ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԸ ՄԻՄՅԱՆՑ ԿԱՍԿԱԾՈՒՄ Ե՞Ն
Արխիվ 12-16ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԸ ՄԻՄՅԱՆՑ ԿԱՍԿԱԾՈՒՄ Ե՞Ն
Օրեր առաջ ԱԺ-ում քվեարկության դրվեց «ակցիզային հարկի դրուքների բարձրացման» ու «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերը, որոնց դեմ էին թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանության որոշ ներկայացուցիչներ: Ըստ էության, եթե ընդդիմությունը բոյկոտեր նիստը, ապա քվորում չէր լինի, եւ օրինագծերը չէին ընդունվի:
«Իրավունքը» ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանից եւ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից պարզեց`ինչո՞ւ ընդդիմությունը չբոյկոտեց նիստը: ԲՀԿ առաջնորդի խոսքով` եթե վստահություն լիներ, որ բոլորը միասին կբոյկոտեին, ապա կլիներ ուրիշ իրավիճակ: «Յուրաքանչյուր քաղաքական ուժ մտածում էր, որ ինքը եթե բոյկոտի, մեկ այլ քաղաքական ուժ կմասնակցի նիստին եւ կքվեարկի դեմ, իսկ դեմ չքվեարկողներն էլ կմեղադրվեն հանրության կողմից հստակ դիրքորոշում չհայտնելու համար: Այսինքն` զուտ անկազմակերպվածության խնդիր կար: Ուղղակիորեն չհասցրինք ընդդիմադիր մյուս ուժերի հետ միասնականորեն քննարկել անելիքները ժամանակի սղության պատճառով»,- ասաց տիկին Զոհրաբյանը:
Հեղինե Բիշարյանն էլ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ ցանկալի կլիներ, եթե միասնական լիներ ընդդիմությունը, բայց ճնշում չես կարող գործադրել քաղաքական ուժերի եւ պատգամավորների վրա: «Քսան րոպե ընդմիջումը հենց նրա համար էր, որ գուցե քննարկեինք եւ հարցի կարեւորությունը հասկանայինք: Բայց ամեն մի խմբակցություն իր որոշման տերն է»,- մանրամասնեց խմբակցությա ղեկավարը:
Տիկին Բիշարյանից հետաքրքրվեցինք` ՕԵԿ-ն առաջարկե՞լ է մյուս ընդդիմադիր ուժերին բոյկոտել նիստը: Ի պատասխան` տիկին Բիշարյանն ասաց, որ առաջարկը հենց քսան րոպե ընդմիջումն էր, որ խորհեին եւ հասկանային` քվեարկել պետք չէ: «Բայց դուք տեսնում եք` ով ինչպես քվեարկեց»,- ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավարը:
Ինչ վերաբերում է ԲՀԿ խմբակցությունից տարբերվող ԲՀԿ պատգամավորների քվեարկությանը, Նաիրա Զոհրաբյանի խոսքով` ոչ մի խնդիր ինքը չի տեսնում, եթե ԲՀԿ պատգամավոր այլ կերպ է քվեարկում: «Մենք առավոտյան նիստ ենք անում, եւ եթե այս կամ այն պատգամավորը խմբակցությունից տարբերվող դիրքորոշում ունեն, դրա մասին անպայման ասում են»,- եզրափակեց ԲՀԿ առաջնորդը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk