«ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՄՈԴԵԼՆԵՐԸ ՔԻՉ ԵՆ, ՈՎՔԵՐ ԷԼ ԿԱՆ, ԳՐԵԹԵ ԻՄ ՍԵՐՆԴԱԿԻՑՆԵՐՆ ԵՆ»
Արխիվ 12-16«ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՄՈԴԵԼՆԵՐԸ ՔԻՉ ԵՆ, ՈՎՔԵՐ ԷԼ ԿԱՆ, ԳՐԵԹԵ ԻՄ ՍԵՐՆԴԱԿԻՑՆԵՐՆ ԵՆ»
Օրերս կայացավ «Թոփ մոդել Երեւան 2015» եւ «Թոփ մոդել Չարենցավան 2015» մանկական մրցույթների եզրափակիչ փուլը: Պրոֆեսիոնալ ժյուրին ընտրեց լավագույններին, որոնցից հատուկ անվանակարգերում հաղթողներին իրավունք կընձեռվի մասնակցելու աշնանը կայանալիք «Little Miss World» հանրահայտ մրցույթին: Այս մասին «Իրավունքին» տեղեկացրեց «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի հիմնադիր ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆՆ ու հավելեց. ««Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան հետայսու դառնում է «Little Miss World»-ի ազգային տնօրենը Հայաստանում, որն ամեն տարի կներկայացնի հայաստանյան մասնակցին կամ մասնակիցներին այդ մրցույթում»: Ի դեպ, կայացած մրցույթի, ինչպես նաեւ հայաստանյան մոդելային արվեստի զարգացման տենդենցների մասին զրուցեցինք նաեւ ժյուրիի անդամ, heqiat.am կայքէջի հիմնադիր տնօրեն, «Միսս Հայաստան 2001» ԻՐԻՆԱ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ.
- Ամենահետաքրքիրն այն էր, որ ժյուրիի ձայներն ու կարծիքները ընդհանուր առմամբ
համընկան: Շատ ուրախ էի, որ հենց այն աղջիկներին ու տղաներին, որոնց ես էի ձայն տվել, փաստորեն, ընտրվեցին: Այս մրցույթը շատ եմ գնահատում, որովհետեւ Հայաստանի համար պրոֆեսիոնալ մակարդակով էր կազմակերպված: Մասնակից երեխաները բազմաթիվ բարդույթներ են հաղթահարում, էլ չեմ ասում, որ կհասնեն ինչ-որ հետաքրքիր բարձունքների: Եվ դա էլ մի կողմ դրած` սա իրենց համար շատ լավ հիշողություն է` ողջ կյանքի ընթացքում:
- Կարո՞ղ ենք ասել, որ սրանով հիմք է դրվում է, որպեսզի, վերջիվերջո, Հայաստանում մոդելային արվեստը կայանա:
- Իհարկե, որովհետեւ հիմա շատ քիչ են նոր սերնդի մոդելները, ովքեր էլ կան` գրեթե իմ սերնդակիցներն են: Իսկապես, երբ նայում եմ մեծ ցուցադրությունները հիմնականում բոլորն այն մոդելներն են, որոնք դեռ իմ ժամանակ էին մոդել, ինչի համար ցավում եմ:
- Իսկ ինչո՞վ է պայմանավորված ոլորտի այսպիսի ճգնաժամը:
- Որովհետեւ շատ չեն պրոֆեսիոնալ մոտեցումները, ցուցադրությունները: Թվում է` պոդիումում քայլելը շատ հեշտ բան է, բայց` ոչ: Պետք է մեծ աշխատանք տարվի, կարեւոր է նաեւ դպրոցը: Մեր մոդելները բացի մրցույթներից, պետք է անցնեն դպրոց` կեցվածքի
դասընթացներ, բեմական արվեստ, նույնիսկ պարային էլեմենտներ պետք է սովորեն: Այնպես որ, կարծում եմ` այս մրցույթը շատ լավ հիմք է, ես երկու ձեռքով կողմ եմ նմանատիպ նախագծերին:
Նյութը`
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ
Լուսանկարները`
ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
