ՇԱԲՈՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ «ՄԱՐԱԹՈՒԿԻ» ՄԵՆԱՄԱՐՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Արխիվ 12-16ՇԱԲՈՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ «ՄԱՐԱԹՈՒԿԻ» ՄԵՆԱՄԱՐՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Երեկ "Մարաթուկ" ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, բողոքելով ՏՄՊՊՀ-ի նախագահ Ա. Շաբոյանի` իրենց նկատմամբ կատարած հայտարարության դեմ: Մենք տեւական ժամանակ է, ինչ հետեւում ենք "Մարաթուկի" շուրջ ստեղծված իրավիճակին, ուստի այս անգամ էլ ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:
ՇԱԲՈՅԱՆԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
"Ըստ մի շարք լրատվական կայքերի` ս.թ. հունիսի 22-ին Ծաղկաձորում ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարությամբ է հանդես եկել առ այն, որ "Մարաթուկ" ընկերությունն իբր մոլորեցնում է քաղաքացիներին` բուկլետներում ներառելով Կրետե կղզին, որը, ըստ Շաբոյանի, իրականությանը չի համապատասխանել:
"Մարաթուկ Հոլդինգ" ՍՊ ընկերությունը բազմաթիվ հրապարակումներում արդեն իսկ անդրադարձել է Արտակ Շաբոյանի գլխավորած հանձնաժողովի կողմից Երեւան-Հերակլիոն (Կրետե)-Երեւան չվերթն իրականացնող "Մարաթուկ Հոլդինգ" ՍՊԸ-ի նկատմամբ սկսված արշավի իրական պատճառներին: Շաբոյանի վերջին հայտարարությունը հիմնավորում է ընկերության այն համոզմունքը, որ Արտակ Շաբոյանն ունի անձնավորված վերաբերմունք "Մարաթուկ Հոլդինգ" ՍՊԸ-ի նկատմամբ եւ իր առջեւ խնդիր է դրել ամեն կերպ կազմալուծել ընկերության աշխատանքը տուրիստական թեժ սեզոնի ընթացքում` երեւի թե, ճանապարհ բացելով այլ մրցակից ընկերությունների շահավետ գործունեության համար:
Նախ` ընկերության նկատմամբ վարույթ հարուցելու վերաբերյալ լուրը Արտակ Շաբոյանը դարձրեց հույժ կարեւոր եւ հղեց բոլոր լրատվամիջոցներին այն դեպքում, երբ նույն օրը ՏՄՊՊՀ-ի կողմից հարուցվել էին բազմաքանակ վարույթներ, որոնցից եւ ոչ մեկի մասին հանրությանը չտեղեկացվեց: Մեկ օր շարունակ բոլոր լրատվամիջոցները խոսում էին այն մասին, որ "Մարաթուկ Հոլդինգ" ՍՊ ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, որը նպատակ ուներ սպառողների մոտ ձեւավորել թյուր կարծիք` ընկերության գործելակերպի մասին: Բնականաբար, դա ունեցավ իր հետեւանքները սպառողների մոտ` անվստահության մթնոլորտ ստեղծելու առումով, մասնավորապես հեռախոսազանգերով փորձում էին ճշտել ընկերությունից, թե չվերթները կատարվելու են ըստ ժամանակացույցի՞, թե` ոչ: Ընկերությունը հավաստիացրեց իր գործընկերներին եւ սպառողներին, որ չվերթների ժամանակացույցից որեւէ շեղում չի լինելու, եւ "Մարաթուկ Հոլդինգ" ՍՊ ընկերությունը շարունակելու է իր որդեգրած օրինական քաղաքականությունը:
Բացի այդ, ընկերությունը` որպես օրինապահ տնտեսվարող, ՏՄՊՊՀ-ին ներկայացրեց պահանջվող բոլոր նյութերը` փաստարկելով իր նկատմամբ հարուցված վարույթի անհիմն լինելը:
Սակայն Արտակ Շաբոյանը, չսպասելով ընկերության նկատմամբ հարուցված վարույթի վերջնավարտին, շտապեց եւս մեկ անգամ հրապարակավ հիշատակել "Մարաթուկ Հոլդինգ" ընկերության մասին` հայտարարելով, թե իբր ընկերությունը մոլորեցնում է քաղաքացիներին: Պետական պաշտոնյայի նման իմպերատիվ հայտարարությունը, առանց համապատասխան օրինական ուժի մեջ մտած վարչական ակտի, հավաստում է այն փաստը, որ Շաբոյանն ունի կոնկրետ անձնավորված վերաբերմունք "Մարաթուկ Հոլդինգ" ՍՊԸ-ի նկատմամբ` նպատակ ունենալով արատավորել ընկերության գործարար համբավը:
"Մարաթուկ Հոլդինգ" ՍՊ ընկերությունը հետեւողական է լինելու իր իրավունքների պաշտպանության հարցում եւ ընդդեմ Արտակ Շաբոյանի` հայց է ներկայացնելու դատարան":
Հ.Գ. Ի դեպ, հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն "Մարաթուկ Հոլդինգի" դեմ հայցի քննարկման օրը թույլ չտվեց "Իրավունք" թերթին լուսաբանել նիստը` պատճառաբանելով, որ գուցե լինեն ընկերությանն առնչվող այնպիսի տվյալներ, որոնք չպետք է հանրայնացնել: Մինչդեռ "Մարաթուկն" ամենեւին էլ դեմ չէր ընկերությանն առնչվող ցանկացած տեղեկատվության հրապարակայնացմանը: Հարց է ծագում` ինչն Էր ցանկանում թաքցնել հանրությունից ՏՄՊՊՀ-ն:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
