ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԵՎ «ԷԼԵԿՏՐԱԿԱՆ» ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԵՎ «ԷԼԵԿՏՐԱԿԱՆ»
ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ




Եվ այսպես, հանրային դժգոհությունը շարժող եւ բավականին անկանխատեսելի հետեւանքներով հղի սակագնային բարձրացումը տեղի ունեցավ: Ամբողջ տարածաշրջանում կայունության կղզյակ Հայաստանում աստիճանաբար կրքեր են թեժանում: Սակայն տվյալ դեպքում մեր խնդիրը ոչ թե սակագնի փոփոխության հիմնավոր կամ անհիմն լինելուն է վերաբերում, այլ առավել խորքային հիմնահարցին` երկրի ինքնիշխանությանը:
ՈՎՔԵՐ ԵՎ ԻՆՉՈՒ ԵՆ ՇԻԿԱՑՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Բնականաբար, Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովի որոշման արձագանքը բավականին բուռն էր` ցուցարարները փորձեցին ներս խուժել, եղան բախումներ ոստիկանության հետ: Իսկ ՀԷՑ-ի ղեկավար Բիբինը մինչեւ հանձնաժողովի նիստ սկսվելը, նամակ էր ուղարկել, որ եթե իր ուզած չափով սակագնի բարձրացումը չլինի, ապա իր հիմնարկը չի կարող երաշխավորել էներգամատակարարման որակը եւ կայունությունը: Այսինքն` ամենազազրելի շանտաժ է իրականացվում եւ իրականացվում է հանրության համար առավելագույնս վիրավորական տեսքով:
Իսկ հիմա մի հասարակ, նույնիսկ պարզունակ հարց տանք ինքներս մեզ` արդյո՞ք սակագնի փոփոխության վերաբերյալ ե՛ւ այս որոշումը, ե՛ւ ընդհանրապես բոլոր նախորդ որոշումները Հայաստան պետության որոշումներն են: Առաջին հայացքից թվում է, թե` այո, չէ որ կայացնողը Հայաստանի պաշտոնյա Ռոբերտ Նազարյանն է` իր հանձնաժողովով:
Սակայն եթե փոքր-ինչ ուշադիր զննենք համապատասխան իրավակարգավորումները, ապա կհայտնաբերենք, որ Նազարյանի հանձնաժողովը չի ենթարկվում ո՛չ ՀՀ նախագահին, ո՛չ կառավարությանը, ո՛չ ԱԺ-ին: Այսինքն` սակագնի մասին, որոշում կայացնող, այսպես կոչված, անկախ հանձնաժողովը անկախ է ե՛ւ հայ հանրությունից, ե՛ւ Հայաստանի պետական ինստիտուտներից: Դա մի տեսակ վերպետական, վերիշխանական մարմին է: Ու դա միակը չէ` ունենք նաեւ նույն տեսակի «անկախ» Կենտրոնական բանկ, ունենք հակամրցակցային հանձնաժողովը ունենք այլ մարմիններ:
Հետխորհրդային տարածքում այդ, այսպես կոչված, անկախ մարմինները ներմուծվել են Սահմանադրություն եւ օրենքների մեջ` մեծամասամբ ամերիկացիների պնդմամբ: Այսինքն` հենց որ եղավ ԽՍՀՄ-ի փլուզումը, եւ փաստ դարձավ ինքնիշխանությունների շքերթը, միանգամից Արեւմուտքը ու որոշ համաշխարհային ստվերային կառույցներ մտածեցին տարբերակ, թե ինչպես թույլ չտալ նոր անկախ պետությունների իրական ինքնիշխանությունը: Եվ դրա կարեւոր գործիքներից մեկը դարձան հենց, այսպես կոչված, անկախ մարմինները, ու նախեւառաջ` անկախ համարվող, բայց իրականում փաստացի ամերիկյան դաշնային պահուստին ենթարկվող Կենտրոնական բանկերը: Ու քանի որ մեզանում Սահմանադրություն փոխելու պատեհ առիթն է, ապա թերեւս արդիական է դառնում սահմանադրական բարեփոխումների շրջանակում լիկվիդացնել այդ վերպետական, վերիշխանական մարմինները: Տրամաբանական կլինի, որպեսզի երկրում բոլոր որոշումները ընդունվեն հենց երկրի իշխանության կողմից, եւ հենց իշխանությունը կրի պատասխանատվություն այդ բոլոր տեսակի մասշտաբային հարցերի համար:
Հիմա ի՞նչ երկրորդ շերտ կա այդ ցուցադրաբար գրգռիչ ձեւով իրականացված «էլեկտրական» գործողության մեջ: Այստեղ եւս մի հետաքրքիր նրբության վրա արժե ուշադրություն դարձնել` նույն Բիբինի վերադաս Չուբայսը ամենեւին էլ մեր դաշնակից Ռուսաստանի ղեկավար Պուտինի ենթական չէ: Եվ ավելին` նրա սերտագույն կապերը վերազգային, համաշխարհային ընդգրկում ունեցող ստվերային կառույցների հետ գլխանց կար եւ ոչ մի տեղ չի անհետացել: Հետեւաբար, ով է իրականում սակագին բարձրացրել հանրության համար ամենագրգռիչ ձեւով: Իրական որոշում կայացնողը Հայաստանում չէ, նույնիսկ Ռուսաստանում էլ չէ: Եվ որոշման կայացման իրական մեխանիզմները տանում հասցնում են այն նույն շրջանակներին, որոնք մի շարք երկրներում «նարնջագույն» հեղաշրջումներ իրականացրին, նախաձեռնեցին արյունոտ «Արաբական գարունը» եւ ոչ պակաս արյունոտ ուկրաինական «մայդանը»:
Հայաստանում Մայդան իրականացնել չստացվեց, ավելին` բոլոր տեսակի մայդանչիները հայտնվեցին կուռկուռի ձագի կարգավիճակում, իսկ իշխող կուսակցության դիրքերն այնքան ամրացան, որ դարձան անվիճելի: Հայ-ադրբեջանական շփման գծում լայնածավալ դիվերսիաներն էլ տվեցին հակառակ արդյունքը` հանրությունը խուճապի մատնվելու եւ պառակտվելու փոխարեն համախմբվեց, իսկ մեր բանակն էլ մշակեց ակտիվ ինքնապաշտպանության շատ արդյունավետ մարտավարություն:
Պետք էր շտապ լուծում գտնել, թե ինչպես ապակայունացնել Հայաստանը: Եվ լուծումը գտնվեց` ամենաանհարմար պահին մեր երկրի վզին սակագնի վերանայման հարցը փաթաթելով:
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՄԵՐ ՇՈՒՐՋԸ ԵՎ ՄԵՐ ՆԵՐՍՈՒՄ
Սակագնի հետ «փաթեթով» եկավ եւ Եվրադատարանի որոշումը` Չիրագովի եւ այլոց հայցով, ընդդեմ Հայաստանի: Մի գարշելի հակահայկական փաստաթուղթ, որը նույնպես ոչ պակաս գրգռիչ է, քան հոսանքի թանկացումը:
Բայց այդտեղ էլ չկա չարիք, առանց բարիքի: Ստացվեց այնպես, որ դրա հիմքում ընկած է Հայաստանի եւ Արցախի կողմից 1989-ին ընդունված վերամիավորման որոշումը: Այսինքն` նույն Եվրադատարանը փաստացի անուղղակիորեն ճանաչեց այդ որոշումը: Ճիշտ է, զուգահեռաբար մեր ջանին կապեցին ազգությամբ թուրք «ՀՀ քաղաքացիներ»` իրենց, այսպես կոչված, իրավունքներով հանդերձ, բայց սա այն դեպքը չէ, երբ պետք է տվյալ որոշումը ահավոր սպառնալիք համարել: Տհաճ է, զզվելի է, բայց մահացու չէ: Ու միգուցե, նաեւ խթան հանդիսանա, որպեսզի մեր երկիրը փնտրի մեխանիզմներ` բարձրացնելու սեփական անկախությունը եւս մեկ այլ վերազգային մարմնից` Եվրադատարանից:
Մեր վերնախավի խորքերում ինչ-որ գործընթաց, այնուամենայնիվ, խմորվում է: Եվ խմորվում է նաեւ Եվրասիական միությունը` որպես քաղաքակրթական հովանոց, օգտագործելով մեր ազգային շահին հակասող մի շարք երեւույթներից քայլ առ քայլ ազատվել: Եվ այդ ուղղությամբ ունեցանք շատ կարեւոր նախադեպ` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը այնպիսի պաշտոնական տեղում, ինչպիսին է կառավարության նիստը, ամենակոշտ ձեւով արտահայտվեց գենդեր տերմինի մասին ու պահանջեց այդ աղբը չներառել գերատեսչական եւ ենթաօրենսդրական ակտերի մեջ: Ու, ի դեպ, ազգային ինքնությունը քայքայող ծրագրերն առաջ տանողները այդ հայտարարությունը լսեցին այն բարձրաստիճան պաշտոնյայից, ումից ամենաքիչն էին դա սպասում: Կարելի է ասել, որ իր աշխատակազմի ղեկավարի ձեռամբ երկրի ղեկավարը անակնկալ հարված հասցրեց անբարոյականությունն ու այլասերվածությունը տարածող կառույցներին: Այսինքն` վերջապես պետական պաշտոնական մակարդակով է այդ ոլորտում ճիշտ կուրս հռչակվում:
Զուգահեռաբար, մեր երկրի ինքնիշխանությունից ու շահերից բխող այլ քայլեր էլ եղան: Այսպես, իր աշխատանքներն սկսած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կշտամբանքի բաժին հասավ ՆԱՏՕ-ին` մեր տարածաշրջանում վարած կրկնակի չափանիշների եւ անհավասար մոտեցումների կապակցությամբ: Եվ այդ կիրթ, բայց միաժամանակ կոշտ «մուննաթը» հնչեց երկու նախարարների` Սեյրան Օհանյանի եւ Էդվարդ Նալբանդյանի կողմից:
Ինչ-որ դրական նախանշաններ երեւում են: Ու եթե հետեւողականություն դրսեւորվի, հանրությունն էլ անտարբեր չմնա, ապա քայլ առ քայլ Հայաստանը կկարողանա վերականգնել իր ինքնիշխանությունը` տարատեսակ վերազգային եւ վերպետական կառույցներից ու պակասեցնել մեր երկրից դուրս կայացվող ու հետո մեզ պարտադրվող որոշումների քանակը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
