավոր լուծում չտալով` պարզապես, համակարգը փլուզման կենթարկվի: Մեզ համար այդ ճանապարհն անընդունելի է: Ու համոզված եմ, որ առաջիկայում աշխատանքների արդյունավետ կազմակերպման հետեւանքով կարելի է գնալ նույնիսկ սակագների նվազեցման, եթե այլ ֆորսմաժորային իրավիճակներ չստեղծվեն:
«ՃԻՇՏ Է, ԹԵ` ՍԽԱԼ, ԲԻԲԻՆԸ ԹՈՂ ՈՐՈՇԻ»
–Ամեն դեպքում, ընդդիմախոսների կողմից բազմիցս շեշտվեց խորհրդարանականների հանդեպ ՀԵՑ-եր ընկերության տնօրեն Ե. Բիբինի արհամարհանքի եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի անկարողության մասին: Դուք ինչպե՞ս եք վերաբերում դրան:
– Բիբինն իրեն պահում է այնպես, ինչպես կպահեր, երեւի թե, յուրաքանչյուր խոշոր համակարգի ներկայացուցիչ, տնտեսական ղեկավար: Նա ցանկացած պարագայում փորձում է իր կառույցի տնտեսական վիճակը որքան հնարավոր է արագ կարգավորել` թեկուզ սակագների բարձրացման ճանապարհով: Ճիշտ է, թե` սխալ, Բիբինը թող որոշի, բայց հասկանում եմ նրան եւ իր քայլերը: Միգուցե, տնտեսվարող օբյեկտի ցանկացած ղեկավար նման քայլերի գնար, միգուցե` չգնար, բայց ասել, որ սրանից կարելի է հետեւություն անել, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վատ է աշխատում, ինձ համար անընդունելի է: Երբեք չի կարելի սրանով առաջնորդվելով` ասել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ավելի թույլ է կամ վատ է աշխատում, բացարձակ: Ավելին` սա աշխատանքի ճիշտ կազմակերպման արդյունք է: Եթե հակասություններն ակնհայտ են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ տնտեսվարող սուբյեկտի մեջ, կարելի է միայն ողջունել: Եթե հակասություն, չլիներ տնտեսվարող սուբյեկտի եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջեւ, այն ժամանակ կարելի էր ասել, որ աշխատանք չի տարվում: Մինչդեռ, եթե հակասություն կա, ուրեմն` աշխատանքը ճիշտ է:
«ՈՐՈՇՆԵՐՆ ԷԼ ՄԱՐԴ-ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՆՄԱՐԴ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
–Որքանո՞վ է հավանական, որ արձակուրդներին կհաջորդի քաղաքական թեժ աշունը` հաշվի առնելով վերջին թանկացումների ֆոնին հանրության ակտիվացումն ու քաղաքական դաշտում վերադասավորումերը` նոր կուսակցություններ ստեղծելու տեսքով:
– Կարծում եմ` բնական երեւույթ է, քաղաքականության մեջ գործընթացներն այդպես են շարունակվում: Որոշ կուսակցություններ բացվում են, որոշ կուսակցություններ` փակվում, որոշ կուսակցություններ անվանափոխվում են, որոշներն էլ մարդ կուսակցություններից դառնում են անմարդ կուսակցություններ: Այնպես որ, չեմ տեսնում ու չեմ սպասում քաղաքական ո՛չ թեժ, ո՛չ սառը, ո՛չ շոգ աշուն: Նորմալ կշարունակվեն քաղաքական գործընթացները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk