ԵՎԱ ԵԳԱՆՅԱՆ. «ԱՅՍՕՐՎԱ ԼՍԱՐԱՆԸ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՒԶՈՒՄ»(տեսանյութ)
Արխիվ 12-16ԵՎԱ ԵԳԱՆՅԱՆ. «ԱՅՍՕՐՎԱ ԼՍԱՐԱՆԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՒԶՈՒՄ» (+Տեսանյութ)
Վաղը կկայանա երգչուհի ԵՎԱ ԵԳԱՆՅԱՆԻ «Ասա ինչու» երգի տեսահոլովակի պրեմիերան: Այն արդեն երգչուհու երրորդ տեսահոլովակն է, «Իրավունքի» հետ զրույցում երգչուհին խոսելով նոր երգի եւ տեսահոլովակի մասին պատմեց.
- Քանի որ երգի առաջին կատարողը ես էի` ցանկացա, որպեսզի տեսահոլովակի միջոցով երգն ունենա պատմություն եւ ապրի շատ երկար: Երգը ժողովրդական է, որի հեղինակը Գրիգոր Բանանցն է: Իսկ տեսահոլովակի ռեժիսորը` Վասիլ Շահբազյանը Կարծում եմ տեսահոլովակն իր ոճում յուրահատուկ է: Աշխատել եմ պրոֆեսիոնալ թիմի հետ: Կան պարողներ, փոքրիկ տեսարաններում պարել եմ նաեւ ես:
- Այս ընթացքում ինչո՞վ էիք զբաղվում:
- Զբաղված էի իմ անհատական կարիերայով, երգեր եմ ձայնագրել, բազմաթիվ համերգներ եմ ունեցել թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս: Չորս անգամ համերգային շրջագայությամբ եղել եմ ԱՄՆ-ում: Այդ ընթացքում ավարտել եմ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի մագիստրատուրան: Ինչպես նաեւ արդեն աշխատում եմ «Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական անսամբլում»` որպես մեներգչուհի:
- Մաքրամաքուր, անաղարտ կերպով ներկայացնում եք ժողովրդական, գուսանական երգերը, բայց կոմպոզիտորի մասնագիտություն ունեք: Երկուսն էլ լրացնո՞ւմ են իրար, թե՞:
-Ուրախ եմ, որ ունեմ կոմպոզիտորի մասնագիտություն, չնայած այն փաստին, որ մանկուց երգել եմ եւ ստացել եմ վոկալ կրթություն երեք ժանրերում` դասական, էստրադային ապա ժողովրդական: Իսկ իմ մասնագիտությունն օգնում է ինձ իմ երգերի մեջ, քանի որ երգին մոտենում եմ ոչ միայն որպես երգչուհի, այլ նաեւ` երաժիշտ:
- Երբ ասում ենք գուսանական երգ, այն միանգամից զուգակցվում է ժողովրդական նվագարանների հետ, պարտադի՞ր է այն, թե՞…
- Մոտեցումը կարող է տարբեր լինել եւ որակական կորուստ չի լինի: Դա կախված է տվյալ երգից: Այսօրվա լսարանը նորություն է ուզում: Կան երգեր, որոնք պետք է ուղղորդվեն միայն ժողնվագարանների ուղեկցությամբ: Բայց, նաեւ կան երգեր, որոնք հնարավորություն են տալիս գործիքավորել նոր` ժամանակակից մոտեցմամբ` չդիպչելով, չաղավաղելով երգի բուն մեղեդին:
-Հիմնականում ձգտում են տաշի-տուշի երգել, որ գումար վաստակեն: Իսկ Ձեր երգացանկում կա՞ն նման երգեր:
- Իմ երգացանկը բազմաոճ է եւ բազմաժանր, ունեմ ժողովրդական ուրախ եւ արագ երգեր,
որոնց ներքո կարելի է պարել եւ ուրախանալ:
- Որքան գիտեմ երկու տեսահոլովակ ունեք, ում հետ եք համագործակցում:
- Առաջին տեսահոլովակը եղել է զուգերգ Սամսոն Պանյանի հետ` «Սերդ ընձի վառել ա» երգի հիման վրա: Երգի հեղինակն է Գրիգոր Բանանցը, իսկ ռեժիսորը` Վահե Տերտերյանը: Երկրորդ տեսահելովակը դա «Երկիր իմ սուրբ» երգն է, որի երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերի հեղինակը` լոսանջելեսահայ տաղանդավոր բանաստեղծ Կայլակը, իսկ ռեժիսորը` Մարթին Քալուսն է: Երգը էստրադային ժանրում է:
- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:
- Այժմ աշխատում եմ առաջին ձայնասկավառակիս վրա, որի շնորհանդեսը կլինի աշնանը: Այստեղ զետեղված կլինեն միայն ժողովրդական ժանրի երգեր: Նախատեսվում են նաեւ նոր տեսահոլովակների նկարահանումեր: Կփորձեմ հանդես գալ միշտ նորություններով: Հետագայում կթողարկվի ձայնասկավառակ նաեւ էստրադային ժանրի երգերով:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk