ԱՐԴՅՈ՞Ք ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄՏՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ
Արխիվ 12-16ԱՐԴՅՈ՞Ք ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄՏՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ

Ինչպես հայտնի է, օրերս կարճ` մեկօրյա այցով Հայաստան այցելեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով ի դեպ վերջերս Ռուսաստանում անցավ պետական բարձր պաշտոնի: Թեեւ Աբրահամյանի այցը կապում են իր սանիկի հարսանիքի հետ, այնուամենայնիվ, անկասկած, ամենակարեւորը նրա հանդիպումն էր ՀՀ նախագահի հետ:
Հանդիպումից հետո սկսվել են տարածվել բազմաթիվ լուրեր, թե Ա. Աբրահամյանի վերջին ակտիվությունը պատահական չէ, եւ այն նպատակ ունի ակտիվորեն դերակատարություն ունենալ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Բնական է, որ Աբրահամյանի քաղաքական ակտիվությունը Հայաստանում կապվում է ՀԴԿ կուսակցության հետ, որի նախագահ Արամ Սարգսյանը միաժամանակ պարոն Աբրահամյանի տեղակալն է հայերի համաշխարային կոնգրեսի գծով: Մյուս կողմից, շրջանառվող լուրերում տրվում է ՀԺԿ-ի անունը, որի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը խնամիասանիկական կապեր ունի Արա Աբրահամյանի հետ: Նշենք նաեւ, որ Ս. Դեմիրճյանը իրեն ոչ այդքան հարմարավետ է զգում ՀԱԿ դաշինքում եւ քիչ հավանական է, որ ՀԺԿ-ն քաղաքական ապագան 2017-ին կապի ՀԱԿ-ի հետ: Այս կապակցությամբ մենք դիմեցինք ՀԴԿ կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ով հարցին պատասխանեց հարցով.
–Արա Աբրահամյանը նման հայտարարություն արե՞լ է կուսակցություն ստեղծելու մասին, Արամ Սարգսյանը որեւէ նման մտահղացում հայտնե՞լ է, իհարկե ոչ: Հետաքրքիր է, թե ո՞վ է իր մատից համապատասխան գործողություն արել, որ հասկանա, թե ով ինչ է ուզում անել: Պարոն Աբրահամյանը եկել էր Հայաստան, մեկ օրով, իր զարմիկի հարսանիքին, հանդիպել է նախագահի հետ, իսկ հետո մեկնել է Փարիզ, որտեղ որպես բարի կամքի դեսպան` պետք է ներկայացներ ՌԴ-ի հայերի միության եւ համաշխարհային կոնգրեսի գործունեությունը: Ընդամենն այդքանը: Հիմա թե ով է իրենից նման բան մոգոնել, դա արդեն իր խնդիրն է:
Ինչ վերաբերում է Դեմոկրատական կուսակցությանը, ապա մենք արդեն 25 տարվա պատմություն ունենք եւ երբեք որեւէ մեկը չի կարող մատնանշել, թե մեր կուսակցությունը, որեւէ մի կոնյուկտուրային գործողություն է կատարել:
Ինչ վերաբերում է միավորումներին, ապա մենք դեռեւս 90-ականներից սկսած` եղել ենք դրանց նախաձեռնողներից: Եթե դրա անհրաժեշտությունը տեսնենք, այդ մասին հանդես կգանք, առավել եւս, որ ասել ենք` միշտ կողմ ենք, որ կենտրոնական գաղափարախոսություն կրողները միավորվեն:
Ինչ վերաբերում է, թե ինչ քաղաքական նկատառումներ ունի պարոն Աբրահամյանը, ապա ես ասել եմ, որ ես չեմ մեկնաբանում նրա քաղաքական նկատառումները, ինքն էլ չի մեկնաբանում իմ քաղաքական գործունեությունը: Դա է մեր պայմանավորվածությունը: Այսինքն ես չեմ կարող լինել կուսակցության նախագահ, կուսակցության գիծը չտանելով, տանեմ մեկ այլ գիծ: Իսկ եթե որոշ ծուռ ու մուռ թատերագետներ, կամ չեմ ուզում ասել` որոշակի սեռական կողմնորոշում ունեցողներ, որոնք փորձում են իրենցից բաներ մոգոնել, ես հո չե՞մ գնալու նրանց հետ քննարկեմ նման հարցեր:
