«ԱՆՀԱՄԵՄԱՏԵԼԻ Է 1988-Ի ԵՐԿՐԱՇԱՐԺՆ ՈՒ ԹԻՖԼԻՍԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ»
Արխիվ 12-16«ԱՆՀԱՄԵՄԱՏԵԼԻ Է 1988-Ի ԵՐԿՐԱՇԱՐԺՆ ՈՒ ԹԻՖԼԻՍԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ»
«Հիրավի ողբերգություն տեղի ունեցավ Թիֆլիսում, որը 10-յակ մարդկանց կյանք խլեց: Հորդառատ անձրեւը մի քանի րոպեի ընթացքում ամբողջ թաղամաս հեղեղեց ու արդյունքում քշեց տարավ գազանանոցը: Ցավալի է, որ մարդիկ զոհվեցին, անհետ կորան, եւ նաեւ ցավում եմ, որ հայեր կային այդ զոհերի մեջ` 4 կանայք` Եղիազարովաները: Խորին ցավակցություն եմ հայտնում Վրաստանի ժողովրդին, վրաց կառավարությանը` այս դժբախտ իրադարձության կապակցությամբ: Եվ վստահ եմ, որ դարերի դժվարությունների միջով անցած վրաց ժողովուրդը կկարողանա պատվով դիմակայել այս դժվարությանը»,- «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով հունիսի 13-ի գիշերը Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած աղետին` նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «ՋԱՎԱԽՔ» հայրենակցական միության նախագահ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԸ, ապա պատասխանեց մեր հարցերին:
– Պարոն Թորոսյան, այնուամենայնիվ, տեղի ունեցածի պատճառն արդյո՞ք միայն բնական աղետն էր, թե գետի հունը փակելու անփութության արդյունք, ինչը շրջանառվում է մամուլում ու մեղադրանքներն ուղղվում դեպի Վրաստանի նախկին նախագահը:
– Կարծում եմ` մասնագիտական քննությունը վերջնական կբացահայտի, բայց օրվա մամուլի տեղեկություններից ելնելով` նշվում է, որ ժամանակին վերանորոգումների արդյունքում ջրահեռացման համակարգի հնարավորությունները փոքրացվել են` համարելով, որ այդ ծավալի հեղեղներ, հորդառառ անձրեւներ դժվար թե տեղի ունենան:
– Դեռեւս Վրաստանից լուրեր են հասնում, որ Թիֆլիսում դեռ գազաններ են շրջում: Դուք որեւէ տեղեկություն ունե՞ք այս մասին:
– Հեռախոսազանգերից եւ նաեւ մամուլի փոխանցմամբ գիտեմ, որ մեծ մասամբ վնասազերծել են գազաններին: Իսկապես ցավալի է, որ Թիֆլիսի կենդանաբանական այգին ամբողջովին կործանվեց: Այդ գազանները կարող էին վտանգ հանդիսանալ հանրության համար, եւ համապատասխան գերատեսչությունները արագորեն մեծ մասին վնասազերծեցին` քնեցման ճանապարհով:
– Ի դեպ, սոցցանցերում հիմնականում հենց մեր հայրենակիցների կողմից շրջանառվում է տեսակետ, թե 1988-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ առաջիններից էր Վրաստանը, ով օգնության հասավ հայերիս, մինչդեռ մենք մի քիչ պասսիվ գտնվեցինք` Թիֆլիսին սատարելու հարցում:
– Անհամեմատելի է 1988-ի երկրաշարժն ու Թիֆլիսի ողբերգությունը: Աստված ոչ անի, որ Թիֆլիսը կամ Վրաստանի որեւէ բնակավայր այդ ծավալի տարերային աղետի ենթարկվի: 10-յակ զոհերին եւ 10-յակ հազարավոր զոհերին չենք կարող մեկ հարթության վրա դնել: Եվ կարծում եմ` պասսիվության խնդիր չկա, որովհետեւ ՀՀ նախագահն անմիջապես արձագանքել է եւ իր ցավակցությունն ու վշտակցությունն է հայտնել Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլիին: Կառավարությունը, Ազգային ժողովը համապատասխան վերաբերմունք ցուցաբերել են: Մասնավորապես` խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է Թիֆլիսի զոհերի հիշատակը, եւ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել` անհրաժեշտության դեպքում արագ աջակցություն ցուցաբերել: Այնպես որ, թող լինելուց էլ փոքր աղետ լինի, եւ մեր օգնության կարիքն էլ չլինի: Թող մարդիկ չտառապեն, չզոհվեն, խնդիրներ չունենան, այլ ապրեն խաղաղ եւ բնականոն կյանքով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

