ՀԱՅԱԶԳԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ ԲԱՔՎՈՒՄ
Արխիվ 12-16ՀԱՅԱԶԳԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ ԲԱՔՎՈՒՄ

Թեեւ Բաքվում ընթացող Եվրոպական առաջին ամառային խաղերում Հայաստանի պատվիրակությունը դեռ մեկ արծաթե մեդալ է նվաճել, բայց այլ դրոշների տակ հանդես եկող հայազգի մարզիկներից շատերը ստիպեցին խոսել իրենց մասին:
Հայազգի մարզիկներից Ռուսաստանի առաջին ոսկե մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի 59 կգ քաշային կարգում հանդես եկած Ստեփան Մարյանյանը: Հայ ըմբիշը եզրափակչում գոտեմարտեց բելառուս Սոսլան Դաուրովի հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով: Կիսաեզրափակչում Ստեփան Մարյանյանը 4:1 հաշվով պարտության էր մատնել ադրբեջանցի Էլմար Մուխտարովին, դրանից առաջ էլ ուժեղ էր Հայաստանի ներկայացուցիչ Ռոման Ամոյանից: Հայազգի ըմբիշը հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով. «Ուրախ եմ, որ այս խաղերում նվաճեցի Ռուսաստանի առաջին ոսկե մեդալը: Հաջողությանս միակ գաղտնիքը համառ աշխատանքն է: Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցում են ինձ: Սա առայժմ իմ ամենախոշոր նվաճումն է»,- Ստեփան Մարյանյանի խոսքը մեջբերում է Rsport-ը:
Բայց փաստն այն է, որ ռուսական դրոշի տակ հանդես գալու հանգամանքն անգամ չխանգարեց ադրբեջանցի երկրպագուներին՝ «հավուր պատշաճի» մոտենալ հայազգի մարզիկի ելույթներին: Մարյանյանի արձագանքը հետեւյալն էր. «Ոչ մի խնդիր դա ինձ համար չհարուցեց, միայն ավելի կենտրոնացրեց: Ես խղճում եմ այդ մարդկանց, որոնք այդպես անշնորհք ձեւով են հյուրերին ընդունում: Սա ընդամենը սպորտ է, պայքար, որը ազգերին ոչ թե պետք է բաժանի, այլ միավորի: Ինչ արած, դա նրանց ընտրությունն է: Ես գործով եմ պատասխանել. կիսաեզրափակիչում խոշոր հաշվով հաղթել եմ ադրբեջանցի մրցակցին»:
Իսկ ահա Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող մեր գյումրեցի հայրենակցուհին՝ մարմնամարզուհի Սեդա Թութխալյանը եւս իր մասնակցությունն անկատ չթողեց՝ սպորտային մարմնամարզության կանանց Ռուսաստանի հավաքականի թիմային մրցելույթներում Վիկտորիա Կոմովայի եւ Ալիյա Մուստաֆինայի հետ դառնալով ոսկե մեդալակիր: Ռուսաստանի եռյակը հավաքել է 116,897 միավոր՝ առաջ անցնելով Գերմանիայի (110,397) եւ Հոլանդիայի (110,099) թիմերից:
Նշենք նաեւ, որ խաղերին մասնակցող Հայաստանի ուժեղագույն մարզիկները դեռ պայքարի մեջ չեն մտել: Այսօր մրցահարթակը կտրամադրվի բռնցքամարտիկներին եւ ազատ ոճի ըմբշամարտի ներկայացուցիչներին: Հայ բռնցքամարտիկներից պայքարի մեջ կմտնեն Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ) եւ Հովհաննես Բաչկովը (64 կգ), իսկ ըմբշամարտի ազատ ոճայիններից՝ Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ) եւ Գիրգոր Գրիգորյանը (74 կգ):
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