«ԱՅՍ ՊԱՀԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՄԵՐ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ ԻՆՉ-ՈՐ ՔԱՅԼԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՐՑ ՉԿԱ»
–Մամուլում շրջանառվում է, որ դուք, հավանական է, համագործակցեք, միավորվեք ՀԺԿ-ի հետ: Ի՞նչ կասեք:
– Ես չգիտեմ, ով ինչ է խոսում: Ժամանակին մենք ՀԺԿ-ի հետ եղել ենք մի դաշինքում` «Արդարություն», այնտեղ էր նաեւ ՍԻՄ-ը եւ այլ կուսակցություններ: Մենք միավորվել էինք համապատասխան ծրագրային հենքի վրա: Հիմա, եթե գաղափարական եւ այդպիսի անհրաժեշտություն ու հնարավորություն լինի, կքննարկենք: Բայց քանի դեռ ոչ մեր, եւ ոչ էլ ՀԺԿ-ի կողմից չկա նման բան, ապա դրա մասին խոսելն անիմաստ է:
– Ստացվում է, որ Դուք որեւէ տեղեկություն չունե՞ք` Արա Աբրահամյանը պատրաստվո՞ւմ է մտնել հայաստանյան քաղաքականություն, թե ոչ:
– Պարոն Աբրահամյանն իր ամբողջ գործունեությամբ, որպես Ռուսաստանի հայերի միության նախագահ, գտնվում է հայկական դաշտում իր բարեգործությամբ, ծրագրերի իրականացմամբ, բոլոր թելերով կապված է Հայաստանի հետ, ինչը տեսանելի է բոլորին: Հիմա ո՞նց հասկանանք, որ ինքը եթե մտահղացումներ ունի դրա համար, մենք պետք է մտահոգվե՞նք: Ինքը ինչ անի, պետք է անի Հայաստանի համար, եթե ծրագրեր ունի, ապա դա Հայաստանին օգուտ է բերելու, եթե իհարկե ունի, եւ եթե կարող է այն իրականացրել: Ուզում եմ հասկանալ, ի՞նչն է մտահոգել այսպես ասած, կիսաքաղաքական շրջանակներին, ես չգիտեմ:
– Դուք նշեցիք, որ ինչ անի` Հայաստանի համար է անելու: Ունե՞ք տեղեկություններ, միգուցե նա արդեն ցանկանո՞ւմ է կոնկրետ քայլերով հանդես գալ, ստեղծել կուսակցություն, մտնել քաղաքական դաշտ:
– Բայց չէ՞ որ նա նման հայտարարություն չի արել, դա ինչ-որ մեկի հիվանդ երեւակայության մեջ է առաջացել: Եթե որոշի, որ պետք է մասնակցի քաղաքական գործընթացներին, ապա կհայտարարի: Դա մեծ գաղտնիք չէ, որ նա կամ ինչ-որ մեկը վախենա խոսել դրա մասին: Ինքը լինելով ՀՀ քաղաքացի, կարող է եւ նման որոշում կայացնել ցանկացած պահի, դա իր որոշումն է, ինչի հետ կապված` պետք չի մեծ աղմուկ բարձրացնել:
– Այնուամենայնիվ, եթե հանկարծ այնպես ստացվի, որ պարոն Աբրահամյանը որոշի մտնել քաղաքական դաշտ, դուք ի՞նչ կանեք, կմիավորվե՞ք, կողջունե՞ք, կաջակցե՞ք:
– Դա ես չեմ որոշում, այլ ՀԴԿ-ն` ելնելով իր գաղափարական հենքից, կորոշի, եթե կլինի ծրագիր, դրա էությունը կհասկանանք, կտեսնենք: Բայց խոսքս վերաբերում է ցանկացածին եւ ոչ միայն Արա Աբրահամյանին: Բայց հիմա դատարկ տեղը, այսինքն ջուրը չտեսած` բոբիկանալ պետք չի: Այս պահի դրությամբ օրակարգում նման հարց չկա: եթե որեւէ մեկը գիտի, թե նախագահի հետ հանդիպման ընթացքում ինչ զրույց է եղել, ապա նրանք ավելի տեղյակ են, ես տեղյակ չեմ, թե ինչ հարցերի շուրջ են զրուցել:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

