ԱԿՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ ԱՆԳԻՏԱԿԻՑ ՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՍՑՐԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Արխիվ 12-16ԱԿՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ ԱՆԳԻՏԱԿԻՑ ՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՍՑՐԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած ակցիայի անդամներին և մասնակիցներին ցրելու ժամանակ բազմաթիվ մարդիկ ստացել են մարմնական վնասվածքներ: Նրանց մասին տեղեկություն ստանալու համար «Իրավունք»- ը դիմեց մայրաքաղաքի մի քանի բուժհաստատություն: Մասնավորապես՝ «Արմենիա բժշկական կենտրոն»-ից տեղեկացրեցին, որ ժամը 10.00-ի սահմաններում անգիտակից վիճակում իրենց հաստատություն են տեղափոխել տարիքով մի տղամարդու, որի ինքնությունը դեռևս չեն կարողացել պարզել, սակայն միջոցներ են ձեռնարկում նրան ուշքի բերելու և բուժօգնություն ցուցաբերելու համար:
«Շտապ օգնության թիվ 3» կլինիկական հիվանդանոցից «Իրավունք»-ին տեղեկացրեցին, որ իրենց բուժհաստատություն է տեղափոխվել 1984 թվականին ծնված մի տղամարդ, ոտնաթաթի սալջարդ ախտորոշմամաբ, իսկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շտապ օգնության և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը «Իրավունք»-ին տեղեկացրեց, որ իրենց մոտ ընդհանուր առմամաբ տեղափոխվել է 10 մարդ, նրանցից մի քանիսն արդեն դուրս են գրվել:
«Այս պահի դրությամբ բաժանմունքում հինգն են: Լուրջ վնասվածքներ չկան, հիմնականում քերծվածքեր են և փափուկ հյուսվածքների սալջարդեր: Ոսկրային ոչ մի կոտրվածք չունենք»,- «Իրավունք»-ին փոխանցեց Ս. Կարապետյանը:
Եթե վնասվածքներն այնքան էլ ծանր չեն, ապա ե՞րբ դուս կգրվեն այդ 5 հիվանդները հարցին Ս.Կարապետյանը պատասխանեց, որ դա պարզ կլինի առողջացման դինամիկայից ելնելով, իսկ այս պահին նրանք դեռ գտնվում են հսկողության տակ:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
