ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆՆ ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ՎԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ՞ ՈՒԶՈՒՄ ԱՆԵԼ
Արխիվ 12-16ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆՆ ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ՎԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ՞ ՈՒԶՈՒՄ ԱՆԵԼ


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր` հունիսի 17-ին, քննարկելու է ՀԷՑ-ի` հոսանքի թանկացման հայտը: Խորհրդարանի միջանցքներում պտտվող լուրերի համաձայն` իշխանությունը շահագրգռված է իր վրայից «մաքրել» հոսանքի թանկացման հարցում իրեն վերագրվող մեղադրանքները: Մասնավորապես, պատժել Բիբինին եւ ստիպել նրան, որ որոշակի ժամանակահատվածում լուծի ՀԷՑ-ում առաջացած խնդիրները, եւ ամենակարեւորը` նվազեցնի կորուստները: Չի բացառվում` նիստում ՀԾԿՀ-ն գուցե մեծ չափով տուգանի ՀԷՑ-ին, դիմի «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ին եւ ստիպի Բիբինին որոշակի ժամանակահատվածում լուծել ցանցում առաջացած խնդիրները: Եթե դա չարվի, ՀԷՑ-ի համար շատ լուրջ հետեւանքներ կլինեն:
Բայց արդյո՞ք մեր էներգետիկ չինովնիկությունն այդ քայլին կգնա: Դա կնշանակի այս վիճակի միակ պատասխանատու սարքել Բիբինին, որն այդ դեպքում կարող է եւ շատ բաներ պատմել:
Սակայն հակառակ դեպքում, եթե սակագինը հաստատվի, կրկին ըստ այդ պտտվող լուրերի, մեծ աղմուկի դեպքում չի բացառվում, որ արդեն իրավապահները խորքային քննություն սկսեն համակարգում: Սա բազում այլ նյուանսներից զատ, լուրջ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել մասնավորապես ԱԺ դահլիճում թանկացումների դեմ խոսող որոշ փոքր հէկերի տերերի: Իսկ դա արդեն վտանգավոր է նրանով, որ կարող են հարցեր ծագել, թե ինչո՞ւ է Ռուբերտ Նազարյանի գլխավորած հանձնաժողովը այդ հեկերի համար եւս մեծ-մեծ սակագներ սահմանել:
«Իրավունքին» հասած եւ խորհրդարանում շրջանառվող մյուս լուրերը վերաբերում են Բիբինի` ԱԺ չգալուն: Բանն այն է, որ Բիբինի` խորհրդարան չգալու համար շահագրգռված էին որոշ հայ չինովնիկներ, որոնք եւս, ինչպես հայտարարվեց լսումների ժամանակ, էներգետիկ այս մեծ թալանում ունեն պատասխանատվության իրենց բաժինը: Վերջիններս, ըստ լուրերի, համոզել են Բիբինին, որ ԱԺ չգնա, քանի որ չէր բացառվում` ՀԷՑ-ի տնօրենը չդիմանար եւ որոշ անուններ հնչեցներ ԱԺ-ում` իրեն հիմնական քավության նոխազ սարքելու ժամանակ՝ հարվածի տակից ոմանց դուրս բերելու համար:
ՀԷՑ-ի կոռուպցիոն ռիսկերի մասին խոսելիս` տիրող իրավիճակի առաջին պատասխանատու հնչում էր Երվանդ Զախարյանի անունը, ով, սակայն, կրկին ըստ լուրերի, չի ցանկանում առաջացած իրավիճակը մանրամասն ուսումնասիրել, քանի որ ստիպված պետք է լինի հնչեցնել էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանի անունը: Մինչդեռ, զուտ մարդկային առումով, Մովսիսյանին չեն ցանկանում վատ դրության մեջ դնել, քանզի նրա գույքը, ըստ մամուլի որոշ հրապարակումների, գրավի տակ է` «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերի պարտքը փակելու համար:
Եվս մեկ ուշագրավ փաստ. խորհրդարանի միջանցքներում պտտվող լուրերը կարծես թե հաստատում են «Իրավունքի»` օրեր առաջ հրապարակած «Չի բացառվում` ՀԷՑ-ի «պապա» «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ը գլխավորող ընկերություններում ադրբեջանական ընկերություննե՞ր լինեն» վերտառությամբ հոդվածը, որում գրված էր` ՀԷՑ ՓԲԸ-ն «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի դուստր ընկերությունն է, որը գլխավորում է ավելի քան 14 երկրներում գտնվող 20 ընկերություններից բաղկացած խմբի կողմից: Թե ովքեր են այդ ընկերություններն ու երկրները, ՀԷՑ-ը չէր պատասխանել, բայց կարեւոր մի տեղեկություն, այնուամենայնիվ, տրամադրել էր` «Ինտեր ՌԱՕ» ընկերությունն իր գործունեությունը ծավալում է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Հայաստանը, Ֆինլանդիան, Բելառուսը, Լիտվան, Ուկրաինան, Ռուսաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Հարավային Օսեթիան, Ղազախստանը, Չինաստանը, Մոնղոլիան, Թուրքիան»:
Ասել է թե` չի բացառվում` Հայաստանի էներգահամակարգում տեղ գտած այս ողջ իրավիճակի հարցում գուցե «թուրք-ազերիական» գործոնը կարեւոր դեր խաղացած լինի: Նաեւ հաշվի առնելով, որ Բիբինին նախորդած Գլադունչիկի ղեկավարման ողջ գործընթացից անհնար է, որ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի վերնախավը տեղյակ չլիներ: Այսինքն, երբ խոսվում է, թե հարյուր միլիոններով անիմաստ վարկեր են վերցրել ու կերել, ապա դա հենց «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի վերնախավային գայլերի գրպանից տարված փող կլիներ: Իսկ այդ անձինք հաստատ իրենց փողը գողացողներին վաղուց ոչնչացրած կլինեին: Այսինքն, եթե իրոք այդ անիմաստ վարկերը եղել են, ապա դա հնարավոր էր մեկ դեպքում, եթե բազում այլ կապեր ու պարտավորություններ ունեցող «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի շեֆերը ցանկանում էին այդ միջոցով թուլացնել հայաստանյան էներգետիկան: Իսկ եթե այստեղ «թուրք-ազերիական» գործոնը չի աշխատել, ապա չմոռանանք, որ Չուբայսը նաեւ ռոկֆելլերյան տխրահռչակ «Բիլդերբերգյան ակումբի» անդամ է...
Հուսանք` այս եւ այլ հարցերի պատասխաններն առաջիկայում կստանանք պատկան մարմիններից եւ հետեւողական քայլերի շնորհիվ հնարավոր կլինի ՀԷՑ-ը դուրս բերել անմխիթար այս վիճակից:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
