«ԴԱ Ի՞ՆՉ ԲԱՆ Է, «PERSONA NON GRATA»-Ն Ո՞ՐՆ Է». ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ` ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՆ
Արխիվ 12-16«ԴԱ Ի՞ՆՉ ԲԱՆ Է, «PERSONA NON GRATA»-Ն Ո՞ՐՆ Է». ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ` ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՆ
ԱԺ-ում այսօր «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը ՀԷՑ-ի սեփականատեր Եվգենի Բիբինին «persona non grata» հայտարարելու մասին խոսեց: «Իրավունքն» այս առնչությամբ զրուցեց ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի եւ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ զրուցեց` պարզելու`համաձայն են Ուրիխանյանի այս հայտարարությանը:
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի խոսքով` այդ հարցի մասին չի մտածել, բացի այդ` դա կոմպենենտ մարմինների քննարկելու հարցն է: «Persona non grata» հայտարարում են ԱԳՆ-ի քննությունից հետո միայն: Ես այդ ինստիտուտի իրավական հիմքերին ծանոթ չեմ: Ես չեմ հետեւել` Բիբինին ինչ են ասել, Բիբինն ինչ է ասել»,- ասաց պատգամավորը:
Եթե անգամ «persona non grata» հայտարարելը ԱԳՆ-ի տիրույթում է, արդյոք խորհրդարանը չպետք է հասնի Բիբինին անցանկալի անձ համարելուն: «Կարող է այդպիսի հարց լինի: Դե թող բարձրացնեն, հիմքերը ներկայացնեն, նայենք: Ամեն դեպքում դատապարտում եմ նման արհամարհանքը մեր պետական իշխանության ինստիտուտների հանդեպ»,- ասաց պրն Ջհանգիրյանը:
Հոսանքի թանկացման դեմ կազմակերպվելիք վաղվա բողոքի ակցիային Ջհանգիրյանը, հավանաբար, կմասնակցի: «Եթե ակցիան չի խանգարի ԱԺ-ի արտահերթ նիստին, կմասնակցեմ»,-եզրափակեց պատգամավորը:
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ դժվարացավ ասել` կմասնակցի՞ վաղվա բողոքի ակցիային, քանի որ ԱԺ-ում արտահերթ նիստ է լինելու:
Ինչ վերաբերում է Բիբնին «persona non grata» հայտարարելուն եւ քրեական գործ հարուցելուն, քրեական գործ հարուցելու մասին առաջինն ինքն է հայտարարել, պահանջել դա գլխավոր դատախազից: «Persona non grata» հայտարարելու մասին էլ ասեմ, որ միայն Բիբինը ներգրավված չէ, այլ մի մեծ խումբ է պատասխանատու: Կարծում եմ` այդ խումբը Բիբինի գլխավորությամբ պետք է պատասխան տա, ոչ թե «persona non grata» հայտարարվի: Պարզապես պետք է պատասխանատվության ենթարկվեն եւ իրենց հասցրած վնասն իրենք էլ փոխհատուցեն»,- կարծում է Մարուքյանը:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ «Իրավունքի» հետ զրույցում դարձյալ վաղվա ԱԺ արտահերթ նիստը հիշեց, ապա անկեղծանալով ասաց. «Նպատակահարմար չեմ գտնում մասնակցել: Մասնագիտական առաջարկություններ ներկայացրել եմ: Ասենք, գնանք էնտեղ, ի՞նչ ասենք, էդքան բաները բացատրե՞նք»:
Բիբինին անցանկալի անձ հայտարարելու մասին հայտարարությունն էլ պատգամավորը չէր լսել:
«Դե, մենք մեջբերում ենք Ուրիխանյանի հայտարարութունը»,- պնդեցինք հարցադրումը:
«Դա ի՞նչ բան է, «persona non grata»-ն ո՞րն է»,- կարծես թե իր անհամաձայնությունը հայտնելով այս տեսակետին ասաց հանդիպման գնացող եւ շտապող պատգամավորը:
ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ ասաց, որ «persona non grata» հայտարարում են քաղաքական համապատասխան իրավիճակի դեպքում, իսկ սա տնտեսական խնդիր է: «Համաձայն եմ այն գաղափարի հետ, որ Բիբինին քննադատեն, բայց «persona non grata» հայտարարելուն համաձայն չեմ»,- եզրափակեց ՀՀԿ պատգամավորը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
