ԹՈՒՐՔ ԳՐՈՂ. «100 ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ԹՈՒՐՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՐԱԿՐՎԵԼ Է ՍՏԵՐՈՎ»
Արխիվ 12-16ԹՈՒՐՔ ԳՐՈՂ. «100 ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ԹՈՒՐՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՐԱԿՐՎԵԼ Է ՍՏԵՐՈՎ»
Թուրքիայում լույս է տեսել թուրք գրող, հրապարակախոս ՔԱԴԻՐ ԱՔԸՆԻԻ «Հայ հեղափոխական Փարամազ. Աբդուլ Համիդից մինչեւ երիտթուրքերի ժամանակներում ընկերավարական հայերն ու Հայոց ցեղասպանությունը» գիրքը: Գրքով հեղինակը թուրք ժողովրդին եւ աշխարհի հանրությանը ցույց է տալիս, որ 1915 թվականին թուրքերը Արեւմտյան Հայաստանում իրականացրել են հայերի Ցեղասպանություն: Այս փաստը վաղուց արդեն ընդունել է Ք. Աքընին: Գիրքը հրատարակվել է երկու անգամ` 1350-ական օրինակով եւ այսօր վաճառվում է Թուրքիայի բոլոր գրախանութներում: Երեկ «Իրավունքի» հետ զրույցում թուրք գրողը անկեղծացավ եւ պարզ ճակատով նայեց իր պապերի կեղտոտ անցյալին, որի վառ ապացույցն էլ հենց հեղինակի հրատարակած գիրքն է.
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹՈՒՐՔ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՄԲՌՆՈՒՄՆԵՐԸ ՍԽԱԼ ԵՆ»
-Գրքի վրա սկսել եմ աշխատել երկու տարի առաջ: Իմ կարծիքով այս գիրքը Թուրքիայում շատ կարեւոր է, քանի որ թուրք մտավորականությունը եւ գիտնականները թյուր կարծիք ունեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ, նրանց ըմբռնումները շատ սխալ են: Ամեն ինչ ճիշտ ընկալելու համար նրանց խանգարում է ազգայնականության քողը: Ազգայնականությամբ խեղված են նրանց ուղեղները, մտածողությունը: Հասարակ ժողովրդին գիտակցության բերելու եւ նրանց տեղեկացնելու խնդիրը դրված է այս մտավորականության վրա: Հաշվի առնելով սա, հասկանում ենք, թե որքան վտանգավոր է իրավիճակը: Գիրքը նպատակ ունի այդ մտավորականության շրջանում տեղեկացվածության մակարդակը բարձրացնել եւ ազգայնականության քողը մի կողմ տանել: Գրքով ցանկացել եմ նաեւ ցույց տալ, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն 1,5 մլն հայերի կոտորած էր, այլեւ Արեւմտյան Հայաստանում հայերի մշակութային ժառանգության ոչնչացում: Ինձ շատ են հարցնում, թե արդյո՞ք իմ հայամետ քաղաքական գործունեությունը չի վտանգում իմ կյանքը Թուրքիայում: Պետք է ասեմ, որ վերջին տարիներին Թուրքիայում դեմոկրատական շարժումները ուժեղանում են: Մինչեւ այժմ գրքի հետ կապված ինձ վրա ճնշումներ չեն եղել: Հնարավոր է, որ ֆաշիստները եւ ազգայնամոլները այն դեռ չեն ընթերցել: Ի դեպ, գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել ե՛ւ Ստամբուլում, ե՛ւ Անկարայում:
«ԺԱՄԱՆԱԿՆ Է` ԱՌԵՐԵՍՎԵԼ ԵՎ ԽՈՍԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՄԱՍԻՆ»
100 տարի շարունակ թուրք հասարակությունը կերակրվել է ստերով, վաղուց արդեն ժամանակն է` առերեսվել եւ խոսել Հայոց ցեղասպանության փաստի մասին: Թուրքիան Ցեղասպանությունը կընդունի միայն այն ժամանակ, երբ հասարակ ժողովուրդը եւ մտավորականությունը հասնի բարձր գիտակցության եւ ներքեւից ճնշում գործադրի պետության վրա: Հայոց ցեղասպանությունը միայն ճանաչելով չի ավարտվում: Թուրքիան այն ճանաչելուց հետո առաջին հերթին հայերից պետք է ներողություն խնդրի, այնուհետեւ կատարի վնասի փոխհատուցում, որը պետք է ձեւակերպվի այսօրվա պայմաններին համապատասխան: Ինչպես նաեւ սփյուռքում ապաստան գտած հայ ընտանիքները, ովքեր 1915 թվականին զրկվել են իրենց ընտանիքներից, վերադառնան իրենց հողերը, եւ լուծվի նրանց քաղաքացիության հարցը: Այս ամենի համար անհրաժեշտ է ստեղծել միջազգային հանձնաժողով, որը կվերականգնի Հայոց ցեղասպանության ճանաչման ու հատուցման գործընթացը:
Իրականությունը ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
