ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐԸ ՉԵՆ ԱՌՆՉՎՈՒՄ ԼՂՀ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՆ
Արխիվ 12-16ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐԸ ՉԵՆ ԱՌՆՉՎՈՒՄ ԼՂՀ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՆ

ՄԻԵԴ-ի Մեծ պալատն օրեր առաջ հրապարակել է «Չիրագովը եւ մյուսները ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանը ընդդեմ Ադրբեջանի» երկու գործերով վճիռները, համապատասխանաբար, Լեռնային Ղարաբաղի Բերձորի (Լաչին) շրջանից ազգությամբ քուրդ Չիրագովների ընտանիքի եւ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Սարգսյանների ընտանիքի` իրենց տները վերադառնալու եւ ունեցվածքի նկատմամբ իրավունքները վերականգնելու կամ արդար փոխհատուցում ստանալու վերաբերյալ: ՄԻԵԴ-ի վերոնշյալ վճիռների մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀԿ պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի, ԵԽԽՎ-ի անդամ ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ: «ՄԻԵԴ-ի կայացրած վերոնշյալ վճիռները չեն առնչվում ԼՂ-ի կարգավիճակին: Խոսքը վերաբերում է քաղաքացիների սեփականության իրավունքին եւ եվրոպական կոնվենցիայով նախատեսված այլ իրավունքներին»,- ասաց պատգամավորը:
Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց` վերոնշյալ վճիռների մասին ՄԻԵԴ-ում Հայաստանից ընտրված արդեն նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը եւ այլ դատավորներ ներկայացրել են հատուկ կարծիք, եւ Հայաստանի տարաձայնությունները, որոնք հիմնականում վերաբերում են Հայաստանի կողմից ԼՂ-ի վրա ունեցած քաղաքական, տնտեսական ազդեցությանը: «ՀՀ-ի տարաձայնությունները հատուկ կարծիքով կցվում են վճիռներին, որոնք հետագայում կարող են ուղղորդող դեր ունենալ»,- մանրամասնեց Արփինե Հովհաննիսյանը, ապա հավելեց, որ ՀՀ-ի ասելիքն ու անելիքը տեղ հասցնելու խնդիր էլ կա:
Որքա՞նով կարող են ՄԻԵԴ-ի այս վճիռները կյանքի կոչվել եւ իրականություն դառնալ, մասնավորապես խոսքը վերաբերում է երկու ընտանիքների` իրենց բնակարանները վերադառնալուն: «ՄԻԵԴ-ն առաջնորդվել է այն սկզբունքով, որ որեւէ քաղաքացի դուրս չմնա կոնվենցիայով նախատեսված իրավունքների դաշտից»,- պատասխանեց Արփինե Հովհաննիսյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
