ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ.« ՀՀ-Ի ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԵԴ-Ի ՎՃԻՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒՂՂՈՐԴՈՂ ԴԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՈՒՆԵՆԱԼ»
Արխիվ 12-16ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ.« ՀՀ-Ի
ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԵԴ-Ի ՎՃԻՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՈՒՂՂՈՐԴՈՂ ԴԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՈՒՆԵՆԱԼ»
ՄԻԵԴ-ի Մեծ պալատն օրեր առաջ հրապարակել է «Չիրագովը և մյուսները ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանը ընդդեմ Ադրբեջանի» երկու գործերով վճիռները, համապատասխանաբար, Լեռնային Ղարաբաղի Բերձորի (Լաչին) շրջանից ազգությամբ քուրդ Չիրագովների ընտանիքի և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Սարգսյանների ընտանիքի՝ իրենց տները վերադառնալու և ունեցվածքի նկատմամբ իրավունքները վերականգնելու կամ արդար փոխհատուցում ստանալու վերաբերյալ: ՄԻԵԴ-ի վերոնշյալ վճիռների մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀԿ պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի, ԵԽԽՎ-ի անդամ Արփինե Հովհաննիսյանի հետ: «ՄԻԵԴ-ի կայացրած վերոնշյալ վճիռները չեն առնչվում ԼՂ-ի կարգավիճակին: Խոսքը վերաբերում է քաղաքացիների սեփականության իրավունքին եւ եվրոպական կոնվենցիայով նախատեսված այլ իրավունքներին»,- ասաց պատգամավորը:
Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց` վերոնշյալ վճիռների մասին ՄԻԵԴ-ում Հայաստանից ընտրված արդեն նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանն եւ այլ դատավորներ ներկայացրել են հատուկ կարծիք եւ Հայաստանի տարաձայնությունները, որոնք հիմնականում վերաբերում են Հայաստանի կողմից ԼՂ-ի վրա ունեցած քաղաքական, տնտեսական ազդեցությանը: «ՀՀ-ի տարաձայնությունները հատուկ կարծիքով կցվում են վճիռներին, որոնք հետագայում կարող են ուղղորդող դեր ունենալ»,- մանրամասնեց Արփինե Հովհաննիսյանը, ապա հավելեց, որ ՀՀ-ի ասելիքն ու անելիքը տեղ հասցնելու խնդիր էլ կա:
Որքանով կարող են ՄԻԵԴ-ի այս վճիռները կյանքի կոչվել եւ իրականություն դառնալ, մասնավորապես խոսքը վերաբերում է երկու ընտանիքների` իրենց բնակարանները վերադառնալուն: «ՄԻԵԴ-ն առաջնորդվել է այն սկզբունքով, որ որեւէ քաղաքացի դուրս չմնա կոնվենցիայով նախատեսված իրավունքների դաշտից»,- պատասխանեց Արփինե Հովհաննիսյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

