ՕՐԲԵԼԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ՄՆՈՒՄ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ՕՐԲԵԼԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ՄՆՈՒՄ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻՆ
Աշխարհահոչակ գիտնականներ Օրբելի եղբայրների տուն-թանգարանը, հիմնադրվել է 1980թվականին` Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում`Ծաղկաձորում: Հունիսի 27-ին գիտնականների տուն-թանգարանում տեղի կունենա հոբելյանական միջոցաոում:
Հոբելյանական հագեցած միջոցառման շրջանակում տեղի կունենա նաև Հովսեփ Օրբելու եւ Կամիլլա Տրեվերի հեղինակած ու 1936 թ. Լենինգրադի Պետական էրմիտաժի կողմից հրատարակված «Ճատրակ» գրքի երկրորդ հրատարակության շնորհանդեսը, որն իրականացրել է տուն-թանգարանի աշխատակազմը:
Գիրքն ընդգրկում է բնագիր ռուսերեն եւ թարգմանված հայերեն տեքստերը եւ կարող է օգտակար լինել ընթերցող լայն շրջանակների համար:
Գրքի հեղինակները վստահ են, որ շախմատասեր հասարակայնությունը հաճույքով կծանոթանան շախմատի ստեղծման, հիրավի հեքիաթային, պատմությանը, կիմանան, թե ով, որտեղ, ինչպես եւ ինչու հորինեց նարդին, թե ինչպիսին էին խաղաքարերն ու խաղերի կանոնները նախնական վիճակում, ինչպես եւ ինչից են պատրաստվել շախմատն ու նարդին: Շախմատը ծագել է Հնդկաստանում, այնուհետ ընդունվել ու տարածվել Իրանում, սիրվել ու գնահատվել Հայաստանում, հետագայում այն սփռվել է Եվրոպայում:
Օրբելի եղբայների տուն-թանգարանը իր գործունեության այս տարիների ընթացքում բազմաթիվ հոբելյանների, գիտական ընթերցումների, էքսկուրսիաների միջոցով պատշաճ մակարդակով ներկայացրել է Օրբելի եղբայրների գիտական եւ հասարակական գործունեությունը, նրանց մեծ ներդրումը ինչպես հայրենական, այնպես էլ համաշխարհային գիտության մեջ:
Այսօր թանգարանը ունի շուրջ երկու հազարից ավելի մշակութային արժեքների հարուստ հավաքածու` գրքեր, ձեռագրեր, լուսանկարներ, անձնական իրեր, փաստաթղթեր, կենցաղային աոարկաներ, որոնք ձեռք են բերվել աշխատակիցների ջանքերով եւ հատկապես Օրբելի եղբայրների հարազատների, բարեկամների, աշակերտների օժանդակությամբ Ս.Պետերբուրգ քաղաքից:
Հոգևոր արժեքներին ծառայելն արմատավորված էր Օրբելիների տոհմում, նրանք հովանավորել եւ նեցուկ են դարձել գիտությանն, այս ավանդույթը նրանց տոհմում սկիզբ է առել 12-րդ դարից եւ անցել է սերնդե-սերունդ:
20-րդ դարի հայրենական եւ խորհրդային գիտության մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում Օրբելի եղբայրների գիտական գործունեությունը: Հետաքրքրությունը Օրբելի եղբայրների կյանքի եւ գործունեության վերաբերյալ միշտ էլ եղել է մեծ, նրանց ավանդը գիտության, մշակույթի եւ համամարդկային առաջընթացի մեջ այսօր էլ ունի այժմեական նշանակություն:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk