ԱՐՎԵՍՏԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՎՆԱՍԵԼՈՎ` ՓՈՂ ՉԵՆ ՎԱՍՏԱԿՈՒՄ
Արխիվ 12-16ԱՐՎԵՍՏԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՎՆԱՍԵԼՈՎ` ՓՈՂ ՉԵՆ ՎԱՍՏԱԿՈՒՄ
Այն, որ ադրբեջանցիների եւ թուրքերի կողմից հայկական մշակութային կոթողները ենթարկվում են բարբարոսության, ինչ-որ տեղ հասկանալի է, քանի որ երկու ազգերից վայրագություններից բացի, այլ բան հնարավոր չէ սպասել: Բայց երբ Հայաստանում ու հայերի կողմից են աղավաղվում որոշ արձաններ, սա արդեն լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Հասարակության մեջ ձեւավորված քանդակները ոչնչացնելու եւ կոտրելու սովորությունը կարծես թե վերածվել է ավանդույթի:
Մարդիկ այդ քանդակներն աղավաղում են` կամ չգիտակցելով դրանց արժեքը, կամ էլ գիտակցում են եւ ցանկանում որեւէ կերպ ընդգծել իրենց «հերոսությունը»: Այդ «հերոսությունների» արդյունքները կարելի է տեսնել ե՛ւ Երեւանում, ե՛ւ մայրաքաղաքից դուրս գտնվող արձանների վրա, երբ մերթ ընդ մերթ անհետանում է քանդակի ոտքը, ապա ձեռքն ու այլ մասեր, կամ էլ այնպես են «քանդակում» հուշակոթողը, որ մի պահ դժվարանում ես հասկանալ, թե քանդակն իրենից ինչ է ներկայացնում:
Թե մինչեւ երբ կշարունակվի այս բարբարոսությունը, դժվար է ասել, սակայն մեկ բան հստակ է, եթե այսպես շարունակվի, մի քանի տարի հետո քանդակագործներն ստիպված կլինեն ոչ թե նոր քանդակներ ստեղծել, այլ ավերվածները վերականգնել: Անդրադառնալով այս հրատապ խնդրին, «Իրավունքը» որոշ քանդակագործների հետ փորձեց պարզել, թե որն է հասարակության նման վերաբերմունքի պատճառը, եւ որտեղ ենք թերացել նման արդյունքի հասնելու համար:
«ՊԱՐԶԱՊԵՍ ԽՈՒԺԱՆՈՒԹՅՈՒՆ Է...»
ՀՀ Ժողովրդական նկարիչ, քանդակագործ ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆ.
- Այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր հուշարձանների նկատմամբ, պարզապես խուժանություն է: Այդ ամենն էլ գալիս է կյանքից, մարդիկ ապրում են սոցիալական ծանր պայմաններում եւ այս ու այն քանդակից մի ձուլակտոր գողանալով, վաճառելով, ապրում են եւ չեն էլ մտածում, թե ինչ վնաս են հասցնում իրենց մշակույթին: Նրանց ամենից առաջինը հետաքրքրում է գումարը, իսկ թե ինչ ճանապարհով կվաստակեն, արդեն կարեւոր չէ: Այդ պատճառով էլ այսօր ինձ մոտ քանդակներ պատվիրելիս նախընտրում են քարը, այլ ոչ թե բրոնզը, վախենում են, որ քանդակը կենթարկվի բարբարոսության: Նախկինում նման բան չկար, ո՞վ էր տեսել, որ մարդը արձանը վնասի, ինչ է, թե մի քանի կոպեկ գումար վաստակի: Չեմ կարծում, որ քանդակի նկատմամբ մարդիկ թշնամաբար են տրամադրված, մանավանդ շատ հուշարձաններ կան, որոնց հեղինակները դեռ կենդանի են: Սա տգեղ երեւույթ է, շատ միջոցներ կան` փող վաստակելու համար, միայն ոչ արվեստի նմուշները վնասելով, ամեն դեպքում, երբ մեր սոցիալական պայմանները լավանան, հուսով եմ` այդ ամենը կվերանա: Ժամանակները փոխվել են, մարդիկ անխիղճ ու անխնամ են դարձել: Վերահսկողությունն էլ ինչպե՞ս կարող ենք ուժեղացնել, հնարավոր չէ ամեն արձանի կողքին մեկ ոստիկան կանգնեցնել:
«ՔԱՆԴԱԿԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ, ՔԱՆ ՆՈՐՆ ՍՏԵՂԾԵԼԸ»
ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ ՏԻԳՐԱՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ.
- Սա մեր ազգի դժբախտությունն է, որ դեռեւս ունենք նման բարբարոսներ: Բարբարոսության է ենթարկվել նաեւ իմ հեղինակած «Լեռնային պար» խմբաքանդակը, որի վրա արդեն երկու տարի է` տառապում եմ: Այն պետք է վերականգնել, սակայն միջոցներ են պետք: Մարդիկ քանդակից գողացել են պղինձը, որը թանկ նյութ է, բացի այդ, քանդակի վերականգնումն ավելի շատ միջոցներ է պահանջում, քան նորն ստեղծելը: Հույս ունեմ, կվերականգնեմ, որպես հեղինակ` շահագրգռված եմ, որ իմ հեղինակային քանդակը վերականգնվի: Չգիտեմ` ինչ պետք է անենք, որ զերծ պահենք բարբարոսություններից, միայն անհրաժեշտ է հասարակության գիտակցությունը բարձրացնել:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
