«ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՔՐԴԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼ-ՉՍՏԵՂԾԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»
Արխիվ 12-16«ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՔՐԴԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼ-ՉՍՏԵՂԾԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»
Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող էրդողանական «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կորցրեց պատգամավորական տեղերի մեծամասնությունը եւ միակուսակցական կառավարություն կազմելու թերեւս վերջին հնարավորությունը: Ավելին` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կառավարության հրաժարականը ու հանձնարարել նոր կոաիլիցիոն կառավարություն ձեւավորել: Սակայն Մեջլիսի օպոզիցիոն ուժերը` գերազանցելով էրդողանական ուժերին, բոլորովին էլ չեն պատրաստվում վերջիններիս հետ կոալիցիա կազմել, ինչը կառավարական ճգնաժամի առաջ է կանգնեցրել երկիրը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ, պրոֆեսոր ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ:
ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՁԱՅՆԵՐՈՎ ԱՌԱՋ ԱՆՑՆԵԼ
–Պարոն Սաֆրաստյան, հաշվի առնելով, որ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարություն չի ձեւավորվում` կարո՞ղ ենք ասել, որ Թուրքիան այսօր նախահեղափոխական շրջանում է գտնվում:
– Իհարկե` ոչ, կառավարությունը պետք է ձեւավորվի 45 օրվա ընթացքում եւ դեռ բավականին ժամանակ կա: Հետեւաբար, չի կարելի բացառել, որ, վերջիվերջո, կձեւավորվի այն: Այնպես որ, այդտեղ ոչ մի նախահեղափոխական իրադրություն չեմ տեսնում:
– Այնուամենայնիվ, տպավորություն է, որ Մեջլիսում թուրք խորհրդարանականները քուրդ գործընկերների «ձեռքը կրակն են ընկել»: Ըստ Ձեզ, այս ներքին հակամարտությունն ի՞նչ հանգուցալուծում կունենա:
– Քրդերն օգտվեցին այն հնարավորություններից, որոնք տրվեցին իշխող կառավարության կողմից եւ կարողացան Էրդողանի կուսակցությունից էլ ավելի` 4 ձայն վերցնել, որն իհարկե մեծ թիվ է: Իսկապես, քրդերը հիմա մեծ դեր են խաղում Թուրքիայում, եւ կարծում եմ` քրդերի ձեռքում է կառավարություն ստեղծել-չստեղծելու հնարավորությունը:
– Քրդստան ստեղծելու երազանքով քրդերի այսպիսի ակտիվացումը Թուրքիայի քաղաքական դաշտում ինչ-որ առումով կարո՞ղ է դառնալ սպառնալիք` երկրի տարածքային ամբողջականության համար:
– Չեմ կարծում: Անհիմն են այդպիսի գնահատականները, եւ դրա մասին ներկա փուլում խոսելը վաղ է: Հիմա այն, ինչ տեսնում ենք, ուղղակի, ճգնաժամ է: Պարզապես, չեն կարողանում կառավարություն կազմել, եւ եթե այդ ճգնաժամը չլուծվի, ապա նոր ընտրություններ կնշանակվեն, եւ այդ ժամանակ, կարծում եմ, Էրդողանի կուսակցությունը նույնիսկ կարող է ձայներով առաջ անցնել:
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՉԵՂԱԾ
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՉ ՄԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ
–Թուրքական քաղաքական նման փոփոխությունները ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ, առանց այն էլ` չեղած հայ-թուրքական հարաբերությունների վրա:
– Ոչ մի ազդեցություն, այդ հարաբերություններն էլի նույն ձեւի չեղած էլ կմնան:
– Եվ մի վերջին հարց. երեկ Երեւանում ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարի ժամանակ իտալացի պատվիրակը հարց է բարձրացրել, թե թուրքերը Հայաստանի հետ սահմանի բացումը կապում են հայկական աէկ-ի առկայության հետ: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ես ներկա էի սեմինարին եւ մեր արտգործնախարարը շատ լավ պատասխանեց այդ հարցին: Նա ասաց, որ 15 հանդիպում է եղել Թուրքիայի տարբեր երեք արտգործնախարարների հետ` հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Եվ ոչ մի հանդիպման ժամանակ, երեք արտգործնախարարներից ոչ մեկը նման հարց չի բարձրացրել: Այս հարցը Թուրքիայի կողմից, ուղղակի, դրվում է ոչ թե պաշտոնական, երկկողմանի հանդիպումների ժամանակ, այլ ինչ-որ տարբեր տեսակի հանդիպումներում, ֆորումներում: Դա որպես պատրվակ է օգտագործվում, որպեսզի Թուրքիան հարաբերություններ չհաստատի եւ սահմանը շարունակի փակ պահել, սա է ողջ նպատակը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk