ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ԱՐԴԱՐԱՑՈՒՄԸ` ԱԿՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՉՄԻԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Արխիվ 12-16ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ԱՐԴԱՐԱՑՈՒՄԸ` ԱԿՑԻԱՅԻ
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՉՄԻԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երեկ «Ոչ թալանին» նախաձեռնությունը կազմակերպել էր բողոքի հզոր ակցիա ընդդեմ հոսանքի թանկացման: Ակցիային այդպես էլ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների չտեսանք:
Այսօր «Իրավունքը» փորձեց ընդդիրմադիրներից պարզել` ինչու նրանք չէին մասնակցում երեկվա բողոքի ակցիային այն դեպքում, որ ոչ մի առիթ բաց չէին թողնում ի ցույց դնել իրենց:
«Իրավունքի» հարցադրումը ընդդիմադիր մի քանի պատգամավորներին այսպիսին էր` արդյոք ընդդիմադիրները այսօրվանից չպետք է հավաքեն իրենց իրերը, այլեւս իրենց ընդդիմություն չկոչեն, քանի որ երեկվա դեպքերը հստակ ցույց տվեց` միակ ընդդիմությունն այսօր հանրությունն է: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել, իսկ ահա «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն էլ ասաց, որ իշխանությունը պետք է հավաքի իր իրերը, քանի որ հոսանքի թանկացման պատասխանատուն հենց նա է. «Ընդդիմությունն է ծեծե՞լ ակտիվիստներին: Ամեն ինչով էլ սատարել է ընդդիմությունը: Այսօր ակտիվիստների ազատ արձակման հարցն է բարձրաձայնել խորհրդարանում: Ընդդիմությունը միշտ էլ եղել է ակտիվիստների կողքին: Այդ երեխաները, որ տարվել են բաժին, իշխանությունի՞ց էին: Ոչ, ընդդիմությունից»:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ երեկվա բողոքի ակցիային ԲՀԿ երիտասարդներն են մասնակցել, ավելին` ձերբակալվածների թվում կան ԲՀԿ երիտասարդներ: «Ինքս անձամբ գրեթե բոլոր ընդվզումներին մասնակցել եմ: Եթե անհրաժեշտէ եղել, դիրքորոշում եմ հայտնել`որպես ՀՀ քաղաքացի եւ որպես պատգամավոր: Անթույլատրելի ենք համարում նման վարքագիծը խաղաղ ցուցարարների ու լրագրողների հանդեպ»:
Թե ինչու Վահե Էնֆիաջյանը չի մասնակցել բողոքի ակցիային, պրն Էնֆիաջյանն ասաց, որ զուտ տեխնիկական է եղել: «Այդ ակցիային մեր խմբակցության պատգամավոր Հայկ Խաչատրյանն է մասնակցել: Այլ պատգամավորների մասին չեմ կարող ասել»,-ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:
Քաղաքական գործիչը համաձայն չէ այն կարծիքին, որ իշխանության ռեալ ընդդիմությունը հանրությունն է: «Եթե պատգամավորները ակցիայի այդ ժամանակահատվածում ներկա չեն եղել (նկատի ունի ցուցարարներին ջրցան մեքենաներով հեռացնելը), դա չի նշանակում ընդդիմադիր դաշտը չի միտահոգվում»:
Վահե Էնֆիաջյանին հիշեցրինք` ԲՀԿ-ն ամիսներ առաջ հեղափոխություն էր ցանկանում անել, իսկ երեկ Բաղրամյան պողոտայում կարելի է ասել, հեղափոխական իրավիճակ էր: «Ոչ, դա հոսանքի սակագնի բարձրացման դեմ պայքար էր, որը փողոցում էր ընթանում»,- եզրափակեց Էնֆիաջյանը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ «Իրավունքի» հարցադրմանը չհամաձայնեց`ասելով. «Երեկվա բարձրացրած խնդիրներն ընդդիմությունը բարձրաձայնել է: Երկրորդ` պայքարի տարբեր մեթոդներ կան: Երբեմն էլ իշխանության կողմից ուղղորդված պայքարներ: Ես այդ դեպքը կոնկրետ նկատի չունեմ, այլ ընդհանրապես եմ ասում ուղղակի իշխանության մոտ աշխատող ընդդիմադիրներ: Իշխանության սուրբ պարտք էլ, ցավոք սրտի, ընդդիմության դերը նսեմացնելն է, լղոզված պատկեր ստեղծելը, թե որեւէ փոփոխություն անել հնարավոր չէ: Ասեմ Ձեզ նաեւ, որ մեր երիտասարդական կառույցն էնտեղ էր»:
Հ.Գ. Փաստորեն, մեր ընդդիմությունը միայն տանը նստած, սոցիալական ցանցերով զանազան «ստատուսչկաներ» գրելով, ամբիոնից լալահառաչ ճառեր ասելով է սահմանափակվում իշխանափոխություն անելը, կամ ինչ որ հարց լուծելը, իսկ երբ հերթը հասնում է ռեալ քայլերին, հայտնվում են «Խաթաբալադա» ներկայացման հերոսի կարգավիճակում` ես չեմ կարող գնալ, ես զանգի եմ սպասում, ես չէի եկել, բայց իմ փոխարեն եկել էին, իրավիճակում կամ ավելի վատ կարգավիճակում: Ընդդիմադիր լիդերների` տարիներով իրենց վրա հավաքած «տոննաներով» կոմպրոմատներն ուղղակի ծալում են լիդերների ծնկները: ԱՅս պատասխաններից ակամայից հիշում ենք հայտնի հայկական «մկների ժողով» մուլտֆիլմը, որտեղ զանգ կախելու համար, բոլոր մկները ակամայից մի պատճառաբանություն էին ներկայացնում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk