ՀԻՆ ՍԽԱԼՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Արխիվ 12-16ՀԻՆ ՍԽԱԼՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ, մեկնաբանելով էլեկտրաէներգիայի թանկացման հարցն ու այս իրավիճակում հնարավոր քայլերը, նախ հարկ համարեց սկսել ոչ հեռու անցյալից.
Հանձնաժողովը էլեկտրաէներգիայի թանկացումը հաստատելու պահին կանգնած էր տեխնիկական խնդրի լուծման հրամայականի առջեւ: Բայց դրանից խուսափելու համար՝ նախ չպետք է թողնեին, որ խնդիրն այսքան բարդանար: Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ մենք գնում ենք դեպքերի, զարգացումների հետեւից, եւ ոչ թե կանխում ենք հնարավոր զարգացումները: Այսօրվա վիճակը կանխելու համար մինչ այս` պետք է համապատասխան քայլեր անեին: Իսկ այդ քայլերը հետեւյալներն էին. դեռեւս չորս տարի առաջ կառավարությանն ասում էինք՝ քայլեր ձեռնարկեք Երեւանի ջէկ-ի երկրորդ էներգաբլոկը կառուցելու ուղղությամբ, ինչն էլ կբերեր էլեկտրաէներգիայի գների որոշակի իջեցման, բայց ինչպես տեսնում եք` ոչինչ չի արվել:
Հաջորդը. շարունակ խոսվում է Շնողի եւ Լոռի բերդի հիդրոէլեկտրակայանների կառուցման մասին: Երկուսը միասին կարող են շատ էժան ինքնարժեքով 500 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա արտադրել: Այս հարցը նույնպես ձգձգվել է եւ չի արվել: Ինչո՞ւ մենք Մեղրու հէկ-ը տվեցինք Իրանական կողմին` միակողմանի կառուցելու, երբ կարելի էր համատեղ ուժերով կառուցել եւ այնտեղ կարտադրվեր 700 միլիոն Կվտ/ժ էլեկտրաէներգիա, որի կեսը կլիներ մերը, եւ դա մենք կվաճառեինք իրանական կողմին: Կամ՝ ինչո՞ւ մենք Որոտան գետի վրայի երեք հէկ-երը վաճառեցինք: Դա ամենաէժան էլեկտրաէներգիան էր արտադրում, իսկ այսօր խոսվում է, որ դրանց արտադրանքի սակագինը կբարձրանա:
Այս քայլերը մենք չենք կատարել, եւ դա է պատճառը, որ այսօր, գտնվելով սոցիալական ծանր պայմաններում, կանգնում ենք այսպիսի խնդրի առաջ: Գոնե հիմա պետք է սկսել էներգահամակարգում այս աշխատանքները եւ հասնել նրան, որ էլեկտրաէներգիայի սակագինը հետագայում իջեցվի, այլ ոչ թե նոր բարձրացումներ լինեն:
- Լավ, ի վերջո, ովքե՞ր են այս ամենի պատասխանատուները:
-Էլեկտրաէներգիայի թանկացման միակ պատասխանատուն նախկին կառավարությունն է, Էներգետիկայի նախկին նախարարը: Եթե նախկին վարչապետը քննարկեր եւ իրականացներ չորս տարի առաջվա մեր առաջարկները, այսօր, վստահաբար, նման իրավիճակում չէինք հայտնվի: Այս պայմաններում մեզ մնում է միայն շատ արագ կերպով գտնել Շնողի, Լոռի բերդի հիդրոէլեկտրակայանների կառուցման համար միջոցներ, որպեսզի կարողանանք էլեկտրաէներգիայի նոր, էժան աղբյուրնր ստանալ, եւ փորձենք էլեկտրաէներգիայի գինը իջեցնել: Պետք է քայլեր կատարվեն ՌԴ-ի հետ, որպեսզի Հրազդանի ջէկ-երին տրվող գազն ստացվի ճիշտ այն գնով, ինչքան, որ ՌԴ-ի գազի ներքին գինն է, որովհետեւ այդ կայանները ՌԴ-ի սեփականությունն են: Նման աշխատանքներ պետք է արվեն, որպեսզի սակագինն իջեցվի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
