Զարմացած
Արխիվ 12-16
Զարմանալի, նույնիսկ մազալու անձնավորություն է ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին զինդատախազ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ: Ոչ, այս անգամ չենք հիշատակելու նրա` 1995-ին կազմակերպած ահավոր ընտրակեղծիքները, ոչ էլ զինդատախազ եղած ժամանակվա հանցավոր դրվագները, այլ ընդամենը կանդրադառնանք զուտ պատգամավորական գործունեությանը: Զարմանալի է, բայց փաստ` այս ամռան շոգին Ջհանգիրյանի սիրտը արտահերթ նոր նստաշրջան է ուզում: Նա առաջարկում է ընթացիկ նստաշրջանում օրենքներն ընդունել առաջին ընթերցմամբ, իսկ 2-րդ եւ 3-րդ ընթերցումների համար մինչեւ արձակուրդները նոր արտահերթ հրավիրել, եւ ավելին. «Կարծում եմ, որ ճիշտ կլիներ, որ [արտահերթ նիստերում] առնվազն փոքր օրակարգում ընդգրկված օրինագծերը ներառվեին, ինչը ենթադրում է, որ դրանք հանձնաժողովներում գոնե քննարկված կլինեին»:
Այն, որ ամռան շոգին կարող են բավականին բուռն քաղաքական կրքեր եռալ, հաստատեց եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ` անդրադառնալով ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությանը` սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ. «Համազեկուցողների առաջ քաշած բոլոր կետերի հետ էլ համաձայն ենք: Այս հայտարարությունից հետո սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովն ավելի մեծ ուշադրություն կդարձնի այդ կետերի վերաբերյալ: Արդեն հուլիսին բուռն քննարկումներ են սպասվում քաղաքական ուժերի միջեւ` սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ»: Դե ինչ, զարմանալի է, բայց փաստ` շոգ ու կրակ հուլիս ամսին քաղաքականությամբ զբաղվողները ոչ թե ծովափ կամ հով տեղեր են մեկնելու, այլ Սահմանադրություն են քննարկելու: Ինչեւէ, հուսանք, որ այդ քննարկումների «գրադուսը» չափազանց բարձր չի լինի, թե չէ հանրությունը սովոր չէ ամառային ակտիվ քաղաքական գործընթացների:
Անշուշտ, Հայաստանն ահավոր բռնապետություն է, քանզի կայացրեց զարմանալի, սոսկալի բռնապետական որոշում` բավարարել ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ դիմումը` անվտանգության նկատառումներով իրեն առանձին խուց տեղափոխելու վերաբերալ: Թե ինչ վտանգներ են երեւացել Շանթի աչքին` չգիտենք, սակայն առավել զարմանալի է այն, ինչն իրականացրեց նրա որդին Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի ժամանակ: Ապշեցուցիչ արագավազություն դրսեւորելով` նա «Ազատություն Շանթ Հարությունյանին եւ բոլոր քաղբանտարկյալներին» անգլալեզու պաստառով կարողացավ խուսափել ոստիկաններից եւ այդ պաստառը պարզել մարզադաշտի ուղիղ կենտրոնում: Դե ինչ, զարմանալով հանդերձ, մնում է արձանագրել, որ պատանի Շահենը շատ լավ մարզական տվյալներ ունի: Ու թերեւս նա շատ ավելի մեծ հաջողություններ արձանագրի, եթե ընտրի սպորտը, այլ ոչ թե քաղաքականությունը:
Իսկ այն, ինչ տեղի է ունեցել Լոնդոնի կենդանաբանական այգում, այնքան զարմանալի է, որ ակամա սկսում ես մտածել` Չարլզ Դարվինն իրավացի էր, երբ պնդում էր, որ մարդը կապիկից է առաջացել: Այդտեղ ԿԱՊԻԿԸ հաջողացրեց բջջային հեռախոսով սելֆի (ինքնալուսանկար) անել: Ըստ Դարվինի` կապիկը զարգանալով` մարդ դարձավ: Բայց հիմա էլ որոշ երիտասարդներ եւ ոչ միայն երիտասարդներ սելֆի անելու մոլուցք ունեն: Հոգեբան մասնագետներից ոմանք պնդում են, որ դա վկայում է հոգեբանական լուրջ խնդիրների եւ բարդույթների առկայության մասին, բայց մենք այդ երեւույթի մեկ այլ զարմանալի կողմը կդիտարկենք: Միգուցե էվոլյուցիային, որի արդյունքում կապիկը մարդ դարձավ, այժմ փոխարինելու է եկել հակաէվոլյուցիայի փուլը, երբ արդեն մարդը պետք է կապիկ դառնա: Չնայած սելֆի անողները լրիվ անշառ են, երբ վերհիշում եք որոշ քաղաքական գործիչների հրապարակային մեյմունությունները:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
