«ԱՅԴ ԽԱՅՏԱՌԱԿ ՍԻՍՏԵՄԸ ՄՏՑՐԵԼ Է ՆԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ». ՍԱԴՈՅԱՆ
Արխիվ 12-16«ԱՅԴ ԽԱՅՏԱՌԱԿ ՍԻՍՏԵՄԸ ՄՏՑՐԵԼ Է ՆԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ». ՍԱԴՈՅԱՆ

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի համոզմամաբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուղղակիորեն որդեգրել է մի քաղաքականություն, որը շուկայական տնտեսության նորմալ և ժամանակակից զարգացումների հետ որևէ հեռավոր առնչություն չունի: Ավելին, հանձնաժողովն ուղղակիորեն վարում է հակաշուկայական քաղաքականություն: Ըստ Սադոյանի, հաշվի չառնելով այդ կազմակերպությունների մենաշնորհային դիրքը գազի և էլեկտրաէներգիայի հաշվման ժամանակ մտցվել է այսպես ասած մարժան հաշվելու մի մեթոդ, համաձայն որի ընդհանուր շրջանառության հասույթից մոտ 8-ից 12 տոկոսի չափով էլ հանձնաժողովի կողմից սահմանվում է նրանց շահութաբաժինը:
«Արդյունքում ստեղծվել է մի հակաշուկայական խայտառակ իրավիճակ, որի արդյունքում «Տրանսգազ» կազմակերպությունը սահմանում ինչքան թանկ գնի գազը և ինչքան շատ ծախս կատարի տեղափոխման համար, ինչքան թանկ գնի «Հայռուսգազարտ» -ը «Տրանսգազ»-ից գազը և ինչքան շատ ծախս կատարի գազի բաշխման կազմակերպման համար և ինչքան թանկ գնի Հրազդանի ՋԷԿ-ը «Հայռուսգազարտ»-ից գազը և ինչքան շատ ծախս կատարի հոսանքի արտադրության վրա, այնքան ավելի մեծ շահույթ կստանա: Եվ ամենախայտառակը՝ այս բոլորի արդյունքում ՀԷՑ-ը ինչքան թանկ գնի էլեկտրաէներգիան և ինչքան թանկ կազմակերպի դրա բաշխումը, այդքան մեծ շահույթ կստանա»,- ասում է Սադոյանը:
Սադոյանի խոսքով ստեղծվել է մի խայտառակ համակարգ, որի ժամանակ տնտեսվարող սուբյեկտները ոչ թե շահագրգռված են էժան, ժամանակակից և լավ արտադրանք տալ, այլ՝ շահագրգռված են, որ շատ ծասեր կատարեն, քանի որ ինչքան շատ ծախսեր կատարեն, այնքան մեծ լինի իրենց օգուտը: Ստեղծված հակաշուկայական և անթույլատրելի մեխանիզմի պատճառով ստացվել է այնպես, որ վերջին 10-15 տարում Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է առնվազն 2-3 անգամ:
«Այդ խայտարակ սիստեմը մտցրել է Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովը և դրա պատճառով Հայաստանում մենաշնորհային մեխանիզմն աշխատել է այնպես, որ երբ դեռ 2002-2003 թվականներին Հայաստանում արտադրված և բնակչությանը տրվող էլեկտաէներգիան մոտ 1,3-1,4 անգամ էժան էր քան Վրաստանում, այսօր ստացվել է այնպես, որ մոտ 1,7 անգամ ավելի թանկ է, քան Վրաստանում: Այսինքն այս մեխանիզմի պատճառով ամեն տարի թանկանում է, քանի որ ինչքան թանկանա, այնքան մեծ կլինի շահույթը: Կարծում եմ, որ դա հանձնաժողովի մտավոր կարողությունների պակասի պատճառով չի եղել, այլ ուղղակի եղել է պարտադրված»,- ասում է Սադոյանը:
Որն է ելքը հարցին Սադոյանը ունի հստակ պատասխան. պետք է ժողովրդական ընդվզման և բնակչության կողմից խորը արհամարհանք դրսևորելու միջոցով բարոյահոգեբանական ճնշող մթնոլորտ ձևավորել Նազարյանի հանձնաժողովի հանդեպ, որպեսզի վերանայվի կայացված որոշումը:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk