«ՀԱՆՈՒՆ ՓՈՂԻ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՎԱՃԱՌԵԼ ՀՈԳԻՆԵՐ». Երիտասարդ բեմադրիչ (+Ֆոտոշարք)
Արխիվ 12-16«ՀԱՆՈՒՆ ՓՈՂԻ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՎԱՃԱՌԵԼ ՀՈԳԻՆԵՐ». Երիտասարդ բեմադրիչ (+Ֆոտոշարք)
Հունիսի 19 և 20-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Վ. Ժերեբցովի «Խնջույք ամառանոցում» պիեսը` երիտասարդ բեմադրիչ ՆՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ռեժիսուրայով: «Իրավունքի» հետ զրույցում նա ասաց, որ պիեսի ընտրությունը կայացրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը (Ն. Գրիգորյանի հայրը.- հեղինակ): «Երկար ենք մտածել բեմադրության մասին: Առաջնախաղը մի փոքր ուշացավ. ինչ-ինչ խնդիրներ կային»:
Խոսելով պիեսի մասին, Ն. Գրիգորյանն ասաց, որ շատ է հավանել այն. պիեսում արծարծվող հարցերն արդիական են: «Այն երիտասարդների մասին է, ովքեր կյանքում ամենից շատ կարևորում են փողը: Հանուն փողի պատրաստ են վաճառել հոգիներ: Իմ ներկայացումը հենց դրա մասին է»:
Ն. Գրիգորյանի խոսքերով, որոշ շտկումներ են արվել պիեսում. զերծ են մնացել հայհոյախառը բառերից ու արտահայտություններից. «Ձերբազատվեցինք հայհոյախառը բառապաշարից, բայց չհեռացանք բնագրից: Հաշվի ենք առել այն փաստը, որ ճիշտ չէ բեմից նման բառապաշար մատուցելը»:
Զրուցակցի փոխանցմամբ` երկու դերասանական կազմ է աշխատել ներկայացման վրա: «Պիեսն ընթերցելու ժամանակ արդեն իսկ տեսնում էի, թե ովքեր են մարմնավորելու այս կամ այն կերպարը: Պետք է ասեմ, որ խումբն արդարացրեց սպասումներս: Ճիշտ է, մի փոքր տարիքային տարբերություն ունենք մեր և հեղինակի կողմից գրված հերոսների միջև. մեր հերոսները տարիքով մի փոքր ավելի մեծ են, սակայն դա ամենևին բեմից չի նկատվում»,- ժպիտով նշեց Ն. Գրիգորյանն ու հավելեց, որ շատ վառ դերասանական աշխատանքներ են ստացվել:
«Այս պիեսում ամենագրավիչն այն է, որ այստեղ չկան գլխավոր հերոսներ, և դա հետաքրքիր է: Երիտասարդ դերասանների համար շատ լավ փորձ է ինքնաարտահայտվելու: Շնորհակալ եմ դերասաններին, որ հավատացին ու օգնեցին ինձ իրականացնել իմ բոլոր մտահղացումները»,- ասաց Նորան`թվարկելով դերասանների անունները` Էրվին Ամիրյան, Մանվել Խաչատրյան, Արեն Խաչատրյան, Նառա Թումասյան, Ելենա Վարդանյան, Լիլիա Մուկուչյան, Անաիդա Գաբրիելյան, Արման Մեժլումյան, Գոռ Համբարձումյան:
Երիտասարդ բեմադրիչն ասաց նաև, որ հետաքրքիր է աշխատել թատրոնի նկարիչ Արթուր Հարությունյանը: «Մենք ցանկանում էինք ինչ-որ նոր բան ստանալ, համադրել պայմանականը ոչ պայմանականի հետ, ինչն էլ արեցինք: Արդյունքում ամեն ինչ հետաքրքիր ստացվեց»:
Ի դեպ, երաժշտական ձևավորումը ևս Նորա Գրիգորյանն է իրականացրել: «Երաժշտությունն ընտրելիս փորձել եմ օգտագործել ժամանակակից ռիթմեր՝ ռեփ և ակումբային երաժշտություն: Այն շատ համահունչ է հերոսների հոգեվիճակին»:
Զրույցի վերջում Ն. Գրիգորյանն ասաց, որ այս ներկայացումն իր առաջին լուրջ գործն է մեծ բեմի վրա. «Շատ էի ցանկանում, որ հայրիկս հավանի ներկայացումը: Նրա գնահատականն ինձ համար կարևոր է: Շնորհակալ եմ անչափ, որ հավատաց և վստահեց ինձ»:



Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
