ՀԱԷԿ-ի ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
Արխիվ 12-16ՀԱԷԿ-ի ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ
ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
Ինչպես հայտնի է՝ դեկտեմբերի սկզբին աշխատանքից ազատվել է Հայաստանի ատոմային էլեկտրական կայանի (ՀԱԷԿ) գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը: Այդ լուրին զուգահեռ տեղեկություն տարածվեց նաև, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է ՀԱԷԿ նախկին կոմերցիոն գծով փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանը: Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն ՀԱԷԿ-ի չարաշահումների շրջանակներում քննվող գործով նա միակ կալանավորված անձը չէ, սակայն այս մասին դեռևս որևէ պաշտոնական տեղեկություն չկա: Աղմկահարույց այս գործի քննությունից արդեն բավականին ժամանակ է անցել և թվում էր, թե այս ընթացքում բավականին ասելիք պետք է լիներ, բայց պարզվեց, որ՝ ոչ: Այն, որ վեց-յոթ ամսում բացահայտումներ եղած կլինեն, դժվար չէ ենթադրել, բայց որ այն շարունակում է փակ մնալ մի փոքր անհանգստացնող է, այն էլ այս օրերին տեղի ունեցող էլեկտրաէներգիայի թանկացման շուրջ ծավալվող իրադարձությունների և Նազարյան-Բիբին փոխհրաձգության ֆոնին: Ատոմակայանի գործով տեղեկատվական լռությունը խախտելու նպատակով «Իրավունք»-ը ԱԱԾ-ից փորձեց պարզել, թե այդ գործով ինչ նոր զարգացումներ կան: ԱԱԾ մամուլի ծառայությունից սակայն տեղեկացրեցին, որ ատոմակայանի գործի նախաքննությունը առայժմ շարունակվում է և դեռ պարզ չէ, թե երբ այն կավարտվի: Ինչ վերաբերում է այլ անձանց ձերբակալելու մասին շրջանառվող լուրերին, ԱԱԾ-ից հայտնեցին, որ այդ մասին որևէ տեղեկություն չունեն:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
