«ԼԵՎՈՆԸ ՏԱՆԿԵՐ ԲԵՐԵՑ, ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՍՈՒՄ ԷՐ` ԵՍ ԺՈՂՈՎՐԴԻՑ ՀԶՈՐ ԵՄ, ԻՍԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴՐԱՆ ՉԳՆԱՑ»
Արխիվ 12-16«ԼԵՎՈՆԸ ՏԱՆԿԵՐ ԲԵՐԵՑ, ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՍՈՒՄ ԷՐ` ԵՍ ԺՈՂՈՎՐԴԻՑ ՀԶՈՐ ԵՄ, ԻՍԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴՐԱՆ ՉԳՆԱՑ»
Երեկ գիշեր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարներին միացան ու ոստիականության առաջ պատնեշ կազմեցին ընդդիմադիր պատգամավորները, մշակութային գործիչները, հոգեւորականներն ու նույնիսկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Սակայն, կրքերը Բաղրամյան փողոցում բոլորովին էլ խաղաղ չէին` սկսած պատգամավորների հետ ցուցարարների «ռազբոռկեքից» մինչեւ հայհոյանքներ: Այնտեղ էր նաեւ ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ, ում հետ «Իրավունքը» զրուցեց ստեղծված իրավիճակի մասին:
«ԵՐԲ ՈՐԵՎԷ ՄԱՐԴ ՄՏԱՀՈԳՎՈՒՄ Է, ԻՆՉՈ՞Ւ ՊԻՏԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՆԱ»
- Պարոն Հայրիկյան, ի՞նչ կասեք արդեն մի քանի օր շարունակվող ցույցի նման զարգացման մասին:
- Առանձնահատուկ որեւէ բան երեւի չասեմ, միայն այն, ինչ-որ ակնհայտ է: Կարծես թե, երեկվանից հետո բոլորը մի քիչ հասունացել են: Նկատի ունեմ նաեւ նրանց, ովքեր եկան որպես պատնեշ եւ նրանց, ովքեր մեկ օր առաջ մարդկանց նկատմամբ բռնություն էին կիրառում: Իհարկե, միայն դրականը չեմ տեսնում այդ հասունացման մեջ, ուրիշ բան էլ կա, որի մասին խոսել չեմ ուզում…
- Ըստ Ձեզ, մի քիչ ուշացած չէ՞ր ընդդիմության ներկայացուցիչների հայտնվելը Բաղրամյան փողոցում:
- Նախ շատ դժվար է ասել` «ընդդիմությունը», որովհետեւ Արմեն Աշոտյանն էլ էր եկել: Մարդիկ եկել են, ովքեր կարծում են, որ հարցերը պիտի զգուշությամբ լուծվեն, այստեղ ընդդիմության հարց չկա:
- Այսինքն` Ձեր կողմից ողջունելի՞ էր իշխանության ներկայացուցիչների այստեղ լինելը:
- Ընդհանրապես, երբ որեւէ մարդ մտահոգվում է, ինչո՞ւ պիտի քննադատության արժանանա: Ընդհակառակը, մանավանդ եթե քո հակառակորդն է մտահոգվողը, պիտի ուրախանաս, որ նա կիսում է քո տագնապները, ուզում է նվազագույնի հասցնել բացասականը: Ամեն դեպքում, կարծում եմ, որ մյուս կողմից էլ նույն Աշոտյանը պիտի հանգիստ ընկալի ցուցարարների բացասական արձագանքը:
«ԱՅՍՏԵՂ ՄԱՅԴԱՆԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ ՉԿԱ»
- Ի դեպ, միջազգային մամուլը սկսել է արդեն չարախնդալ, թե Հայաստանում մայդանային իրավիճակ է…
- Նախ ասեմ, որ «չարախնդալ» բառի հետ համաձայն չեմ: Միջազգային մամուլում, ուղղակի, նշում են, որ քաղաքացիական գործունեությունն ավելացել է: Մայդանային իրավիճակը համարում եմ դրական, բայց այստեղ այդպիսի իրավիճակ չկա: «Մայդան» նախեւառաջ նշանակում է հրապարակային քննարկումներ, այսինքն` տարբեր տեսակետների ազատ մոտեցում, իսկ այստեղ այդպիսի բան չկա: Տխրությամբ եմ արձանագրում, որ այստեղ կա բողոքի ակցիա` մեկ ցենտի համար: Օրինակ, եթե Սերժ Սարգսյանը համաձայնվեր, ինչքան ամոթալի բան պիտի լիներ, կասեին` այդ մեկ ցենտը ստացաք ու գնացիք հետ: Արեւմտյան մամուլը դրան է անդրադառնում, եւ ես ավելի շատ դրանով էի տագնապած: Բայց այստեղ ուրիշ բան կա. սոցիալական պետություն է Հայաստանը, մարդիկ իրենց արժանապատվության համաև կարող է ոչ թե մեկ ցենտի, այլ մեկ հազարերոդական ցենտի համար էլ խոսքը վերափոխեն այլ հարթություն:
- Թերեւս Ձեր քաղաքական տարիների փորձը թույլ է տալիս ասելու` Հայաստանում եղե՞լ են այսպիսի տեւական խաղաղ բողոքի ցույցեր:
- Պետք է հիշել, որ 1996 թվականին Լեւոնը (Տեր-Պետրոսյան) տանկեր բերեց, Քոչարյանն ասում էր` ես ժողովրդից հզոր եմ, իսկ Սերժ Սարգսյանը դրան չգնաց:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk