«ՍԱՂ ԴԱՏԱՐԱՆԵՐՆ ԷԼ ԱՌԵԼ ԵՄ»
Արխիվ 12-16«ՍԱՂ ԴԱՏԱՐԱՆԵՐՆ ԷԼ ԱՌԵԼ ԵՄ»
Հայաստանյան դատարանների «արդարադատությունից» հուսահատված` երեկ «Իրավունքի» խմբագրություն էին դիմել Երեւանի Արշակունյաց փողոցում գտնվեղ «Ամրաններ» գործարանի բաժնետերեր: Նրանք արդեն երկար տարիներ պայքարում են օրենքով իրենց հասանելիք գումարների համար, բայց...
Այդ գումարները, ինչպես մեզ հետ զրույցում ասաց Լալազար Մինասյանը` «2000 թվականից յուրացնում են «Ամրաններ» ընկերության գլխավոր սեփականատեր դարձած Կարտոյանները»: Եվ ոչ միայն. մեր զրուցակիցների պնդում են, որ իրենք խաբված են ոչ միայն գործարանի գլխավոր բաժնետեր Լեւոն Կարտոյանի, այլեւ պետության եւ դատարանների կողմից:
Բաժնետերերը մեծ ակնկալիքով էին 2011 թվականին դիմել դատարան, վստահ լինելով, որ իրենց տարիների կուտակած շահույթը դատարանը կպարտավորեցնի, որպեսզի ներկայիս գլխավոր բաժնետերը հետ վերադարձնի: Սակայն աննկարագրելի է եղել վերջիններիս հիասթափությունն ու զարմանքը, երբ դատարանը հիմք է ընդունել Կարտոյանի տված թղթերը, ըստ որի` գործարանն աշխատել եւ շարունակում է աշխատել վնասով` հաշվի չառնելով բոլորովին այլ վիճակ ներկայացնող աուդիտի արդյունքները: Չնայած դատարան դիմած բաժնետերից մեկը` Լալազար Մինասյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի կայացրած եւ դրան հաջորդած Վերաքննիչ դատարանի վճիռներն ամենեւին էլ զարմանալի չի համարում, քանի որ, պատմում է, թե անձամբ է լսել, թե ինչպես է պարոն Կարտոյանը գործարանի ներկայիս աշխատակիցներից մեկին մասնավորապես ասել. «Սաղ դատարաններն էլ առել եմ` Առաջին ատյանին էլ, Վերաքննիչին էլ, Վճռաբեկին էլ: Դատավորներին, ինչքան ուզում ես, փող կտամ, բայց դրանց ոչ մի կոպեկ չեմ տալու»:
Հ.Գ. Վերոնշյալի մասին առավել մանրամասն կարդացեք «Իրավունքի» վաղվա տպագիր համարում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk