«ՀԱՐԿԱՎՈՐ Է ԼՈՒՐՋ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆ ՀԱՍՏԱՏԵԼ ՌԱԶՄԱԲԱԶԱՅՈՒՄ»
Արխիվ 12-16«ՀԱՐԿԱՎՈՐ Է ԼՈՒՐՋ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆ ՀԱՍՏԱՏԵԼ ՌԱԶՄԱԲԱԶԱՅՈՒՄ»

Օրերս Գյումրու ռուսական ռազմակայանի հետ կապված նոր աղմկոտ փաստ արձանագրվեց: Զորամասի հետնամասում, «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ, նախօրեին հայտնաբերվել էր ռուս զինծառայող Իվան Նովիկովի դանակահարված դին: Ըստ նախնական տվյալների՝ ռազմաբազայի երեք ռուս զինծառայողների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, ու վիճաբանողներից մեկն էլ 19-ամյա Իվան Նովիկովն է եղել: Վիճաբանության մասնակիցներից երկրորդի վիճակը ծանր է. նա գտնվում է հիվանդանոցում, իսկ երրորդ մասնակցին` 19-ամյա Իվան Բոսխոմջիեւին հանձնել են իրավապահներին: Նա խոստովանել է իր մեղքը՝ հանցանքը բացատրելով անձնական հակակրանքով:
Սպանության մասին մեզ պարզաբանումներ տվեց ԱԺ գյումրեցի պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ.
Եթե ռազմաբազայի ներսում տեղի են ունենում նման դաժան դեպքեր, բնական է, որ իրենք ե՛ւ սպայական, ե՛ւ զինվորական անձնակազմի մոտ կարգուկանոն հաստատելու, անձնակազմի հետ բարոյահոգեբանական աշխատանք տանելու խնդիրներ ունեն: Որովհետեւ, ցավոք, մեկ տարում սա արդեն երկրորդ արտառոց դեպքն է, մինչդեռ հենց առաջինից հետո ռազմաբազայի ղեկավարությունը, ինչպես նաեւ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը պետք է ամեն բան անեին՝ նման դեպքերը բացառելու համար:
Մենք եւս անհանգստանում ենք այս դեպքով: Նախորդ ահավոր դեպքից հետո ռազմաբազայի ղեկավարության եւ Պետդումայի պատգամավորների հետ հանդիպումներում հստակ այդ խնդիրը դրել ենք, ասել, որ հարկավոր է լուրջ կարգուկանոն հաստատել ռազմաբազայում: Եվ այս դեպքը մեկ անգամ եւս հայկական կողմին պետք է ստիպի այս խնդիրը բարձրաձայնել, որպեսզի, ի վերջո, նմանատիպ դեպքերը բացառվեն: Ուրիշ բան, երբ զորամասի ներսում խնդիր է առաջանում, բայց այլ բան է, երբ այդ խնդիրը դուրս է գալիս քաղաք, որն էլ կարող է հղի լինել տարբեր հետեւանքներով: Իսկ սա պետք է շատ լավ գիտակցի ռուսական կողմը:
- Իսկ ի՞նչ վարկածներ են այսօր Գյումրիում շրջանառվում` ռուս զինվորի սպանության հետ կապված:
- Սպանությունը տեղի է ունեցել զորամասում, բայց այստեղ մի մտահոգիչ հարց է առաջանում. եթե ամեն բան տեղի է ունեցել զորամասի տարածքում, ապա այդ դեպքում ինչո՞ւ է հանցագործը դուրս եկել զորամասից: Կարծում եմ, որ դա հատուկ է արված` ինչ-որ ուժերի կողմից, եւ սա առաջին հերթին պետք է հետաքրքրի ռուսական կողմին, նրանք պետք է շատ լուրջ վերաբերվեն այս հարցերին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
