ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՏԱՆՁՆԵՑ ԳՈՐԾ ՏՎՈՂԻ ԴԵՐԸ (Տեսանյութ)
Արխիվ 12-16ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՏԱՆՁՆԵՑ ԳՈՐԾ ՏՎՈՂԻ ԴԵՐԸ (Տեսանյութ)
Երեկ գիշեր Բաղրամյան փողոցի սկզբնամասում, որտեղ ոստիկանությունն ու էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի մասնակիցները կրկին հայտնվել էին դեմ առ դեմ, հայտնվեցին նաեւ ընդդիմադիր թեւի պատգամավորներ, ինչպես նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ով մեղմ ասած, փախուստի դիմեց` ցուցարարների արձագանքը լսելով: Տիկնայք եւ պարոնայք խորհրդարանականները որոշել էին պատ կազմել ոստիկանության առաջ, որպեսզի գոնե այս առավոտ ոստիկանության կողմից գործի չդրվեն ջրցան մեքենաները: Սակայն, ինչպես ուռին ու բարդին, այստեղ էլ ամեն մեկն անցավ իր գործին: Մինչ ԿԳ նախարարը համբերությամբ «զինված» կուլ էր տալիս իր հասցեին հնչող հայհոյանքները, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ որոշեց շոու ցուցադրել: Վերջինս, պարզապես, ստանձնեց գործ տվողի դերը ու փորձում էր ոստիկանության ձեռքը հանձնել մի պապիկի, որը Ն. Փաշինյանի երեսին շրխկացրեց հետեւյալը. «Սա շոույա ուղիղ եթերում, էկել եք շոու եք անում ստեղ: Երեկ խի՞ չէիք ստեղ, եկել են քաղաքական շոու են անում, մեզ ո՛չ դիմադիր ա պետք, ո՛չ ընդդիմադիր»: Արի ու տես, որ Ն. Փաշինյանի փխրուն հոգին վիրավորվեց այս խոսքերից այնքան, որ շտապեց դիմել ոստիկանությանը` քաղաքացուն որակելով որպես սադրիչ. «Ոստիկանությունը պարտավոր է հեռացնել այս մարդուն, նա ալկոհոլի ազդեցության տակ է…»: Ինչեւէ, քաղաքացուն հաջողվեց «ծլկել», իսկ Ն. Փաշինյանի վատությունը մնաց հենց իրեն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk