ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ՈՉ ՈՔԻ ՉԵՄ ԿԱՍԿԱԾՈՒՄ»
Արխիվ 12-16ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ՈՉ ՈՔԻ ՉԵՄ ԿԱՍԿԱԾՈՒՄ»

Մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի փաստով հարուցված քրեական գործն ըստ Քննչական կոմիտեի նախագահի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանի՝ հետեւյալ վիճակում է. «Այս պահին ակտիվ քննության փուլում է, կատարվում են ակտիվ քննչական եւ դատավարական գործողություններ: Նշեմ նաեւ, որ տարբեր փորձաքննություններ են նշանակվել, սակայն եզրակացությունները դեռեւս չեն ստացվել»:
Ուրեմն՝ այսքան օր անց էլ դեռ որեւէ հետք չի հայտնաբերվել, մասնավորապես՝ գործում ներգրավված կասկածյալ դեռեւս չկա՞: ՔԿ մամլո խոսնակը մեր այդ հարցին այսպես պատասխանեց. «Ձեր հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ նախաքննության այս փուլում քննության շահերից ելնելով` այլ մանրամասներ հրապարակել չենք կարող»:
Ամենահետաքրքիրն այն է, որ մահափորձի գործով տուժող ճանաչված Սուրիկ Խաչատրյանը, ում հետ երեկ մեզ հաջողվեց կապ հաստատել, իր հերթին որեւէ կերպ չի կարողանում կամ՝ չի ցանկանում այս անորոշ պատկերը մի փոքր պարզեցնել.
- Ոչ ոքի չեմ կասկածում, ես հարցաքննության ժամանակ էլ եմ նույնը ասել: Անկեղծ ասած` չեմ ցանկանում ինչ-որ ենթադրություններ անել, իրավապահ մարմիններն զբաղվում են բացահայտման ուղղությամբ, երբ պարզ լինի, բոլորն էլ կիմանան: Չեմ ցանկանում ինչ-որ ենթադրություններով խանգարել իրավապահների աշխատանքին:
Հ. ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԿՎԻՐԱՀԱՏԵՆ
Իսկ ահա Խաչատրյանների հետ կապված մյուս աղմկոտ գործով ներկայիս պատկերը հետեւյալն է: Մայիսի 2-ին Սդղլի գյոլ կոչվող տարածքում մարզպետի որդու` Տիգրան Խաչատրյանի ¥ով գործում ներգրավված է որպես վկա¤ մասնակցությամբ ծեծկռտուքից տուժած Զաքարյան եղբայրներից մեկը` Մուշեղը, արդեն լավ է, իսկ Հարությունին, ով կանգնած է տեսողությունը կորցնելու վտանգի առաջ, երկուշաբթի Մոսկվայում կվիրահատեն: Այս մասին մեզ տեղեկացրեց Հարությունի ընկերը՝ Տ. Կարապետյանը, հավելելով, որ սա երկրորդ վիրահատությունն է, եւ տեսողությունը վերականգնելու հույսեր բժիշկները չեն բացառում, բայց եւ չեն էլ վստահեցնում: Հ. Զաքարյանին Մոսկվայում խնամում են ծնողները եւ կինը:
Իսկ բուն քննության հետ կապված՝ ծեծի գործով միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել մարզպետի վարորդի որդուն Դ. Հակոբյանին եւ Յ. Մանուչարյանին, իսկ Մայիս Խաչատրյանը, ով մարզպետի եղբորորդին է, հետախուզման մեջ է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk